Փորձագետները քննարկում են ոստիկանության բարեփոխումների կատարման հասարակական մշտադիտարկման արդյունքները

2025 թվականի հուլիսի 18-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպել էր հասարակական մշտադիտարկման զեկույցի նախագծի քննարկում։ Զեկույցը վերաբերում էր 2024-2026 թթ․ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը և դրանից բխող գործողությունների ծրագրի իրականացմանը՝ 2024-2025 թվականների կտրվածքով։

Միջոցառմանը մասնակցել են Ներքին գործերի նախարարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, համալսարանների, ինչպես նաև միջազգային և դոնոր կառույցների ներկայացուցիչներ։

Ներկաներին ողջունեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, ոստիկանության ոլորտի բարեփոխումների փորձագետ, իրավաբան Մարատ Ատովմյանը։ Նա նշեց, որ քննարկման ընթացքում կանդրադառնան առկա խնդիրներին, կներկայացվեն առաջարկներ, որից հետո կներկայացվի բուն զեկույցը։

«Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտապես կարևորել է ոստիկանության բարեփոխումների ոլորտը, որն ունի առանցքային նշանակություն։ Ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը և ներգրավվածությունը բարեփոխումների իրականացման գործընթացում՝ իրականացնելով հասարակական մշտադիտարկում։ Հրապարակվելու է նաև զեկույց, որը կներկայացնի առկա իրավիճակը»,-նշեց Ատովմյանը։

 

Այս ենթադրամաշնորհը իրականացվել է «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում (www.juremonia.am)։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից։

Կոնսորցիումի անդամ «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը նշեց, որ ծրագիրն իրականացվել է արդարադատության բարեփոխումների համատեքստում։ Նրա խոսքով՝ նպատակը ՀԿ-ներին և ԲՈՒՀ-երին նպատակային ենթադրամաշնորհներ տրամադրելն էր, որոնք կօգնեն ունենալ ավելի մասնակցային և պատրաստ հասարակական սեկտոր։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին և ՀԿ-ներին համատեղել ջանքերը պետության հետ՝ մշակում ու առաջադրելով խնդիրների լուծման ուղիներ։

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանն էլ ընդգծեց ծրագրի կարևորությունը՝ նշելով.

«Ռազմավարությունն ունի մի քանի ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի թիրախային միջոցառումներ։ Մեզ համար ռազմավարական կարևոր ուղղություն է թվայնացումը, ինչը հնարավորություն է տալիս վերլուծական աշխատանքներ իրականացնել և դրանց արդյունքում քաղաքական հիմնավորված որոշումներ կայացնել։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԻՀԱ-ին արդյունավետ աշխատանքի համար, այդ թվում՝ հեռավար ձևաչափով։ ՆԳՆ-ն իր ձևավորման օրվանից սկսել է ոստիկանության լայնածավալ բարեփոխումները։ Հատուկ կարևորություն ենք տալիս չորս հենասյունային ծառայությունների վերջնական ձևավորմանը, որոնցից վերջինը՝ ոստիկանության գվարդիան, գործարկվելու է 2025 թվականի նոյեմբերի 1-ից»։

Իրավաբան, մշտադիտարկման փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց զեկույցի նախագծի հիմնական դրույթները։ Նա նշեց, որ քննարկումը կարևոր է, քանի որ դրա ընթացքում հնչեցված դիտարկումներն ու խնդիրները ներառվելու են վերջնական զեկույցում։

«Մշտադիտարկման են ենթարկվել 52 գործողություններ։ Մենք առանձնացրել ենք երեք հիմնական նպատակ՝

  • գնահատել ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը՝ 2024 և 2025 թթ․ առաջին կիսամյակներում, 
  • պարզել, թե որ գործողություններն են լիարժեք կատարվել, որոնք՝ մասնակի, և որոնք՝ ընդհանրապես չեն կատարվել, 
  • իրականացնել այդ գործողությունների քանակական և որոշների որակական գնահատում»,-ասաց Սողոմոնյանը։

Իրավաբան, մշտադիտարկման փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց մի շարք ուղղությունների վերաբերյալ ԻՀԱ-ի մշտադիտարկման արդյունքները՝ անդրադառնալով համայնքային ոստիկանությանը, ոստիկանության զորքերին և գվարդիային, մարդու իրավունքների պաշտպանությանը, բարեփոխումների իրականացման ներառականությանը, հանրային ընկալմանը և միջազգային համագործակցությանը։

Նա նշեց, որ օրինակ՝ միջազգային վարկանիշներում Ոստիկանության դիրքերի բարելավման գործողության առաջին փուլն է իրականացվել, սակայն երկրորդ փուլի առաջընթացի ուսումնասիրությունը դեռևս բացակայում է։

Մարատ Ատովմյանը ներկայացրեց առաջարկություններ, որոնք վերաբերում են մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և բարեվարքության ամրապնդմանը։ Նա ընդգծեց ոստիկանների ոչ էթիկական վարքագծի դեպքերը, ներառյալ բռնության կիրառումը, թմրանյութերի օգտագործումը կամ տարածումը։ Նա նաև անդրադարձավ ՆԳՆ իրավաբանական վարչության թերություններին դատական պրոցեսներում։

Նատալի Սահակյանը արձագանքեց՝ նշելով, որ ՆԳՆ-ն արդեն գույքագրել է նման խնդիրները և իրականացվում են համապատասխան գործողություններ։ Նա կարևորեց հենասյունային ծառայությունների աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, մասնավորապես՝ պարեկային ծառայության համար հաղորդակցման բարձր հմտությունների զարգացումը։

Նա անդրադարձավ նաև օտարազգի անձանց հետ շփումներին՝ նշելով լեզվական խոչընդոտների լուծման անհրաժեշտությունը։ Մարատ Ատովմյանն էլ հավելեց, որ պետք է ապահովել թարգմանիչների առկայությունը ձերբակալվածների պահման վայրերում։ Սահակյանը պատասխանեց, որ արդեն իսկ կան իրազեկման թերթիկներ մի քանի լեզուներով, իսկ թարգմանչական ծառայություններն ակտիվորեն օգտագործվում են՝ ըստ անհրաժեշտության։

Փորձագետներն ու ՆԳՆ ներկայացուցիչը պատասխանեցին նաև քննարկման մասնակիցների հարցերին՝ կապված ռազմավարության ուղղությունների, գործողությունների և դրանց կատարման ընթացքի հետ։

Քննարկումն ընթացել է շահագրգիռ, ակտիվ և բովանդակային մթնոլորտում։ Մասնակիցները համակարծիք էին, որ բարեփոխումները չպետք է իրականացվեն ձևականորեն կամ արտաքին պահանջների բավարարման նպատակով։ Դրանք պետք է լինեն իրական, խորքային և ուղղված լինեն հասարակության կարիքների բավարարմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը։

«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից հայտարարած դրամաշնորհի ներքո։

Ծրագրի նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել