«Միջնեկ երեխաս ամեն տեղ հայտարարում է, որ դատավոր է դառնալու, մեծը կտրականապես դեմ է»․ դատավոր Սյուզաննա Ուլիխանյան

Iravaban.netի՝ «Հայաստանի դատավորները» հարցազրույցների շարքի շրջանակում զրուցել ենք Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի հետ։ Դատավորը պատմել է իր մասնագիտական ուղու, ընտանիք աշխատանք համատեղման, դատավորի աշխատանքին բնորոշ տարբեր առանձնահատկությունների մասին։

– Ինչպե՞ս ստացվեց մասնագիության ընտրությունն ու Դիլիջանից Երևան տեղափոխությունը։

-Սկզբում տատանվում էի՝ տնտեսագե՞տ, թե՞ իրավաբան, որովհետև ընտանիքում բոլորը տնտեսագետներ են։ Բայց, ի վերջո, գրավեց իրավաբանությունը, որովհետև հետաքրքիր էր՝ ինչ է իրենից ներկայացնում, ինչ է ներառում։ Հետաքրքիր էր նաև իրավաբանի մտածողությունը։ Տնտեսագիտությունը ավելի չոր, հաշվարկային գիտություն է, մտածեցի, որ ընտանիքին անհրաժեշտ կլինի ունենալ նաև իրավաբան։

Սկզբում շատ բարդ էր, տերմինները, թվում էր, չինարեն բառեր են, հետո չես զգում՝ ոնց, սկսում ես կիրառել դրանք։ Ընտրեցի քրեական մասնագիտացում, որովհետև այն ինձ համար շատ ավելի հետաքրքիր էր։ Չմտածեցի, որ կնոջ համար իրականում բարդ է քրեական ոլորտում աշխատել։ Մագիստրատուրան ավարտելիս, երբ ընկերուհիս աշխատում էր դատավորի աշխատակազմում, ինձ ասաց, որ իրենց մոտ դատավորի օգնականի կարիք կա, որոշեցի փորձել։ 2011 թվականն էր, ու դրանից հետո արդեն ամեն ինչ ակնհայտ էր։

-Երկար ժամանակ աշխատել եք որպես դատավորի օգնական։ Տեսնելով պատասխանատվության աստիճանն ու աշխատանքի դժվարությունները՝ ինչպե՞ս կատարվեց այդ անցումը՝ օգնականից՝ դատավոր։

-Իրականում օգնական աշխատելիս, երևի, ծանրաբեռնվածությունն ավելի շատ էր, ավելի երկար էինք մնում աշխատանքի վայրում։ Այն ժամանակ չկային պարզեցված ընթացակարգեր, նույնիսկ բանկերի գործերը նիստային էին լինում, ու վճիռները պարզեցված չէին։ Ծանր էր բավականին, մինչև 21։00-ն մեր աշխատանքային սովորական գրաֆիկն էր։ Երբ աշխատում ես լավ դատավորի օգնական, փորձում ես ամեն կերպ նմանվել քո դատավորին։ Բոլորս այդպես ենք ասում, ամեն օգնական իր դատավորին ասում է՝ «իմ դատավորը»։ Ես էլ տեսնում էի իմ դատավորի աշխատանքը, լինում էին դեպքեր, երբ ժամի ուշ լինելու պատճառով մենք գնում էինք տուն, իսկ ինքը շարունակում էր աշխատել։ Այդպես որոշեցի, որ, երևի, ես էլ պիտի փորձեմ դատավորի աշխատանքը։

-Նշեցիք, որ տեսնում էիք՝ ինչպես է դատավորը երեկոյան ժամերին մնում և շարունակում աշխատել։ Հիմա ինչպե՞ս եք կարողանում աշխատանքի ծանրաբեռնվածության հետ համատեղել ընտանիքը։

-Այն ժամանակվա ծավալների համեմատ՝ հիմա բավականին թեթև է, բայց, միևնույնն է, համատեղելը բարդ է։ Չնայած նրան, որ առավոտյան 9։00-ից մինչև երեկոյան 18։00-ն ամբողջությամբ աշխատանքի մեջ ես, դժվար է դրանից հետո՝ տանը, մոռանալ աշխատանքային հարցերի մասին և ամբողջությամբ ինտեգրվել ընտանիք, լսել երեխաների խնդիրներն ու հարցերը։ Նույնսիկ երբ լսում ես՝ քեզ թվում է՝ դա խնդիր չէ, բայց իրենց համար այնքան կարևոր է։ Պետք է լսես, օրինակ, ինչ դեպք է պատահել մանկապարտեզում և դրան համարժեք պատասխան տաս։ Իրենց հետաքրքիր չէ, որ դու շատ ես աշխատել, հոգնել ես, կամ բազմաթիվ խնդիրներ կան, միևնույնն է պիտի տանը լինես իրենց մաման ու վերջ։

-Կպատմե՞ք 44-օրյա պատերազմի օրերի մասին, երբ Ձեր ամուսինը մարտի դաշտում էր, իսկ հետո արդեն իմացաք իր զոհվելու մասին լուրը։

-Երրորդ երեխաս ծնվեց 2020 թվականի ապրիլին։ Մոտավորապես 6 ամսական էր, և ես գտնվում էի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, չէի աշխատում, երբ պատերազմ էր։ Ամուսնուս՝ մարտի դաշտ գնալը, մեզ համար անակնկալ էր, որովհետև կարծում էի, որ որպես ոստիկանության զորքերի ստորաբաժանում՝ իրենք ամենածայրահեղ դեպքերում կգնան մարտի դաշտ և իրենց առաքելությունը պիտի մնար պետական կարևոր օբյեկտների պահպանությունը, հասարակական կարգի պաշտպանությունը և այլն։ Սահմանների հետ կապված իրենք չեն ունեցել որևէ գործառույթ։

Սեպտեմբերի 29-ին՝ ընդամենը 2 օր անց, ես խոսում եմ ամուսնուս հետ՝ բացարձակ չկասկածելով, որ ինքը քաղաքում չի։ Ինչ-որ ձայներ լսեցի ու հարցրի՝ «զորավարժանքների՞ են ձեզ տարել», ասաց՝ չէ։ Երբ իմացա՝ որտեղ էր, շոկ ապրեցի, մտածում էի անգամ, որ հումոր է անում, ժամը 18։00-ին կվերադառնա։ Իհարկե, դա այդպես չէր։ Հոկտեմբերի 29-ին պետք է լիներ հերթափոխ, որպեսզի մյուս զորամասը մեկներ, բայց ինչ-ինչ պատճառներով չեղավ այդ հերթափոխը, և նորից իրենք մեկնեցին։ Նոյեմբերի 7-ին խոսեցինք, և կապը դրանից հետո ընդհատվեց։

Նոյեմբերի 9-ին կնքվեց խաղաղությունը, ու ես մտածում էի՝ իրենց մոտ կապ չկա, առաջինը ես պետք է ասեմ, որ այստեղ խաղաղություն է կնքվել, պատերազմը ավարտվել է․․․ անհասանելի էր․․․

Դրանից հետո բոլոր հնարավոր ձևերով փորձում էինք պարզել իր գտնվելու վայրը, որտեղ է եղել վերջին անգամ, բայց իր զինակիցներից բոլորը անհասանելի էին։ 4 ամիս փորձում էինք ինչ-որ բան պարզել՝ որտեղ է եղել, ինչ մարտական առաջադրանք է կատարել և այլն։ Հունվարին մեզ ասացին, որ ԴՆԹ թեստ հանձնելու անհրաժեշտություն կա։

Հունվարի 30-ին ադրբեջանական կողմը հանձնել էր 4 դի, ամուսնուս հետ նաև իրենց զորամասի հրամանտարը չկար, հենց հաջորդ օրը իմացանք, որ դիերից մեկը զորամասի հրամանատարինն է, ամուսնուս մասով դեռ տեղեկություն չկար։ Նրա հորեղբայրը հանձնեց թեստը և  հաստատվեց։

Ծանր էր այդ գիտակցումը, որ 4 ամիս փնտրում ես, բայց․․․ Ավելի դժվար էր այդ մասին երեխաներին բացատրելը, մեծս այդ ժամանակ 4 տարեկան էր, այդ տարիքի համեմատ ավելի մեծի մտածողություն ուներ, բայց, միևնույնն է, բառեր չես գտնում՝ ինչպես բացատրել կատարվածը։ Ինչպե՞ս ասել, որ մյուսների պապան իրենց հետ ա մնացել, իսկ իր պապան չի գալու։ Անհրաժեշտություն առաջացավ հոգեբանի դիմելու։

Միջնեկիս էլ եմ պատմել, ինքը իր համար ընդունելի ձև է համարում, որ իր պապան աստղերի մեջ ապրում է, էնտեղ քնում է, մեր նման առօրյայով է ապրում, բայց ոչ մեզ հետ։

Փոքրս 6 ամսական էր, հայրիկին գիտի միայն պատմություններով, նկարներով, տեսանյութերով։ Մանկապարտեզում տեսնում է, որ պապաները գալիս են, գալիս, հարցնում է՝ «բա մեր պապա՞ն երբ ա գալու»։ Կարծում եմ՝ ամենադժվարը հետագայում է լինելու։ Չնայած ես այդ պահը միշտ ձգձգում եմ, բայց իրենց պիտի տանեմ հոր շիրիմին, որպեսզի հասկանան՝ ինչ է լինում, երբ մարդը մահանում է։ Այս պահին դեռ չեմ տրամադրել ինձ դա անել։ Թող մտածեն, որ իրենց պապան երկնքում է, մեզ նայում է, դեռ փոքր են, որ իմանան՝ հայրիկը ինչ-որ մի տեղ թաղված է։

