Iravaban.net-ի «Հայաստանի դատավորները» հարցազրույցների շարքի շրջանակում զրուցել ենք Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանի հետ։ Նա պատմել է իր մասնագիտության ընտրության, դատավորի աշխատանքին բնորոշ առանձնահատկությունների, ոլորտային այլ հարցերի մասին։
-Տիկին Ավագիմյան, կպատմե՞ք մասնագիտության ընտրության մասին, ինչպե՞ս որոշեցիք հենց իրավաբան դառնալ։
-Իրավաբանի մասնագիտությունը շատ վաղ տարիքից եմ ընտրել, շատ փոքր տարիքից որոշել էի, որ անպայման պետք է իրավաբան դառնամ։ Ժամանակի, տարիների ընթացքում որոշումս էլ ավելի ամրապնդվեց, և արդեն գիտակից տարիքում միանշանակ էր, որ պիտի դառնամ իրավաբան, և հետագա բոլորը քայլերը տարան նրան, որ սա միակ մասնագիտությունն էր, որը իմ սրտին հոգեհարազատ էր։
-Բայց հետո տարբեր ուղղություններով շարժվելու հնարավորություն ունեիք, ինչու՞ ընտրեցիք հենց դատավորի ճանապարհը։ Եվ, եթե ոչ դատավոր, ապա ո՞ր մասնագիտությունը Ձեզ հոգեհարազատ կլիներ։
-Ես դատական համակարգում սկսել եմ աշխատել 2015 թվականից։ Դատական համակարգում քայլերին զուգահեռ, արդեն իսկ հստակ էր վերջնական նպատակը, որ դա դատավորի առաքելությունը ստանձնելը պետք է լիներ։ Շատ բարդ աշխատանք էր դա, և շատ բարդ ժամանակահատված էր, երբ ես աշխտատում էի դատական համակարգում։ Բազմաթիվ քաղաքացիական գործեր էին գալիս, ընդ որում, անհնար էր ֆիզիկապես հաշվել, քանակը հիշել, քանի որ դրանց թիվը հասնում էր 2-3000-ի, և մենք, աշխատելով դատավորի աշխատակազմում, փորձում էինք ապահովել այդ ամբողջ ընթացքը։
-Ի՞նչ եք կարծում, դատավորը իրավունք ունի՞ սխալվելու, և եթե ունի, դրանից հետո նա կարո՞ղ է շարունակել արդարադատություն իրականացնել։
-Եթե փիլիսոփայական տեսանկյունից պատասխանեմ, յուրաքանչյուրը ունի սխալվելու իրավունք, սակայն էստեղ էական է սխալի բնույթը, բովանդակությունը և ծավալը։ Ես շատ հաճախ դատավորներին ու իրավաբաններին համեմատում եմ բժիշկների հետ, ասում եմ, որ նրանք գործ ունեն մարդու կյանքի հետ։ Այստեղ սխալվելու հնարավորությունը հնարավոր չէ բացառել, բայց, այդուհանդերձ, դա պետք է հասցվի նվազագույն մակարդակի։
Մանրամասները՝ տեսանյութում։