Հունիսի 25-ին տեղի ունեցավ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և դրա իրականացման 2022-2026 թթ․ միջոցառումների ծրագրի 2022-2024 թթ․ ենթակա գործողությունների կատարման հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը խոսելով մշտադիտարկման արդյունքների մասին, ուշադրություն հրավիրեց չորս խումբ խնդիրների վրա։ Դրանք վերաբերում են ինչպես արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություններին, կարգապահական որոշումները բողոքարկելու հնարավորության բացակայությանը, այնպես էլ խիստ պատասխանատվության միջոցների կիրառմանը։ Բացի այդ, Կարեն Զադոյանը անդրադարձավ փաստաբանների կողմից հանրությանը տրամադրվող pro bono ծառայությունները հարկման դաշտ բերելու կառավարության որոշմանը, գործերի ավտոմատ մակագրման համակարգին և որպես խափանման միջոց կալանքի հաճախակի կիրառման խնդրին։
ԻՀԱ նախագահի խոսքով՝ խնդրահարույց է նաև հանրային պաշտպանների փոքր թիվը։
«Մտահոգիչ է, որ դեպքեր են լինում, երբ բողոքը մակագրվում է կոնկրետ դատավորի, սակայն այն հետ է վերցվում։ Սա շատ վտանգավոր երևույթ է։ Այնուհետև դիմում են ՄԻԵԴ։ Դա մեր երկրին պատիվ չի բերում։ Դատական համակարգի անկախությունը հենց այնպես չի նվաճվում»,– նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անահիտ Աբրահամյանը ողջունեց ԻՀԱ-ի կողմից կազմակերպված բազմաշահառու քննարկումը և շնորհակալություն հայտնեց նման կարևոր զեկույցի մշակման ու ներկայացման համար։
«Անհրաժեշտ է նաև ցանկացած գործընթացին նայել անկողմնակալ դիտորդի աչքով, հատկապես եթե այն իրականացվում է գործադիրի, դատական իշխանության կամ այլ մարմինների կողմից։ Գործադիրը ռազմավարության մեջ ներառում է այն ցուցիչները, որոնց համար ինքն է պատասխանատու։ Իրավական ակտերի ընդունումը, սակայն, օրենսդիրի իրավասությունների շրջանակում է, ուստի ցուցիչների սահմանումը կարող էր տարակուսելի լինել»,- նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ ռազմավարության մշակման ժամանակ աշխատել է նախարարությունում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Ռոմիկ Հայրապետյանը նշեց, որ հասարակական կազմակերպության կողմից կատարվել է մեծածավալ աշխատանք, որի շրջանակում մշտադիտարկվել է իրենց կողմից իրականացված գործունեությունը։
«Թե որքանով ենք հաջողել՝ ներկայացված է զեկույցում, չնայած կան մի շարք դիտարկումներ, որոնց հետ այդքան էլ համաձայն չենք։ Ռազմավարությամբ նախատեսված գործողությունների գնահատման դեպքում մենք դիտարկում ենք կոնկրետ գործողության կատարումը։ Եթե նշված է, որ պետք է ընդունվի որևէ օրենսդրական ակտ կամ մշակվի նախագիծ, ապա դրա մշակումից հետո գործողությունը նշվում է որպես «կատարված», քանի որ հենց մշակման գործընթացն է դիտարկվում որպես գործողություն։ Միևնույն ժամանակ մենք ունենք նաև արդյունքային ցուցանիշներ, որոնց միջոցով պարզ է դառնում՝ ինչի ենք հասել կամ ինչի ենք ցանկանում հասնել»,– ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ միշտ չէ, որ արդյունքային ցուցանիշները համընկնում են գործողությունների կատարման հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավական հարցերով փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ընդգծեց, որ ուսումնասիրվել են ռազմավարության 2022-2024 թվականների գործողությունները։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել են 79 գործողություններ, որոնք ենթակա էին կատարման նշված ժամանակահատվածում։
«Գործողությունների թվով ամենամեծը առաջին նպատակն է, որը վերաբերում է էլեկտրոնային արդարադատության ոլորտին»,– նշեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ ռազմավարությունները պետք է դիտարկել Հայաստանի Հանրապետության փաստաթուղթը, այս կամ այն ոլորտի վերաբերյալ առաջիկա տարիների համար Հայաստանի տեսլականը։ Հետևապես, անհանգստություն է առաջացնում այն մոտեցումը, երբ մի շարք գործողությունների համար որպես լրիվ կատարում է գրանցվում օրինակ այն փաստը, որ իրավական ակտի նախագիծը պատրաստվել և ուղարկվել է ՀՀ կառավարություն, որտեղից հետագայում կուղարկվի ՀՀ ազգային ժողով հավանության համար։ Անկախ նրանից՝ արդյոք կառավարությունը կարժանացնի հավանության, թե ԱԺ-ն կընդունի, այն պահից, երբ նախագիծը ուղարկվում է այդ մարմինների քննարկմանը, գործողությունը նշանակվում է կատարված՝ առանց հետևելու նրան, թե արդյոք դրանք իրականում ընդունվել են և արդյոք ռազմավարությամբ նախատեսված նպատակները իրագործվել են
Նա նաև հավելեց, որ զեկույցը ուղարկվել է բոլոր շահագրգիռ կողմերին, և ստացվել են դրանց վերաբերյալ արձագանքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
ԻՀԱ իրավաբան Մարիաննա Ավագյանը նշեց, որ գնահատումը կատարվել է երկու եղանակով։ Առաջին դեպքում հաշվի են առնվել ամբողջությամբ կատարված գործողությունները, իսկ երկրորդ դեպքում նաև մասնակի կատարված և չկատարված գործողությունները։
«Ռազմավարության պլանավորման և նախագծման փուլում պատշաճ ուսումնասիրություններ և քննարկումներ չեն իրականացվել, ինչի արդյունքում էլ պրակտիկայում առաջացել են խնդիրներ։ Օրինակ, ռազմավարության ծրագրում նախատեսված է գործողություն, որը չի իրականացվելու, քանի որ դրա անհրաժեշտությունը փաստացի բացակայում է»,– ասաց Մարիաննա Ավագյանը։
Նրա խոսքով՝ մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ գործողությունների մի մասը մասնակի է կատարվել կամ ընդհանրապես չի կատարվել։ Նա առաջարկեց սահմանել ավելի իրատեսական ժամկետներ յուրաքանչյուր գործողության համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել է նաև Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։
Վերջում քննարկմանը ներկա հյուրերը հարցեր ուղղեցին ռազմավարության վերաբերյալ՝ պետական մարմինների ներկայացուցիչներից ստանալով իրենց հուզող թեմաների վերաբերյալ մեկնաբանություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ծանոթացե՛ք ՀՀ Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 2022-2024 թվականներին իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման արդյունքների զեկույցին այստեղ։
Նաև նշենք, որ 2025 թվականի հունիսի 25-ին տեղի ունեցավ զեկույցի շնորհանդեսը, որի շրջանակներում ներկայացված սահիկաշարին կարող եք ծանոթանալ այստեղ։