Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել «Խոտի դեզի» գործով Քեմբրիջի շրջանավարտ Ա-ի, Ռ-ի և Գ-ի վճռաբեկ բողոքները և դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Վճռաբեկ դատարանից ամբաստանյալ Ա-ն և նրա պաշտպան Վահե Գաբրիելյանը խնդրել էին բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մարտի 20-ի որոշումը և Ա-ին արդարացնել։
Բողոքի հեղինակները նշել են, որ իրենց վճռաբեկ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, բողոքարկվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված մի շարք որոշումներին։
Վերլուծելով ամբաստանյալ Ա-ի և նրա պաշտպան Վահե Գաբրիելյանի բողոքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքի հեղինակների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ բողոքի հեղինակների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքարկվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված մի շարք որոշումներին։
Ամբաստանյալ Ռ-ի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն իր վճռաբեկ բողոքում խնդրել էր բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և Ռ-ին անմեղ հռչակել։
Պաշտպան Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ իր վճռաբեկ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, բողոքարկվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված թիվ ԱՎԴ/0014/01/11 որոշմանը, և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։
Վերլուծելով պաշտպան Էդուարդ Աղաջանյանի բողոքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքարկվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված թիվ ԱՎԴ/0014/01/11 որոշմանը։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առկա է գործի ելքի վրա ազդած դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։
Ամբաստանյալ Գագիկ Առաքելյանն իր վճռաբեկ բողոքում խնդրել էր բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մարտի 20-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Բողոքաբերը նշել է, որ իր վճռաբեկ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ բողոքարկվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված թիվ ԱՎԴ/0014/01/11, ԵԷԴ/0168/01/10 որոշումներին։
Վերլուծելով ամբաստանյալ Գագիկ Առաքելյանի բողոքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքարկվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված թիվ ԱՎԴ/0014/01/11, ԵԷԴ/0168/01/10 որոշումներին։
Երիտասարդներից երեքը` Ա-ն, Գ-ն և Ռ-ն մեղադրվում էին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության համար, իսկ Ք-ն` միայն խուլիգանության: Երիտասարդները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները և արդարացման որոշում են պահանջում:
Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իավասության դատարանն Ա-ին և Ռ-ին դատապարտել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Ք-ին և Գ-ին 1 տարի 1 ամսի ժամկետով, ապա կիրառել էր ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը և նրանց ազատել պատժի կրումից:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր նրանց վերաքննիչ բողոքները, սակայն բեկանել և փոփոխել էր պատժի մասը, որի արդյունքում երիտասարդներին Քրեական օրենսգրքի խուլիգանություն հոդվածի 1-ին մասով նշանակված ազատազրկման ձևով պատիժը փոխարինվել էր տուգանքով` 50.000 դրամի չափով և վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում Ա-ի և Ռ-ի նկատմամբ 2 տարի 4 ամիս ժամկետով և տուգանք 50.000 դրամ, իսկ Ք-ի և Գ-ի նկատմամբ` 1 տարի և տուգանք 50.000 դրամ, ապա համաներման կիրառմամբ նրանց ազատել էր որոշմամբ նշանակված պատժից:
Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018