Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

2012 թվականին նկատողություն ստացած դատավորը կորոշի Քեմբրիջի շրջանավարտի և նրա ընկերների գործով կալանքը գրավով փոխարինելու հարցը

Քեմբրիջի շրջանավարտի և նրա 3 ընկերների գործով դատավոր Վահե Խալաթյանին 2012 թվականին Արդարադատության խորհուրդը նկատողություն է հայտարարել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Արդարադատության խորհրդի որոշումից:

Մասնավորապես` Կարգապահական հանձնաժողովը նշել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.10.2010թ. դատավճռով Գրիշա Արտակի Աբգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է 600.000 ՀՀ դրամ տուգանքի:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.12.2010թ. որոշմամբ տուգանքի ձևով նշանակված պատիժը փոխարինվել է հանրային աշխատանքներով:

Դրանից հետո Գրիշա Աբգարյանը նոր հանցանք է կատարել, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, և 08.04.2011թ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշված քրեական գործով դատաքննության ընթացքում ամբաստանյալ Գրիշա Աբգարյանի և նրա պաշտպան Արսեն Սարգսյանի կողմից ինչպես քննվող գործով, այնպես էլ վերը նշված օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտով նշանակված պատժի մասով համաներում կիրառելու միջնորդություն է ներկայացվել:

Համաներման կիրառման համար որևէ սահմանափակում չարձանագրելով` 20.06.2011թ. որոշմամբ Դատարանը Գրիշա Աբգարյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 2-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառմամբ կարճել է թիվ ԱՐԴ/0073/01/11 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով գործի մասը և դադարեցրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Նույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ/փաստացի կիրառվել է 3-րդ ենթակետը/ Դատարանը նրան ազատել է նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.10.2010թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանքի ձևով նշանակված և ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.12.2010թ. որոշմամբ հանրային աշխատանքներով փոփարինված պատժից: Դատարանի 20.06.2011թ. որոշման դեմ 30.12.2011թ. վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրողը:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Որոշման հիմնավորումները և եզրահանգումները ընդունում եմ ամբողջովին: Սակայն, միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ թույլ տրված սխալը հետևանք է որոշման կայացման ժամանակահատվածում առկա ծանրաբեռնվածության և իմ կողմից անուշադիր լինելու: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ մինչ իմ կողմից Գ. Աբգարյանի վերաբերյալ որոշում կայացնելը, խնդրո առարկայի վերաբերյալ, չանտեսելով համապատասխան մարմնի` ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի ստորաբաժանման ղեկավարի կարծիքը, հանգել եմ ոչ ճիշտ հետևության: Գիտակցում եմ իմ կողմից թույլ տրված սխալը և խնդրում եմ ներողամիտ լինել»:

Արդարադատության խորհուրդը, քննելով գործը, արձանագրել է, որ Դատարանը (Վահե Խալաթյանը- խմբ.), օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձին ազատել է պատժից` չունենալով նման լիազորություն:

Դատավոր Վահե Խալաթյանն այսօր` սեպտեմբերի 11-ին, գնացել է խորհրդակցական սենյակ ամբաստանյալներ Ա-նի, Գ-ի և Ռ-ի խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու հարցը քննարկելու: Այն կհրապարակվի վաղը` սեպտեմբերի 12-ին, ժամը 9:30-ին:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի դատախազությունն Ա-ին, Ռ-ին և Գ-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ն մասով` (խուլիգանություն), և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել), իսկ Ք-ին` 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։ Ա-ն, Ռոբերտ Փիլոյանը և Գ-ն կալանավորված են,  Ք-ն գրավով ազատ է արձակվել:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել