Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Ա-ն ու իր երեք ընկերները`Ռուսաստանում իրավաբանի մասնագիտություն ստացած, սպորտի չեմպիոն Ռ-ն, Բժշկական ուսումնարանի շրջանավարտ Ք-ն, Երևան քաղաքի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ, բռնցկամարտիկ Գ-նը հայտնվել են ամբաստանյալի աթոռին ուրիշին պատկանող խոտի դեզ այրելու փորձի համար:
Արմավիրի մարզի դատախազությունն Ա-ին, Ռ-ին և Գ-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ն մասով` (խուլիգանություն), և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել), իսկ Արթուր Քլյանին` 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։ Ա-ն, Ռ-ն և Գ-ն կալանավորված են:
Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում նշանակվել էր այդ գործով առաջին դատական նիստը: Տուժող կողմը` ազգությամբ եզդի, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանը, դատական նիստին չէր ներկայացել: Չէին ներկայացել նաև գործով վկաները: Նիստերի քարտուղարը հայտնեց, որ նրանք պատշաճ իրազեկված են եղել դատական նիստի մասին: Դատավարական կողմերը տուժողի բացակայությամբ այս փուլում դատական նիստը շարունակելու հարցում որևէ խոչընդոտ չնշեցին:
Դատավոր Վահե Խալաթյանը ճշտեց Ա-ի, Ռ-ի, Գ-նի և Ք-ի անձնական տվյալները: Պարզվեց` վերջինիս չի տրամադրվել իրեն առաջադրված մեղադրանքի պատճենը: Այդ հիմքով դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել:
Նշենք, որ Արթուր Քլյանը, հոգեկան խնդիրների ի հայտ գալու պատճառով, գրավով ազատ է արձակվել: Նրա պաշտպան Արմեն Սողոմոնյանը մի քանի լրագրողների հետ զրուցում հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այն ակնհայտ անհիմն է և իրենք գնալու են դեպի արդարացում: Գործով անցնող մյուս ամբաստանյալների գործողություններում նա ևս հանցակազմ չի տեսնում, իսկ եթե անգամ ինչ-որ բան արել են, ապա իր պաշտպանյալը կարող էր դատարանում հանդես գալ միայն վկայի կարգավիճակով:
Ըստ փաստաբանի` Արմավիրի ոստիկանությունում դեռևս մեկ տարի առաջ ունեցել է չբացահայտված գործեր, որոնցով քրեական գործեր են հարուցվել այս գործով տուժողի և նրա եղբոր հայտարարության հիման վրա, որ իրենց խոտի դեզ վառել և ոչնչացրել են: Ոստիկանությունը մտածել է՝ հավանաբար երիտասարդներին ձերբակալելով, ծանր իրավիճակի մեջ դնելով, կարող է այն գործերը բացահայտել, կապել այդ երիտասարդների հետ, սակայն հետագայում պարզվել է, որ նրանք այդ դեպքի հետ կապ չեն ունեցել:
«Նախաքննական մարմինը, ելնելով իրենց ամբիցիաներից, եթե կա ինչ-որ արարք, ապա որակում են միանգամից ամենածանրը, ամենաբարդը և հետո հենց իրենք են կրակն ընկնում, թե դրա տակից ոնց դուրս գան: Եվ անհիմն դատապարտում են տարբեր մարդկանց: Նույնիսկ ներկայումս, որ Ա-ն ընդունում է, որ ինքը խոտի ինչ-որ մնացորդ է վառել, բայց այդ խոտի մնացորդը չունի որևիցե արժեք, որ դրա համար անձին խուլիգանության կամ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար դատապարտեն»,- ասաց Արթուր Քլյանի պաշտպան Արմեն Սողոմոնյանը:
Ամբաստանյալ Ռ-ի մայրը` Մ-ն, Իրավաբան.net-ին հայտնեց, որ իր որդին ևս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ որևէ հանցանք չի գործել:
«Մեզ հենց սկզբից քննիչն ու դատախազը պնդում էին, թե Ձեր մեղքն ընդունեք, որ մենք Ձեզ հետ մեղմ վարվենք, բայց եթե մարդը մեղք չի գործել, ի՞նչն ընդունի: Քննիչն իմ տղային ծեծել է, ասել է` ձեռքիս տակ 4 գործ կա, բա ո՞ւմ վրա պետք է բարդեմ»,- ասաց Մ-ն:
Նա հայտնեց, որ երիտասարդների ձերբակալման ժամանակ ինքը նրանց հետ է եղել և տեսել, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները հարձակվել Արթուր Քլյանի վրա ու ասել՝ գրի, գրի, որ մեղավոր ես, ինքն էլ չի ցանկացել գրել: Դրանից հետո հոգեկան խնդիրներ է առաջացել Ք-ի մոտ: Ա-ին ևս ստիպել են բացատրություն տալ, իսկ Ռ-նը, լինելով իրավաբան, ոչինչ չի հայտնել, քանի դեռ իր փաստաբանը չի ժամանել:
«Հունվարի 6-ին, այս տղաները` Քեմբրիջ ավարտած, բուհեր ավարտած, ձյուն- ձմեռ, պետք է գնային դեզ վառեի՞ն: Այստեղ աբսուրդ ինչ-որ բան կա»,- ասաց դատական նիստին ներկա Երևան քաղաքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
Թեմայի վերաբերյալ առաջարկում ենք կարդալ նաև` «Լույս» հիմնադրամը դատապարտում է Քեմբրիջ ուսանած երիտասարդի ենթադրաբա՛ր կատարած գործողությունները
Նունե Հովսեփյան
Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները:
7.06.2018