Iravaban.net–ի՝ «Հայաստանի դատավորները» հարցազրույցների շարքի շրջանակում զրուցել ենք Երևանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանի հետ։ Դատավորը պատմել է իր մասնագիտության ընտրության, դատավորի աշխատանքին բնորոշ տարբեր առանձնահատկությունների, համակարգում առկա խնդիրների և ոլորտային այլ հարցերի մասին։
-Կպատմե՞ք մասնագիտության ընտրության մասին, ինչպե՞ս կայացվեց այդ որոշումը։
-Մասնագիտության ընտրությունը կատարվել է, երևի թե, միջնակարգ դպրոցում, երբ արդեն անցնում էինք հասարակագիտություն առարկան։ Ծանոթանում էինք իրավունքին, արդարությանը, Սահմանադրությանը և այլ նման իրավական կատեգորիաների։ Այդ ընթացքում ցանկություն առաջացավ ավելի խորը ուսումնասիրելու, այդ ամենը ավելի լավ հասկանալու։ Իրավաբանի մասնագիտությունն ընտրելու ցանկության մասին հայտնեցի ծնողներիս, իսկ նրանք աջակցեցին գաղափարիս։
Մեր տանը իրավաբան չի եղել, ծնողներս բնագիտական մասնագիտություններ ունեն։
–Գերազանցությամբ ավարտել եք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան, այնուհետև ուսումը շարունակել Համբուրգում։ Ինչպիսի՞ն էր կրթությունը այնտեղ, ի՞նչ համակարգային տարբերություններ կային ՀՀ-ի հետ համեմատած։
-Համբուրգում սովորելու տարիներին ես հասկացա, որ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը բավականին բարձրակարգ իրավաբանական կրթություն է ապահովում ուսանողների համար, միշտ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը եղել է առաջատարը, և երբ համեմատում ես այլ կրթական համակարգերի հետ, այդ առավելությունները ավելի են ընդգծվում։ Իհարկե, կային նաև որոշակի տարբերություններ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերմանական կրթական համակարգը շեշտը դնում է ուսանողի ինքնուրույն հետազոտական աշխատանքի վրա, ինքնուրույն գործելու ազատություն է տալիս։ Բացի այդ, այնտեղ նաև ռեսուրսների առումով ավելի մեծ ընտրության հնարավորություն ունի ուսանողը՝ հաշվի առնելով հասանելիք գրականությունը, իրավաբանական ֆակուլտետի գրադարանները, շեշտը դրված է նաև քննադատական մտածելակերպի վրա։
-Աշխատել եք որպես դատավորի օգնական, այնուհետև նաև ԱԺ-ում, հե՞շտ ստացվեց սկսել աշխատել արդեն որպես դատավոր։
-Յուրաքանչյուր անձ, ով որևէ պաշտոնից տեղափոխվում է դատական համակարգ՝ աշխատելու որպես դատավոր, հանդիպում է որոշակի բարդությունների, որոնք կարող են ավելի շատ տեխնիկական բնույթ կրել՝ աշխատանքի կազմակերպման հետ կապված, քան մասնագիտական որոշակի գիտելիքներ պահանջել։ Միգուցե դու լավ պատրաստված մասնագետ լինես, ունենաս բավարար գիտելիքներ և փորձառություններ, բայց դատավորի աշխատանքը որոշակի առանձնահատկություններ է ենթադրում՝ աշխատակազմի աշխատանքի կազմակերպման հետ կապված և այլ տեխնիկական բնույթի հարցեր։ Դատարանում աշխատանքի փորձը ինձ մեծ առավելություն տվեց այդ առումով՝ հաշվի առնելով, որ ես աշխատել էի Վերաքննիչ քրեական դատարանում որպես դատավորի օգնական և ներսից պատկերացնում էի այդ աշխատանքի առանձնահատկությունները։ Սկզբնական շրջանում որոշակի բարդություններ են եղել են․ առաջին շաբաթվա ընթացքում ես ստացա շուրջ 40 քրեական գործ։ Մեկ շաբաթվա ընթացքում քրեական գործերը վարույթ ընդունելն ու համապատասխան ընթացակարգերը կազմակերպելը որոշակի բարդություններ է պարունակում։ Բայց հաշվի առնելով իմ՝ նախկինում ունեցած փորձը, այդ դժվարությունները հնարավոր եղավ հաղթահարել։
-Ի՞նչ ճնշումների են ենթարկվում կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորները։
-Կարող եմ իմ անունից պատասխանել․ ես որևէ ճնշման չեմ ենթարկվում։ Այստեղ այլ հարց է, թե ինչպես կարող է այս կամ այն երևույթը ընկալվել հասարակության կողմից, և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի դեպքերում, որոշակի գործերի քննության ընթացքում կարող են այնպիսի մեկնաբանություններ հնչել, թե՛ գործով շահագրգիռ անձանց կողմից, թե՛ լրագրողների մեկնաբանման արդյունքում։ Այնպես կարող են լուսաբանել որևէ գործ, որ հասարակության այն շերտերի մոտ, ովքեր այնքան էլ տեղեկացված չեն քրեական արդարադատության ոլորտից, նաև օբյեկտիվ պատճառներով, որովհետև իրենց ոլորտը չէ, տպավորություն կարող է ստեղծվել, որ դատավորը միգուցե գտնվում է ինչ-ինչ ճնշումների տակ, բայց, ես կարծում եմ՝ դա ընդամենը տվյալ վարույթը և տվյալ գործը ինչ-որ դիրքից լուսաբանելու արդյունք է։ Այս առումով կարծում եմ, որ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանք, որպեսզի հասարակության կողմից թյուրըմբռնում չլինի։
–Ինչպե՞ս եք վերաբերվում բացասական կարծիքներին, քննարկումներին՝ կապված Ձեր աշխատանքի հետ։ Թեկուզ հարազատները կամ ընկերներն ասեն, որ Ձեր մասին որևէ հարց է քննարկվել, և այլն։
-Երբ որոշեցի ընտրել դատավորի մասնագիտությունը և, հատկապես, Հակակոռուպցիոն դատարանում, ես գիտակցում էի, որ հեշտ տեղ չեմ եկել, և երբեմն կկայացնեմ այնպիսի որոշումներ, այնպիսի վճիռներ, որոնք դուր չեն գա այս կամ այն անձանց․ և՛ վարույթի մասնակիցներին, և՛ հասարակության որոշ ներկայացուցիչների։ Սակայն ես գիտակցում էի՝ որտեղ եմ գալիս, ինչ արձագանքներ ու հետևանքներ կարող են առաջացնել իմ որոշումները։ Ես այն գիտակցմամբ եմ սկսել աշխատել որպես դատավոր, որ պատասխանատվություն եմ կրում իրավական համակարգի, հանրային վստահության և արդարության, այլ ոչ՝ պոպուլյար, տարածված հանրային կարծիքի համար։
–Ի՞նչ խնդիրներ եք տեսնում դատաիրավական համակարգում և ի՞նչը կցանկանայիք փոխել։
-Ես նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ իմ գնահատմամբ հիմնական խնդիրը դատավորների ծանրաբեռնվածությունն է։ Ես չեմ հիշում որևէ օր, որ ես կարողանամ իմ աշխատանքի կազմակերման արդյունքում ժամը 18։00-ին դուրս գալ աշխատանքից։ Լավագույն դեպքում դա լինում է 20։00-ն, 21։00-ն։ Շաբաթ, կիրակի օրերին հիմնականում ստիպված ենք լինում աշխատել։ Դատավորները երկարաժամկետ առումով բավականին ծանր աշխատանք են կատարում, որը կարող է առողջական, ֆիզիկական առումով բացասական հետևանքներ ունենալ դատավորների վրա։ Ծանրաբեռնվածությունը պայմանավորված է և՛ քրեական գործերով, և՛ մինչդատական վարույթի նկատմամբ դատական երաշխիքների շրջանում դատավորների կողմից քննվող միջնորդություններով։ Երբ, օրինակ, առավոտյան 9։00-ին ես գալիս եմ աշխատանքի և լինում է կալանքի միջնորդություն կամ այլ միջնորդություններ, ես տուն եմ վերադառնում հաջորդ օրը՝ առավոտյան։ Լուծումներից, ես կարծում եմ, որոշակի առումով դատավորների բեռը կթոթափվի, եթե մենք փոխենք դատական ակտերը կազմելու այն պահանջները, որը ունենք օրենսդրությամբ։ Երբ ես քննարկումներ եմ ունենում, օրինակ, Գերմանիայում ապրող իմ դատավոր ընկերոջ հետ և ցույց եմ տալիս մեր որոշումները, ուղղակի ապշում են այն ծավալներից, որը ստիպված ենք լինում գրել։ Լավագույն դեպքում դատավճիռները իրենք կազմում են 1 կամ 2 էջ, որոշակի ծավալի դեպքում՝ մինչև 5 էջ։ Վերջերս ես միջնորդություն ունեցա՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, և այդ դատական ակտը 120 էջից էր կազմված։ Հետևաբար, մենք շատ երկար ժամանակ ենք տրամադրում դատական ակտերը կազմելու վրա, և ես կարծում եմ՝ եթե տրամաբանությունը փոխվի, աշխատանքի ծավալն ու մեր՝ աշխատավայրում գտնվելու ժամանակահատվածը կկրճատվի։
-Երբևէ զղջացե՞լ եք դատավորի մասնագիտությունն ընտրելու համար։
-Ոչ, երբեք։ Սա այն աշխատանքն է, որտեղ ես լավագույնս կարող եմ դրսևորել իմ մասնագիտական գիտելիքները։ Միակ մոտիվացիան, որը անձանց ստիպում է պաշտոնավարել՝ դա սերն է աշխատանքի նկատմամբ, հակառակ դեպքում՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը, այն ժամանակը, որ մենք ընտանիքից խլում և տրամադրում ենք աշխատանքին, ուրիշ որևէ մոտիվացիա չի կարող լինել։
–Իսկ պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, երբ օրենքն այլ բան է նախատեսել, բայց խղճացել եք, որպես մարդ ցանկացել եք այլ կերպ վարվել:
-Մեր օրենսդրությունը բավականին մարդակենտրոն է, և, հիմնականում, ես չեմ պատկերացնում այնպիսի իրավիճակ, որ մարդկային առումով դատավորը կցանկանա մի որոշում կայացնել, սակայն օրենսդրությունը թույլ չի տա դա անել։ Ընդհանուր ՀՀ օրենսդրության տրամաբանությունն այն է, որ դատավորը պարտավոր է հաշվի առնել անձին բնութագրող բոլոր հանգամանքները։ Դատավորը բոլոր պարագաներում ստիպված չի լինի այնպիսի որոշում կայացնել, որը իր խղճից է բխում, բայց հակասում է օրենսդրությանը։
–Պաշտոնավարման ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ Ձեզ փորձեն ուղղորդել, ճնշել կապված հանրային հետաքրքրություն ունեցող գործերի հետ։
-Ես կարող եմ ասել, որ ես ցանկացած գործով երբևէ որևէ զանգ չեմ ստացել։
–Որպես երիտասարդ դատավոր, ինչպե՞ս եք վերաբերվում դատավորների տարիքային շեմի նվազեցմանը, մի շարք իրավաբան, փաստաբաններ դրա հետ կապված բացասական կարծիք ունեն։
-Ես կարծում եմ՝ երիտասարդ դատավորները համակարգ գալիս իրենց հետ բերում են նոր, թարմ գաղափարներ։ Երիտասարդ դատավորները ժամանակակից հասարակության խնդիրները որոշ պարագայում ավելի լավ են հասկանում, ավելի պատրաստակամ են ընդունել ժամանակակից տեխնոլոգիական զարգացման ընթացքում նոր իրավական մեկնաբանությունները։ Ես կարծում եմ, իհարկե, փորձառությունը կարևոր է, բայց առաջնային տարիքը չէ, այլ պրոֆեսիոնալիզմը, մասնագիտական պատրաստվածությունը, էթիկական չափանիշները, որոնց դատավորը տիրապետում է, և հանձնառությունը՝ զարգացնելու դատական համակարգը։
–Եղել են դեպքեր, երբ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ներառված անձինք դարձել են դատավոր, անաչառության խնդիր տեսնո՞ւմ եք այստեղ։
-Ես կարծում եմ՝ «Քաղաքացիական պայմանագրի», այլ, ցանկացած որևէ կուսակցության նախկին անդամի՝ կուսակցական եղած լինելու հանգամանքը չի կարող անաչառության հետ կապված խնդիր առաջացնել։ Օրինակ՝ զարգացած իրավական համակարգ ունեցող երկրներում, ես պարբերաբար Գերմանիայի օրինակն եմ բերում՝ հաշվի առնելով, որ առնվազն այնտեղի փորձին տիրապետում եմ։ Այդ երկրում դատավորները պաշտոնավարման ընթացքում կարող են լինել ցանկացած քաղաքական կուսակցության անդամ։ Պայմանը այն է, որ դա որևէ կերպ չպետք է ազդեցություն ունենա դատավորի աշխատանքի անկողմնակալության վրա։ Առավել ևս, Ձեր նշած պարագայում, որ անձը նախկինում է եղել որևէ կուսակցության անդամ, ես կարծում եմ, որ որևէ խնդիր չի առաջացնում։ Պետք է ուսումնասիրել տվյալ անձի վարքագիծը մինչև դատավոր դառնալը և դատավոր աշխատելու ընթացքում։
Հարցազրույցը՝ Մարիամ Անտոնյանի
Լուսանկարները՝ Լուսինե Հակոբյանի