ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք:  Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը:

«Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև մասնագետներ են հրավիրել, որպեսզի հասկանան, թե ինչով է դա պայմանավորված եղել»,-ասաց Նուրբեկյանը:

ԿԲ փոխնախագահը կարևորեց պատճառը հստակեցնելը՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար:

«Կենտրոնական բանկը, անկախ Arca-ի հայտարարություններից, իր վերահսկողության շրջանակներում դեռևս 2022 թվականից ունի վերահսկողական որոշակի ռեկոմենդացիաներ անընդհատության տեսանկյունից և հետամուտ է լինելու, որ դրանք կատարվեն: Մեծ մասը կատարվել է, որոշակի բաներ կան, որոնց ուղղությամբ պետք է Arca-ի հետ աշխատենք, որ շարունակի կատարել»,-ասաց ԿԲ փոխնախագահը:

Նա ընդգծեց՝ Հայաստանում անկանխիկի ծավալներն անգամներով աճել են, բնականաբար, համակարգերի ծանրաբեռնվածությունը ևս աճել է:

«Մինչև այս պահը համակարգային առումով չէինք տեսել էական խափանումներ, հիմա վերահսկողական տեսանկյունից ամբողջությամբ ուշադրության կենտրոնում կպահենք, որ համոզված լինենք, որ այսպիսի ռիսկերը կառավարելի են»,-նշեց Նուրբեկյանը:

Նա հիշեցրեց՝ ամբողջ աշխարհում՝ անգամ շատ զարգացած երկրներում, համակարգերը խափանվում են: Խնդիրն այն է եղել, որ այդ խափանումը երկար է տևել:

«Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ խափանումները լինեն ավելի կառավարելի: Դա խնդիր է, որ պետք է լուծենք»,-շեշտեց Նուրբեկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել