Ինչպե՞ս է փոխվում ոստիկանության կերպարը․ պարեկային ծառայություն

Հայաստանում ոստիկանության համակարգի ամենատեսանելի և բարեփոխվող ուղղություններից է Պարեկային ծառայությունը, որը նպատակ ունի ձևավորել նոր, վստահելի ու պրոֆեսիոնալ ոստիկանի կերպարը։ Ծառայությունն արդեն գործում է հանրապետության ողջ տարածքում։

Պարեկային ծառայության ներդրումը մեկնարկել է 2020-ից՝ որպես ոստիկանության արտաքին ծառայության նոր մոդել։ Ծառայությունը ձեւավորվել է միջազգային չափանիշներին համահունչ՝ բաց մրցույթների, թափանցիկ կրթության և բարձրագույն տեխնիկական հագեցվածության սկզբունքով։ Ընտրությունը իրականացվել է քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և հոգեբանների մասնակցությամբ։

Նոր պարեկները նախքան ծառայություն սկսելը անցել են հինգամսյա խորացված ուսուցում՝ իրավաբանությունից մինչև կրակային ու ֆիզիկական պատրաստություն, առաջին օգնությունից մինչև նավավարում։ Ուսուցման մի հատվածն անցկացվել է Սևանա լճում։

Պարեկային ծառայության ներդրումը իրականացվել է փուլային՝ սկսած Երևանից 2021 թվականին։ Մինչև 2023 թվականի վերջ այն ընդգրկել է բոլոր մարզերը։ Այսօր արդեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հանդիպել պարեկի, որն աշխատում է բաց ու հասկանալի ձևով՝ ծառայելով ոչ թե միայն օրենքին, այլ նաև համայնքին։

2023 թվականի դեկտեմբերից Սևանա լճում սկսել է գործել նոր՝ ջրային պարեկային ստորաբաժանումը։ Ծառայության նպատակն է ապահովել լճի անվտանգության վերահսկումը՝ հատկապես ամառային ամիսներին։ 

Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունում նշվում է, որ ջրային պարեկներն արդեն բացահայտել են շուրջ 90 իրավախախտում, ներառյալ ապօրինի ձկնորսություն և այլ հանցագործություններ։ Պարեկներն անցել են հատուկ վերապատրաստում՝ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

Նշվում է, որ պարեկային ծառայության գործունեությունն արդեն տալիս է շոշափելի արդյունքներ։ Հասարակության վստահությունը ծառայության նկատմամբ աճել է։ Պարեկներն արձանագրել են կոռուպցիոն դեպքերի նվազում. 2021-2023 թվականներին Երևանում գրանցվել է ընդամենը 59 կաշառքի փորձ, մարզերում՝ 16, և բոլոր դեպքերում հենց պարեկներն են կանխել կաշառքի փորձերը։

Պարեկային ծառայությունը դիտվում է որպես հանրային անվտանգություն ապահովող համայնքահեն կառույց, որը միաժամանակ նպաստում է իրավական մշակույթի ձևավորմանը։

Ներքին գործերի նախարարությունը արդեն մեկնարկել է պարեկային ծառայության զարգացման հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքները։ ՆԳՆ-ն, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, պատվիրակել է Պարեկային ծառայության համապարփակ գնահատում՝ բոլոր ուղղություններով։ Գնահատումը կդառնա նոր՝ 3-4 տարվա ռազմավարության հիմքը՝ ծառայության կատարելագործման համար։

Iravaban.net-ի սոցիալական հարթակներում անցկացրած հարցման արդյունքները ևս փաստում են, որ պարեկան ծառայության նկատմամբ վստահություն կա։

Ֆեյսբուքյան և տելեգրամյան հարթակներում 2 հարցումներ են տեղադրվել։ Քաղաքացիներից հետաքրքրվել ենք՝ ինչպե՞ս են գնահատում արդյունավետությունը և ի՞նչն են ամենաշատը գնահատում պարեկային ծառայության գործունեության մեջ։

Տելեգրամյան հարթակում 2 հարցումներին մասնակցել է շուրջ 500 օգտատեր (Հարցում 1, հարցում 2)։ 

Նրանց մեծ մասը կարծում է, որ 46 տոկոսը դրական է գնահատում պարեկների գործունեությունը, 34 տոկոսը՝ բացասական, 20 տոկոսն անտարբեր է։ Միևնույն ժամանակ քաղաքացիների մեծ մասը  ոչ մի տարբերություն չեն նկատել նրանց աշխատանքում, 25 տոկոսը կարծում է, որ պարեկներն ավելի բարեկիրթ են դարձել, 15 տոկոսը կարծում է, որ ավելի արագ են արձագանքում արտակարգ իրավիճակներին։

Ֆեյսբուքյան հարթակում հարցումներին մասնակցել է շուրջ 700 օգտատեր (Հարցում 1, հարցում 2

«Ֆեյսբուք»-ում պարեկային ծառայության արդյունավետությունը դրական է գնահատել հարցվածների 69 տոկոսը, բացասական՝ 21, անտարբեր է 10 տոկոսը։

«Ֆեյսբուք»-ում հարցվածների մեծ մասը կարծում է նաև, որ պարեկներն ավելի բարեկիրթ վարք ունեն, 34 տոկոսը ոչ մի տարբերություն չի նկատել, 14 տոկոսը կարծում է, որ նրանք ավելի արագ են արձագանքում արտակարգ իրավիճակներին։

Ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսվում է իրականացնել պարեկային ծառայության գործունեության համալիր գնահատում և ծառայողների վերապատրաստում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել