Ռուսական պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցությունների, այդ թվում՝ մեկնարկի ժամի վերաբերյալ, դեռ հստակություն չկա»:
Ուշագրավ է, որ Թուրքիայի ԱԳՆ-ում CNN-ի աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների պաշտոնական հանդիպում դեռևս նախատեսված չէ։
Ժամեր առաջ հաղորդվել էր, որ, թուրքական կողմի նախաձեռնությամբ, Ստամբուլում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղափոխվել են օրվա երկրորդ կես: Այս մասին ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կկայանան ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները: Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։
Բանակցությունները կանցկացվեն մամուլի համար փակ դռների հետևում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած բանակցային պատվիրակության կազմում են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ԶՈՒ ԳՇ գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: