Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը դատական համակարգում է 1993 թվականից: Սկզբում որպես գործավարի, հետո նիստերի քարտուղարի, իսկ 2013 թվականի ապրիլի 4-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Բավականին երկար ժամանակ աշխատել է որպես փաստաբան, իրավաբան:
«Հայաստանի դատավորները» շարքի շրջանակում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի հետ խոսել ենք Բարձրագույն դատական խորհրդի դեմ ներկայացրած հայցադիմումի, դատական համակարգի անկախության և դատավորներին անհանգստացնող խնդիրների մասին:
–Վարչական դատարան հայցադիմում եք ներկայացրել ընդդեմ բարձրագույն դատական խորհրդի: Կարո՞ղ եք ներկայացնել, թե որն է պատճառը:
– Հայցադիմումը վերաբերում է վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորի թափուր պաշտոնում առաջադրվելու և նշանակվելու առաջխաղացման ցուցակներին: Անցյալ տարի տեղի ունեցավ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թափուր տեղերի համալրման և վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համալրման վերաբերյալ մրցույթ, երկուսին էլ դիմեցի: Վճռաբեկի դեպքում թեկնածուի, իսկ վերաքննիչի դեպքում դատավորի թափուր հաստիքում չընտրվեցի: Այս առումով Դատական օրենսգիրքը շատ լուրջ թերություններ ունի և նպատակն էր այս հայցադիմումով բարձրաձայնել այդ թերություններ մասին, ձևավորել պրակտիկա և ունենալ օրենսդրություն, որը ավելի կանխատեսելի կդարձնի դատավորների համար իրենց առաջխաղացման գործընթացը:
-Նման դեպք ունեցանք, երբ դատավորներ Ալեքսեյ Սուքոյանը և Կարինե Պոտրոսյանը դատարան են դիմել՝ սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը (ԲԴԽ) որոշումը անվավեր ճանաչելու պահանջով: Իրավաբան.net-ի հետ զրույցում նրանք նշել էին, որ հայցադիմումի ներկայացումից հետո նրանց նկատմամբ անուղղակի ճնշում է գործադրվել: Ձեզ վրա նման ճնշում զգացե՞լ եք:
-Դեռ նման ճնշում չեմ զգացել ինձ վրա: Իհարկե, ներքին մոտեցման, վերաբերմունքի, անձնական վատ տրամադրվածության մասին որևէ վատ բան չեմ կարող ասել, որովհետև նման շփում չունեմ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ: Շատ ուրախ եմ, որ իմ աշխատանքի վրա դա որևէ կերպ չի անդրադարձել:
-Վերոնշյալ դատավորները նշում էին, որ ԲԴԽ որոշումը պատճառաբանված չէր և հենց այդ պատճառով են դատարան դիմել: Դուք նույնպես պատճառաբանություն եք ուզում ստանալ:
–Այո, և’ իմ վերաբերյալ որոշումները, և’ ԲԴԽ ցանկացած որոշում պատճառաբանված չէ: Իհարկե, ԲԴԽ-ն բարձրացնում է նաև օրենսդրական հարցեր, մասնավորապես, որ Դատական օրենսգիրքը նախատեսում է փակ և գաղտնի քվերակություն, որի դեպքում իրենք չեն տեսնում, թե ինչպես է հնարավոր այդ որոշումները պատճառաբանել: Օրենսդրական խնդիր կա, բայց չեմ կարծում, որ դրա լուծումները հնարավոր չէ գտնել առանց օրենսգիրքը փոխելու: Այսինքն, որոշումների պատճառաբանվածությունը շատ կարևոր է, որովհետև իրենք գործ ունեն դատական համակարգի հետ և մեր ԲԴԽ-ն շատ լայն լիազորություններ ունի և այս առումով կարծում եմ, որ պարտադիր է դրանք պատճառաբանելը: Դատավորին պետք է ասել, գոնե բանավոր, ինչու է նախապատվությունը տրվել այլ թեկնածուի, այլ ոչ թե իրեն: Պետք է ասել՝ դու ունես այս թերությունները, որպեսզի դատավորը իր գործունեության ընթացքում դա շտկի: Կամ եթե չկան թերություններ, թող ասեն՝ այս թեկնածուն ունի այս առավելությունները, և դրա համար մենք գտնում ենք, որ նա ավելի է համապատասխանում չափանիշներին: Սա միայն իմ սուբյետիվ ընկալումը չէ, դա միջազգային ընդունված փորձ է, և Վենետիկի հանձնաժողովը դա նույնպես ընդգծել է: Հանձնաժողովը նաև նշում է, որ դրանք պետք է բողոքարկման ենթակա լինեն:
-Սակայն մեր օրենսդրությամբ ԲԴԽ որոշումների բողոքարկման կարգ նախատեսված չէ և որոշման վերջում էլ նշվում է, որ որոշումը վերջնական է, այսինքն, ենթակա չէ բողոքարկման:
-Այո, մեր օրենսդրությամբ բողոքարկման ինստիտուտ նախատեսված չէ, և այդ բացը, դե ֆակտո, լրացվում է վարչական վարույթի շրջանակներում: Այսինքն, բարձրագույն դատական խորհրդի որոշումները, որպես վարչարարություն, ընկնում են վարչական դատարանի իրավասության մեջ: Այս դեպքում առաջանում է օրենսդրական փոփոխություն նախաձեռնելու խնդիր: Եթե մենք գտնում ենք, որ վարչական դատարանը այնքան էլ հարմարեցված չէ ԲԴԽ-ի որոշումները վերանայելու համար, ուրեմն մենք պետք է ունենանք այլ մարմին: Վարչական դատարանը հիմա վերանայում է այդ որոշումները, քանի որ սա վարչարարություն է և իր իրավասության մեջ է և մենք չունենք բողոքարկման այլ ատյան, որպեսզի դատավորը իրացնի իր իրավունքը:
-2014 թվականին Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ «դեռ չեք հասցրել զզվել դատական համակարգից»: 5 տարի անց նույնը կարո՞ղ եք պնդել:
-Չէ, անկեղծ ասեմ, նույնը չեմ կարող պնդել և հիմնականում դա կապված է ծանրաբեռնավածության հետ: Դատավորն այսօր չափից դուրս ծանրաբեռնված է աշխատում: Ծանրաբեռնվածությունը, նյութատեխնիկական ապահովվածությունը. մենք անընդհատ որևէ տեխնիկական խնդիրների առաջ ենք կանգնում: Մեր գործը առանց այն էլ շատ ծանր է և շատ դժվար հարցերի առաջ ենք կանգնում և դրան գումարվում է նաև նյութատեխնկական վատ ապահովվածությունը: Իմ պայմանները շատ լավն են, կան դատավորներ, որոնք այնպիսի վատ պայմաններում են աշխատում, նման բան չի կարելի թույլ տալ: Գոնե մինիմալ պայմանները դատավորի համար պետք է ապահովվել:
Բացի դրանից, այսքան գործի պայմաններում դատավորը չի կաողանում իր մասնագիտական աճի վրա ուշադրություն դարձնել, նոր որոշումներ ուսումնասիրել, միջազգային փորձ ուսումնասիրել և անընդհատ տեխնիկական աշխատանք է կատարում: Դա, իհարկե, ազդում է էնտուզիազմի վրա: Հուսով եմ, որ ինչ-որ ձևով այս հարցերը կլուծվեն:
-Հիմա ի՞նչ է անհրաժեշտ դատարաններին:
-Դատարանների պայմանները, սենյակային պայմանները, հնացած տեխնիկան, աշխատողների փոքր թիվը՝ գործի հետ համեմատած: Եթե համեմատեք, թե 4-5 տարի առաջ քանի հոգի էր դիմում դատավոր դառնալու համար և հիմա քանի հոգի է դիմում, այդ կտրուկ անկումը ցույց է տալիս, որ դատավորների աշխատանքը դարձել է ոչ գրավիչ: Նաև հասարակության վատ վերաբերմունքն է դրան նպաստում, վստահության անկումը դատարանների, դատական համակարգի նկատմամբ:
-Ծանրաբեռնվածության մասին խոսեցիք: Ձեր վարույթում այս պահին քանի՞ գործ կա:
-Իմ վարույթում այս պահին 600-700 գործ կա: Ճիշտ է, նախորդ տարիներին ավելի մեծ թվով գործեր եմ ունեցել, սակայն գործերը բարդացվել են: Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի ընդունումից հետո որոշ հարցեր հեշտացվել են, պարզեցվել են, բայց ամեն դեպքում, գրագրությունը, տեխնիկական աշխատանքը շատ-շատ է, որը որոշ գործերի դեպքում ավելի է երկարաձգում գործի քննությունը և լրացուցիչ աշխատանքի կարիք է ստեղծում:
-Մայիսյան իրադարձություններից հետո դատարանների նկատմամբ վստահության աճ զգացե՞լ եք:
-Վստահության, չեմ կարող ասել, բայց զգացել եմ, որ մարդիկ շատ ավելի պահանջատեր կեցվածք են ընդունում դատարանի նկատմամբ: Պահանջում են, որ իրենց գործը արագ քննվի, տեղեկությունը ավելի շուտ տրամադրվի և այլն: Պահանջատիրությունը ես լավ եմ գնահատում:
-Դատարանները հիմա ավելի անկա՞խ են:
-Դատավորի համար շատ զգայուն թեմա է դա: Դատավորը էթիկայի տեսակետից իրավունք չունի քննադատել մեկ այլ դատավորի կամ դատական համակարգի հեղինակությանն ուղղված որևէ բան ասի: Ես կարող եմ ասել, որ լրջագույն խնդիրներ կան դատական համակարգում, ինչպես այլ համակարգերում: Դատարանների անկախությունը և դատական համակարգի նորմալ գործունեությունը դա պետության կարևորագույն սկզբունքներին ուղղված գործունեություն է: Օրենքի գերակայությունը հիմնականում ապահովում է դատական համակարգը: Մենք ունենք օրենսդիր, գործադիր և դատական համակարգ, սակայն, ինչպես գիտենք, օրենսդիրը և գործադիրը գրեթե նույն ուժն է ղեկավարում և այստեղ մնում է միայն դատական իշխանությունը, որն ապահովում է այս իշխանությունների տարանջատման սկզբունքը: Եթե դատական իշխանությունը անկախ չլինի, դա կնշանակի, որ չկա ժողովրդավարություն, չկա օրենքի գերակայություն: Եվ սա պետության համար թիվ 1 խնդիրն է:
Անկախությունն ապահովելու համար շատ մեծ ջանքեր և մեծ ներդրումներ են հարկավոր: Նույնիսկ դատավորների վարձատրությունը դատավորների անկախության վրա ազդող կարևորագույն ազդակներից մեկն է: Եթե դատավորը պատշաճ չի վարձատրվում, անկախության տեսակետից մենք խնդիր ունենք:
Եթե մենք ասում ենք՝ մայիսից մենք անկախ ենք, թե՝ ոչ, դա չի կարող մայիսից միանգամից փոխվել: Մայիսից որևէ գործողություն չի կատարվել դատավորների անկախությունը երաշխավորող պայմանների ապահովման համար:
-Եթե գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ «զանգովի արդարադատություն» այլևս չի լինելու, դա դատական համակարգի անկախությունն ապահովող քա՞յլ է, թե՝ ոչ:
–Դրական քայլ է, ճիշտ քայլ է, բայց չեմ կարծում, որ բավարար քայլ է դատարանի անկախության համար: Չեմ կարծում, որ միայն հայտարարելը՝ այլևս զանգեր չեն լինելու, դա բավարար է, որ դատավորը անկախ լինի: Դատավորի վրա կարող է ազդել պաշտոնատար անձի ցանկացած հայտարարություն՝ որևէ գործի վերաբերյալ:
Եթե պաշտոնատար անձը հայտարարում է, որ այս գործող դատարանը պետք է այսպիսի բան անի, այսպիսի որոշում կայացնի, դա բավարար է, որպեսզի դատավորը կաշկանդվածություն զգա: Դեռ չեմ ասում, որ պաշտոնատար անձը իրավունք չունի նման հայտարարություն անելու:
Այդ հայտարարությունը շատ փոքր կամքի դրսևորում է: Այն ոչ միայն բավարար չէ, այլ նաև ինքն իրենով էական էլ չէ: Ենթադրենք չի զանգում հեռախոսով ասում, բայց սոցիալական կայքերով բացահայտ իր տեսակետն է ասում, որ ճիշտը սա է, դատավորը պետք է այսպիսի որոշում կայացնի, կասեք ինձ՝ ո՞րն է տարբերությունը, հեռախոսով է ասել, թե սոցցանցով: Չկա տարբերություն:
–Փետրվարի 14-ին ԲԴԽ-ն հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը, որի համաձայն, դատավորի լիազորությունները դադարեցվել են: Նա պնդել է, որ իր կողմից վրիպում է եղել, որի պատճառը գերծանրաբեռնվածություն ու աշխատակազմի ոչ համալրված լինելն է:
-Կոնկրետ ինձ համար ասեմ, որ եղել են վրիպակներ, նաև լուրջ վրիպակներ էլ են եղել, բայց, իմ կարծիքով, օբյեկտիվ իրավաբանը և ոչ իրավաբանը կարող է հասկանալ՝ դա իրոք վրիպակ է, թե՝ որոշակի դիտավորություն: Իրոք դատավորները շատ ծանրաբեռնված են, տեխնիկական աշխատանքը այնքան շատ է, որ շատ հեշտ է վրիպելը և սխալվելը, բայց ամեն դեպքում դա էլ պետք է իր սահմանը ունենա: Ծանոթ չեմ պարոն Մելքումյանի կարգապահականի վերաբերյալ որոշմանը, բայց ամեն դեպքում ասեմ, որ միջազգային ստանդարտն էլ սահմանում է, որ բացառիկ դեպքերում պետք է դատավորի լիազորությունները դադարեցվեն:
-Շատ է խոսվում դատավորների վրա քաղաքական ճնշումների գործադրման մասին, սակայն չի խոսվում հասարակական կարծիքի ազդեցության մասին և շատերը խոսում են այն մասին, որ խափանման միջոցի փոփոխման դեպքերը, որոնք արձանագրվեցին վերջերս, հասարակական կարծիքի ազդեցությամբ եղան:
-Հասարակական կարծիքն, իհարկե, ազդում է, և դա անթույլատրելի է: Դատավորը պետք է անկախ լինի ոչ միայն օրենսդիրից, գործադիրից, այլ նաև հասարակական կարծիքից: Անթույլատրելի է այն, որ հասարկությունը պետք է որոշի, թե ով պետք է կալանավորվի, և ով՝ ոչ: Այս երևույթի դեմ որոշակի գործողություններ պետք է արվեն: Մենք կհանգենք ավելի վատ իրավիճակի, քան երբևէ եղել է դատական համակարգը:
Կալանքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ խիստ կարծիք է արտահայտել Հայաստանի նկատմամբ: Եվրադատարանը նշել էր, որ Հայաստանում կալանքի բողոքարկումը արդյունավետ չէ: Դա ամենավատ գնահատականն է պետության նկատմամբ: Եթե մենք դրանից հետո ուզում ենք, որպեսզի այդ գնահատականը ավելի վատանա, այո, եկեք հասարակական կարծիքը լսենք և որոշում կայացնենք, բայց դա անարխիայի կհանգեցնի:
Հասկանում եմ, որ դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացման խնդիր ունենք: Այդ երևույթը չափազանց վտանգավոր է, և առաջին հերթին պետությունը պետք է շահագրգիռ լինի, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն:
-Մենք ուսումնասիրել ենք Ձեր ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը: 2014 թվականին մեքենա էիք հայտարարգրել և բնակարան՝ 51 հազար դոլար արժողության: Հայտարարագիրը ներկայացնելուց հետո մամուլում մի քանի հրապարկում եղավ այս մասին՝ ոչ դրական լույսի ներքո: Եվ հաջորդ տարիների հայտարարագրերում մեքենան և բնակարանը չհայտնվեցին: Բնակարանը նշվեց, որ վաճառվել է:
–Դրանում մամուլի ազդեցությունը հաստատ չկար: Իմ մեքենան ես վաճառել էի ու գնել էի այդ մեքենան, որը փոխանցման տուփի հետ կապված խնդիրներ ուներ: Այն պատվիրվել էր ԱՄՆ-ից, ես գեթ 1 օր էլ այդ մեքենան չեմ վարել և վերադարձրել եմ, որպեսզի վաճառեն և իմ գումարը վերադարձնեն:
Բնակարանը գնվել էր հիփոթեքով, բայց ես հետո վաճառեցի, քանի որ հետո ավելի մատչելի տարբերակ եղավ պետական ծառայողների համար: Ես դա վաճառեցի, որ մյուս բնակարանը ձեռք բերեմ և արդեն ձեռք եմ բերել:
-Նշվում է նաև դրամական միջոցների մասին 80 հազար դոլար և 23 հազար եվրոյի չափով:
-Այդ գումարները ես տնտեսել էի բնակարան ձեռք բերելու համար: Դա իմ փաստաբանական գործունեության միջոցով վաստակած և խնայած գումարն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցազրույցը՝ Եվգենյա Համբարձումյանի
Լուսանկարները՝ Յուրա Զոհրաբյանի