ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել երեք թեկնածու: ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց, որ երրորդ թեկնածուն նույնպես չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Մինչ այս նա հրաժարվել էր ներկայացնել նաև մյուս երկու թեկնածուների անունները` կրկին բերելով նույն պատճառաբանությունը: Հայատերի ընդունումը կշարունակվի մինչև 2014 թվականի սեպտեմբերի 24-ը, ժամը 18:00-ն:
Ի դեպ, թեկնածուների անունների հրապարակայնացման հարցը որոշվում է ոչ թե արդարադատության նախարարությունում, այլ նախագահի հրամանագրով հաստատված կարգով: Ըստ այդմ` ՀՀ Նախագահի 2014թ. օգոստոսի 02-ի ՆՀ- 199 -Ն հրամանագրի հավելվածով հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգը, որով սահմանվում են թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության կազմակերպման, թեկնածուների ընտրության մրցույթի անցկացման և թեկնածուների առաջադրման ընթացակարգերը:
Վերոնշյալ հավելվածում հստակ գրված է, որ հանձնաժողովը «կազմակերպում և անցկացնում է թեկնածուների ընտրության մրցույթը», բացի այդ հրամանագրում շեշտվում է` «Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է թեկնածուների ընտրության պայմանների հավասարության, ընթացակարգի թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա»: Այնպես որ թեկնածուների ցանկությունը հիմք չէ` խախտելու ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված կարգը: