Քրեական ոստիկանության զարգացումը՝ ռազմավարության առաջնահերթություններից․ ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որը քրեական արդարադատության շղթայում էական վերադասավորումներ է ապահովել։ Օրենսգրքի ընդունմամբ ընտրվել է նաև քրեական գործերով մինչդատական վարույթի իրականացման եղանակը և քննչական մարմինների համակարգի նոր մոդելը, որը հանգում է հետևյալին՝

  • վերացվել է քրեական գործի հարուցման (նյութերի նախապատրաստման) փուլը. այն ներառվել է նախաքննության՝ որպես մինչդատական վարույթի իրականացման միակ եղանակի, բովանդակության մեջ,
  • փոխվել է «հետաքննություն» և «նախաքննություն» սահմանադրական հասկացությունների քրեադատավարական հարաբերակցությունը, 
  • հետաքննությունը կոչվել է օժանդակելու նախաքննության առջև դրված խնդիրների լուծմանը,
  • փուլային սկզբունքով կոնսոլիդացվել են քննչական մարմիններն այն տրամաբանությամբ, որ հանրապետությունում գործեն ընդամենը 2 քննչական մարմիններ։

Iravaban.net-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան Մարատ Ատովմյանը նշում է՝ տեղի է ունեցել քննչական մարմինների միավորում։

«Այսօրվա դրությամբ մենք 2 քննչական մարմին ունենք, ոստիկանությունն ավելի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին է։ Նախկին ոստիկանությունը նաև առանձին հետաքննական գործունեություն էր իրականացնում։ Հիմա, ըստ էության, համակարգի փոփոխության արդյունքում օպերատիվ-հետախուզությունը համարվում է հետաքննություն, իսկ այդ ինստիտուտը դիտվում է որպես նախաքննության մաս»,-նշում է Ատովմյանը։

Փորձագետի խոսքով՝ պարեկային ոստիկանության ձևավորումից հետո արդեն պետք է ամբողջությամբ ձևավորվի քրեական ոստիկանությունը։ Նախկինում կար կազմակերպված հանցավորության դեպ պայքարի 6-րդ վարչությունը, առանձին քրեական հետախուզություն․ այդ բոլոր ստորաբաժանումները միավորվել են և ստեղծվել է քրեական ոստիկանությունը։

«Փոխվել է նաև այդ մարմիններում աշխատողների աշխատանքի ընդունման ընթացակարգը, դարձել է մրցութային սկզբունքով։ Վերանայվել ու վերանայվում է նաև կրթական բաղադրիչը։ Այդ բոլոր բարեփոխումները միտված են նշված ծառայությունների որակի բարելավմանը, աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը»,-նշում է նա։

Այսօր ոստիկանությունը ոչ միայն իրավապահ մարմին է, այլ նաև զբաղվում է օպերատիվ-հետախուզական (հետաքննական) աշխատանքով։ Սակայն վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, և նախկինում ընդունված մոտեցումները այլևս չեն աշխատում։ Այդ պատճառով պետք է վերանայել, թե ինչպես է իրականացվում այդ աշխատանքը, փոփոխել մոտեցումները և ապահովել, որ այն ճիշտ կերպով կիրառվի։

Բայց հանրությունն ավելի լայն փոփոխություններ է ակնկալում։ Որպեսզի հանցագործությունները կանխվեն, պետք է համագործակցեն բոլոր պատասխանատու կառույցները։ Դրա համար պետք է հստակ սահմանվեն բոլորի դերերը և մշակվեն համատեղ ծրագրեր։

Ռազմավարությունում էլ նշվում է, հանցագործությունների դեմ պայքարը պետք է հիմնված լինի վստահելի տվյալների ու ապացուցված մեթոդների վրա։ Այդ մոտեցումն անհրաժեշտ է ճիշտ քաղաքականության մշակման համար։

Այս տեսանկյունից արդեն վերափոխվել է Քրեական ոստիկանությունը՝ որպես ոստիկանության առանցքային կառույցներից մեկը։

Պարեկային ծառայության բարեփոխումների դրական փորձը հիմք է դարձել նաև Քրեական ոստիկանությունում փոփոխություններ իրականացնելու համար։ Մասնավորապես՝

  1. Ստեղծվել է Քրեական ոստիկանության նոր տեսլականը և կառուցվածքը՝ ներառյալ 3 տեսակի տարածքային ստորաբաժանումների մոդելներ։

  2. Օրենքով սահմանվել է նոր կարգ, որով պաշտոնին կարող են դիմել նաև քաղաքացիական անձինք՝ մասնակցելով բաց մրցույթին։

  3. Մրցույթների անցկացման կարգը մշակվել է Պարեկային ծառայության օրինակով։

  4. Մրցույթներին հետևել են միջազգային և հասարակական ներկայացուցիչներ, իսկ հոգեբաններն աջակցել են դիմորդների գնահատմանը։

  5. Ընտրված բոլոր թեկնածուները մասնակցել են պարտադիր ուսուցման, որից հետո նշանակվել են պաշտոնների։

  6. Վերջապես, 2024 թ. նոյեմբերի 1-ից Քրեական ոստիկանությունն աշխատում է նոր կառուցվածքով ու ավելի հստակ ղեկավարման համակարգով։

Նախատեսված է, որ ապագայում պետք է իրականացվեն նաև հետևյալ քայլերը՝

  1. Ստեղծել հանցագործությունների կանխարգելման համապարփակ ծրագիր՝ բոլոր համապատասխան մարմինների մասնակցությամբ։

  2. Մշակել նոր օրենք օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ՝ հաշվի առնելով մարդու իրավունքները և միջազգային չափանիշները։

  3. Թարմացնել հանցագործությունների վիճակագրությունը՝ այն դարձնելով ավելի հուսալի և արդիական, այդ թվում՝ բարելավել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը։

  4. Ապահովել տվյալների ավտոմատ փոխանակում Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջև՝ օպերատիվությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։

  5. Շարունակել Քրեական ոստիկանության աշխատակիցների մասնագիտական զարգացումը՝ կազմակերպելով վերապատրաստումներ նաև այլ կառույցների հետ։

  6. Զարգացնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների և այլ գործընկերների հետ։

«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրով` «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհի շրջանակում:

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում: Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն և ներգրավում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել