Արթուր Ստեփանյանը դատական համակարգում է 2005 թվականից։ Դատավորը 2018 թվականին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում, իսկ 2022թ-ի հունվարին ընտրվել է Դատավորների միության փոխնախագահ։
Իրավաբան․net-ի` «Հայաստանի դատավորները» հարցազրույցների շարքի շրջանակում դատավորն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, Բարձրագույն դատական խորհրդի գործունեությանը, ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը և այլ հարցերի։
-Պարոն Ստեփանյան, արդեն երկար տարիներ է՝ դատական համակարգում եք։ Սկզբում որպես դատավորի օգնական, այնուհետև՝ որպես դատավոր։ Ինչպիսի՞ էվոլյուցիա է ապրել դատական համակարգը 2005-ից ի վեր։
-Իմ ամբողջ աշխատանքային կյանքը, 20 տարեկանից սկսած, անցել է դատարանում, դատական համակարգում։ Բավականին մեծ էվոլյուցիա է ապրել։ Օրինակ՝ տեխնիկական հագեցվածության մասով, դատական նիստերը չէին ձայնագրառվում։ Բացի այդ, օրենսդրական հսկայածավալ փոփոխություններ են եղել, մասնագիտացված դատարաններ են ստեղծվել, դատական համակարգը բավական մեծ զարգացում է ապրել և դրան զուգահեռ զարգացում է ապրել նաև փաստաբանական համայնքը։
-Այդ զարգացումը բավարար համարո՞ւմ եք միջազգային չափանիշներով ։
-Ես մի քիչ խիստ եմ, այդ թվում՝ իմ նկատմամբ։ Միշտ մտածում եմ, որ կարող էր ավելի լավը լինել։ Մասնավորապես ԱՄՆ-ում դատավորի, դատարանի հանդեպ անսահման վստահություն կա։ Մի անգամ դատական նիստի էինք մասնակցում Միացյալ Նահանգներում, դատավորը իրենց կարգի համաձայն առանց խորհրդակցական սենյակ գնալու անձին դատապարտեց ազատազրկման, հետո հարցրեց՝ բողոքարկելո՞ւ ես։ Ասաց՝ ոչ, շնորհակալություն, ցտեսություն, ու նրան տարան քրեակատարողական հիմնարկ։ Իմ ստացած տպավորությամբ՝ եվրոպական երկրներում անսահման վստահություն կա դատական իշխանության նկատմամբ։ Մեզ մոտ այդ չափով վստահություն չկա ո՛չ դատավորի, ո՛չ դատական իշխանության նկատմամբ։
Ինձ թվում է՝ պատճառներն այնքան էլ օբյեկտիվ չեն, ավելի շատ սուբյեկտիվ են։
-Դատավորների սոցիալական երաշխիքների մասին խոսելով որոշ դատավորներ նշում են, որ Հայաստանում դրանք բավարար չեն։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք։
-Պետք է նախ ճշտել՝ նման երաշխիքներ կա՞ն, թե՝ ոչ։ Դրանք աննշան են։ Դատավորի սոցիալական երաշխիքը կենսաթոշակն է, սակայն մեր մի շարք կոլեգաներ, ովքեր գնացին թոշակի, մեկ տարուց ավելի թոշակ չէին ստանում։ Դա նորմալ չի․ մանավանդ դատավորի համար, որը կաշկանդված է բիզնես գործունեությամբ, և բացի գիտա-մանկավարժական աշխատանքից չի կարող ուրիշ բանով զբաղվել։ Գնում է թոշակի ու մի տարի թոշակ չի ստանում։ Հիմա հարցը ինչ-որ չափով կարգավորվել է։ Մեկ էլ մի երաշխիք ունենք․ ինչպես բոլոր պետական աշխատողները, այնպես էլ մենք սոցիալական փաթեթ ունենք, ինչ-որ գումարի սահմաններում հանգիստն է։ Այլ սոցիալական երաշխիքի մասին ես չգիտեմ։
-Ի՞նչ փոփոխություններ կառաջարկեիք Դուք։
-Այս ոլորտում շատ բան կարելի է անել, սկսած առողջապահական ապահովագրությունից։ Թվում է՝ դատավորը ամբողջ օրը դատարանում, իր աշխատասենյակում փափուկ բազկաթոռին նստած է, բայց շատ ծանր աշխատանք է կատարում։ Ամեն օր մի քանի դատական ակտ, մի քանի տասնյակ դատական նիստ, որոնք էականորեն իրարից տարբեր են․․․ հեշտ չի։ Բնականաբար դա դրական ազդեցություն չի ունենում առողջության վրա։
Բացի այդ, հանգստի և սպորտի հետ կապված փաթեթներ կարելի էր տրամադրել ինչպես դատավորին, այնպես էլ նրա ընտանիքի անդամներին։ Դատավորի երեխաների ուսումնառության հետ կապված կարելի է փաթեթներ մշակել։
-Պարոն Ստեփանյան, չենք կարող չխոսել վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցող գործընթացների մասին։ Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի գաղտնի ձայնագրությունը: Այն հրապարակելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձում էր համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի: Ի՞նչ տպավորություն ունեք հրապարակված ձայնգրությունից։
-Արձագանքս հակիճ կլինի։ Պարոն Վարդազարյանը և Ջհանգիրյանը իրենց կարծիքը հրապարակել են ձայնագրության վերաբերյալ։ Մամուլից տեղեկացա, որ քրեական գործ է հարուցվել, անձինք են հարցաքննվել, թե ինչ ընթացք է այն ստացել՝ չգիտեմ։ Այս ամենը օրենսդրական իմաստով ինձ կաշկանդում է կարծիք, դիրքորոշում արտահայտելու համար։ Զուտ զգացողության առումով՝ թե՛ ձայնագրության առկայությունը, թե՛ հրապարակումը, թե՛ բովանդակությունը ինձ համար հաճելի չէր։
-Հիասթափություն չկա՞ր մասնագիտությունից։
-Մի բան պատմեմ․ երեկ երեկոյան մեքենաս անսարք էր, օգնականիս խնդրեցի՝ իջեցներ Կենտրոն։ Երիտասարդ տղա է, ինքն էլ է ապագայում ցանկանում դատավոր դառնալ։ Ինձ մի հարց տվեց․ ասաց՝ պարոն Ստեփանյան, այսքան ժամանակ եղել է, որ փոշմանել եք, որ դատավոր եք դարձել։ Ասացի՝ մի վայրկյան չի եղել։ Այս դեպքում էլ, մի վայրկյան չեմ փոշմանել։
-Ի՞նչ ազդեցություն կունենա հրապարակված գաղտնի ձայնագրությունը դատական համակարգի հետագա գործունեության վրա։
-Չեմ կարող ասել, դա ժամանակը ցույց կտա։ Միգուցե ընդհանրապես ազդեցություն չունենա, միգուցե՝ վնասի դատական իշխանությանը։
-Ի՞նչ կասեք Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մասին։ 4 տարուց ավելի է՝ խորհուրդը գործում է։ Դատավորների, դատական իշխանության համար զգալի փոփոխություններ կա՞ն։
-ԲԴԽ-ն ունի 5 դատավոր անդամ, 5 իրավաբան-գիտնական անդամ։ Այս 4 տարվա ընթացքում ավելի քան 10 անդամի լիազորություններ դադարեցվել են, սակայն որևէ մեկինը պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված չի եղել։ Բացի այդ, այս պահի դրության խորհրդի 4 ղեկավար է փոխվել։ Իմ կարծիքով՝ այդ հանգամանքները չեն նպաստում նոր ստեղծված սահմանադրական մարմնի բարենպաստ ու արագ կայացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարցազրույցը՝ Եվգենյա Համբարձումյանի