«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու, Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Ա-ի փաստաբան Վահե Գաբրիելյանը հայտարարություն է տարածել իր պաշտպանյալի՝ կալանավայրում հայտարարած հացադուլի վերաբերյալ:
«Քեմբրիջի համալսարանի մագիստրոս Ա-ն ս.թ. սեպտեմբերի 2-ից անժամկետ հացադուլ է սկսել: Դրանով նա իր բողոքն է արտահայտում Արմավիրի մարզի դատախազության և ոստիկանության քննչական բաժնի կամայականությունների դեմ:
Խնդիրը հետևյալն է. Արմավիրի մարզի քննչական բաժինը 17.04.2013թ. ձերբակալել, ապա կալանավորել է Ա-ին ու նրա 3 ընկերներին՝ ցանկանալով նրանց վերագրել Նորապատ գյուղում 1 տարի առաջ անհայտ անձանց կողմից վառված դեզի չբացահայտված գործը: Նախաքննությամբ դա չի ստացվել (ի դեպ, իրական դեզ վառողները մինչ այսօր էլ չեն գտնվել և ազատության մեջ են): Տղաներին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելն արդարացնելու նպատակով կազմվել է մի այլ սցենար: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբրև գյուղից դուրս` ամայի վայրում, այրել են գետնին թափված ոչ պիտանի հարդը (ոչ թե դեզը), որի հետևանքով տեղ-տեղ խանձվել է շան մազը և ծխահարվել մոտ 30 կապ խոտ` 36.000 (երեսունվեց հազար) դրամ արժողությամբ:
Բայց իրականում գյուղացին ու նրա ընտանիքի անդամները ամիսներ շարունակ բազմաթիվ հարցաքննություններում պնդել են, որ իրենց նյութական վնաս չի պատճառվել, և իրենք բողոք չունեն: Բայց քրեական գործի հարուցումից 3 ամիս անց նրանց գրել են տվել, որ ծխահարվել է մոտ 30 կապ խոտ, որի վերաբերյալ գործում հասկանալի պատճառով որևէ ապացույց չկա:
Այս կեղծիքներով Արմավիրի մարզի դատախազությունը և քննչական բաժինը ձգտում են հիմնավորել իրենց մեղադրանքը և կալանքի անտրամաբանական որոշումը: Բանն այն է, որ նախաքննության սկզբում` 18 օր շարունակ, Ա-ն ու իր ընկերները` բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, գտնվել են ազատության մեջ և որևէ ձևով չեն խոչընդոտել քննչական աշխատանքներին, սակայն դրանից հետո, առանց որևէ պատճառաբանության, ինչ-ինչ խնդիրներից ելնելով, նրանց նկատմամբ կիրառվել է կալանք:
Այդ որոշումն անօրինական է, քանի որ քննչական մարմինը չուներ և չի արձանագրել որևէ փաստ, տղաների վարքագծի որևէ սխալ դրսևորում, որը պատճառ դառնար 18 օր անց նման որոշում կայացնելուն:
Հակառակը. Ա-ն պատրաստ էր անելու ամեն ինչ, որպեսզի պահպանի տարիների ընթացքում ստեղծած բարի համբավը:
Դեռ մանկության տարիներից նա աչքի է ընկել բազմակողմանի ընդունակություններով. 6 տարեկանում իր գեղանկարներով մասնակցել է Փարիզում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին, պատանեկան տարիքում ֆիլատելիստական հավաքածուով բազմաթիվ մեդալներ է շահել միջազգային և համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսներում, բարձր դասարաններում ստացել է տարբեր դիպլոմներ ֆիզիկայից և ինֆորմատիկայից:
Ա-ն «Քվանտ» վարժարանից հետո հարցազրույցով ընդունվել է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը և գերազանցությամբ ավարտել այն:
2010 թվականին «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ ընդունվել է Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրան, դարձել մեկն այն եզակի հայ ուսանողներից, որոնք արժանացել են համալսարանի կրթաթոշակին:
Քեմբրիջի համալսարանը հաջողությամբ ավարտելուց հետո աշխատանքի է անցել Հայաստանում գործող առաջատար ընկերություններից մեկում որպես փոխտնօրեն:
Ա-ն իր անժամկետ հացադուլով ուզում է հասնել արդարության, որպեսզի վերջ դրվեն Արմավիրի մարզի դատախազության կամայականություններին, դատավարության ընթացքում փոխվի իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը և իր վրայից հանվեն կեղծ մեղադրանքները», -ասված է փաստաբանի հայտարարության մեջ:
Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018