– Երեխաները գիտե՞ն իրենց մայրիկի մասնագիտության մասին, ինչպե՞ս եք նրանց հասանելի ձևով բացատրում՝ ինչով եք զբաղվում։

-Երեխաներս գիտեն, նրանք նաև դասերից հետո գալիս են այստեղ, մոտ 1 ժամ մնում են, ես աշխատում եմ, իրենք նկարում են, հետո գնում ենք տուն։ 1 անգամ եղել է, որ աղջիկս իջել է դահլիճ, տեսնի, պատկերացում կազմի՝ ինչ է այս աշխատանքը, ինչ է իրենից ներկայացնում։ Ընդհանուր առմամբ բացատրել եմ՝ ինչ է դատավորը, ինչով է զբաղվում, ինչ է ենթադրում աշխատանքը, և միայն միջնեկս է ամեն տեղ հայտարարում, որ պարտադիր դատավոր է դառնալու, մեծս կտրականապես հրաժարվել է, որովհետև միշտ գալիս է և այստեղ շատ գործեր տեսնում։ Գիտեն, որ դա շատ ծանրաբեռնված աշխատանք է, որովհետև ինձ միշտ այդ թղթերի հետևում են տեսնում, երբեմն գործերը տանն են լինում։ Միջնեկս միշտ հպարտությամբ ասում է՝ «ես դառնալու եմ դատավոր», բոլորը մտածում են՝ 6 տարեկան երեխայի մտքով ինչպե՞ս անցավ դատավոր դառնալը, հետո հայտարարում է՝ «մամայիս նման»։

–  Որպես դատավոր՝ հանրային սխալ ընկալումներին, սուր քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Երբ դեռ նոր էի նշանակվել, մի դեպք է եղել՝ պայմանավորված երիտասարդ դատավոր լինելու հանգամանքով։ Շատ ծանր էի տանում, մտածում էի՝ տարիքով չի որոշվում, պետք է հաշվի առնել աշխատանքային փորձը, պատրաստված լինելը։ Հետո հասկացա, որ դու բոլորին չես կարող համոզել, բոլորը չի, որ քեզ ճանաչում են, կամ պարտավոր են ճանաչել։ Հիմա, կարելի է ասել, ընդհանրապես չեմ վերաբերվում որևէ կերպ։

-Մարդկանց վստահությունն արդարադատությունն իրականացնող մարմինների նկատմամբ հիմա ի՞նչ մակարդակում է։

-Նախկինում մեր դատավորներից մեկը ասում էր՝ եթե քաղաքացիները չեն վստահում դատարաններին, ապա ինչո՞վ է պայմանավորված գործերի այսքան մեծ աճը։ Մյուս կողմից՝ դա ավելի շատ սոցիալական խնդիրներով էր պայմանավորված, քանի որ աճում էին բանկի հետ կապված վեճերը։ Կարծում եմ ՝ վստահությունը գալիս է դատավորից, քանի որ մեզ մոտ դատական համակարգը չի ընկալվում որպես մեկ միասնական ամբողջություն, այլ՝ առանձին դատավորներով։ Միշտ քննարկման առարկա է դառնում առանձին դատավորը։ Վատի դեպքում վատ է վերագրվում ամբողջ դատական համակարգին։ Մի դատավորի նկատմամբ թեկուզ չնչին անսվտահությունը տարածվում է ամբողջ դատական համակարգի վրա։ Կարծում եմ՝ քաղաքացիական ոլորտում վստահությունն ավելի բարձր է, քան՝ քրեականում։

-Գործեր կհիշե՞ք Ձեր պրակտիկայից, որոնք էապես ազդեցություն են ունեցել Ձեզ վրա։

– Ես փորձում եմ գործերը, իրավիճակներն ու հարաբերությունները չտանել անձնական դաշտ։ Ես չեմ վերապրում մարդկանց խնդիրները, դրա համար կարող եմ ասել, որ չկան գործեր, որոնք ինձ վրա ազդեցություն են ունեցել։ Գործեր կան, որոնք նորություն են եղել, մասնագիտորեն ստիպել են դրա հետ կապված այլ դաշտ ուսումնասիրել և այլն։

– Մեր դատական համակարգը անկախ համարո՞ւմ եք։

– Ես համարում եմ, որ կան անկախ դատավորներ, և  որքան նրանց թիվն ավելանում է, այնքան դատական համակարգն անկախանում է։ Եթե դատավորը ճնշվող տեսակ չէ, իրեն ճնշել հնարավոր չէ։ Որքան շատ լինեն այդպիսի դատավորները, այնքան համակարգը անկախ կլինի։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել