Իսրայելի անվտանգության պաշտոնյաները հայտարարել են, որ հրեական ռազմաօդային ուժերն այժմ կարող են անարգել հասնել մինչև Իրանի մայրաքաղաք Թեհրան այն բանից հետո, երբ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի մեծ մասը շարքից դուրս է բերվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ մատնանշելով, որ Սիրիայի ռազմական կարողությունների, այդ թվում՝ «Հեզբոլլահի» դիրքերի թուլացումն ընդլայնել են Իսրայելի գործողությունների շառավիղը և կրճատել դեպի Իրան թռիչքների ուղիները։
Նշվում է, որ, օրինակ, մոտ երկու տարի առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը լուրջ սահմանափակումների էին բախվում Լիբանանի և Սիրիայի վրայով գործողությունների ժամանակ։
«Թեհրան տանող ճանապարհը հարթված է»,-հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը։
Հրեական պարբերականի դիտարկմամբ՝ այս հայտարարությունն արտացոլում է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայիս օդային գերիշխանությունը և ազդարարում է ռազմավարական տեղաշարժի մասին։
Իսրայելի ռազմական պաշտոնյաների խոսքով՝ կանխատեսվում է, որ օդային գործողությունների տեմպը շուտով կարագանա։
Իսրայելական հետախուզության պաշտոնյաներն ընդգծել են, որ գիտական ղեկավարությունը կարևոր է միջուկային ծրագրերի նման բարդ գործընթացի վերահսկման համար, և դրա բացակայությունը Իրանի համար կբարդացնի հետագա գործողությունների համակարգումը:
Նշվում է, որ ըստ ռազմական գնահատականների՝ Իրանը շարունակում է խիստ խոցելի մնալ հետագա հարվածների նկատմամբ, մասնավորապես՝ Թեհրանում, որտեղ առաջիկա 24 ժամվա ընթացքում սպասվում են Իսրայելի կողմից ավելի ակտիվ գործողություններ: Բացի այդ, նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումը նշանակալի առաջընթաց է գրանցել իրական ժամանակում հետախուզական տվյալների հավաքագրման գործում, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ թիրախավորել անհատներին և ռազմավարական ակտիվները, այդ թվում՝ շարժական արձակման համակարգերը, երբ դրանք շարժման մեջ են: