«Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած և մագիստրոսի աստիճան ստացած, ամբաստանյալ Ա-ի պաշտպանը` փաստաբան Վահե Գաբրիելյանը, նամակ է ուղարկել «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանին: Այս մասին Իրավաբան.net–ին հայտնեց Վահե Գաբրիելյանը:
Նամակում նա անդրադարձել է Ա-ին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ «Լույս» հիմնադրամի տարածած հայտարարությանը: Հայտարարության մեջ ասվում էր նաև. «Լույս» հիմնադրամը խստորեն դատապարտում է այն գործողությունները, որոնք ենթադրաբար կատարվել են Ա-ի կողմից»:
«Գտնում եմ, որ հայտարարության մեջ առկա է դատողություն, որը վերաբերվում է Ա-ի կողմից որոշակի արարք կատարած լինելուն: Ա-ի մեղքը ապացուցված չէ, ուստի վերջինս օրենքի ուժով համարվում է անմեղ, հետևաբար` ցանկացած հրապարակային դատողություն, (թեկուզ ենթադրության ձևով) որը վերաբերվում է անձի կողմից հանցավոր արարք կատարելուն` կարող է հանդիսանալ անձի անմեղության կանխավարկածի խախտում և հանգեցնել որոշակի կարծիքի ձևավորման»,- նամակում նշել է Ա-ի պաշտպանը:
Նա խնդրել է ձեռնապահ մնալ նմանատիպ հայտարարություններից, քանի դեռ ՀՀ դատական ատյանների կողմից վերջնական ակտ չի կայացվել և տարածած հայտարարության վերոհիշյալ նախադասության մեջ կատարել ուղղում` անմեղության կանխավարկածը չխախտելու համար:
Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած և մագիստրոսի աստիճան ստացած Ա-նն ու իր երեք ընկերները`Ռուսաստանում իրավաբանի մասնագիտություն ստացած, սպորտի չեմպիոն Ռ-նը, Բժշկական ուսումնարանի շրջանավարտ Ք-ն, Երևան քաղաքի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ, բռնցկամարտիկ Գ-ն հայտնվել են ամբաստանյալի աթոռին:
Արմավիրի մարզի դատախազությունն Ա-ին, Ռ-նին և Գ-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ն մասով` (խուլիգանություն), և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել), իսկ Ք-ն` 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։ Ա-ն, Ռ-ն և Գ-ն կալանավորված են, Ք-ն գրավով ազատ է արձակվել:
«Լույս» հիմնադրամի տարածած հայտարարությունից հետո, Իրավաբան.net-ն անդրադարձել էր այդ թեմային` նշելով, որ «Լույս» հիմնադրամը դատապարտում է Քեմբրիջ ուսանած երիտասարդի ենթադրաբա՛ր կատարած գործողությունները»:
Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները:
7.06.2018