«Իմ մեղավորությունը բացակայում է». ԲԴԽ-ն դատավոր Վարդան Գրիգորյանի գործով հեռացավ խորհրդակցական սենյակ

ԲԴԽ-ում այսօր՝ օգոստոսի 4-ին, տեղի ունեցավ դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ԱՆ փոխնախարար Ներսես Զեյնալյանը ներկայացրեց միջնորդությունը՝ նշելով, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ լրատվամիջոցներից մեկի կայքում առերևույթ կարգապահական խախտման մասին 2025 թվականի մարտի 14-ի և հունվարի 29-ի հրապարակումների առթիվ 2025 թվականի ապրիլի 14-ին հարուցվել է կարգապահական վարույթ։

Ըստ ներկայացված միջնորդության՝ 2019 թվականի հունիսի 19-ի դատավճիռը 2020 թվականի մարտի 11-ին ուժի մեջ մտնելուց հետո կատարման հանձնելու կարգադրությամբ չի հանձնվել ՔԿՀ-ին։

«Տեղեկանալով, որ նշված դատավճռով դատապարտված անձը 2019 թվականի նոյեմբերի 29-ից մեկ այլ քրական վարույթի շրջանակներում կիրառված խափանման միջոց կալանքի արդյունքում գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում, դրսևորել է անգործություն և միջոցներ չի ձեռնարկել դատավճռի կատարումն ապահովելու ուղղությամբ»,-ասաց ԱՆ փոխնախարար Ներսես Զեյնալյան՝ հայտնելով, որ նկարագրված արարքով դատավորի կողմից սահմանափակվել է դատապարտյալի համապատասխան կարգավիճակից բխող իրավունքների իրացման հնարավորությունը, դատապարտյալը 3 օր մնացել է անազատության մեջ։

Դատավոր Վարդան Գրիգորյանը Զեյնալյանին հարցրեց՝ ազատազրկման պատժատեսակները ՀՀ-ում քանի մարմին կարող է կատարել, ի սկզբանե իրեն չէր կարող հայտնի լինել, որ դա պետք է կատարվեր ՔԿՀ-ի կողմից, վերջինս պատասխանեց՝ եթե խոսքը ազատազրկման մասին է, ապա դրա կատարումը վերապահվում է ՔԿՀ-ին։

«Դատավորին վերագրվում է խախտում ոչ թե ի սկզբանե դատավճիռն ի կատար ածելու կարգադրագիրը ՔԿՀ չուղարկելու համար, այլ մենք դատավարական եռօրյա ժամկետի սկիզբը համարել ենք տվյալ տարվա հունիսի 17-ը, այն պահը, երբ դատավորը տեղեկացել է, որ անձը գտնվում է ՔԿՀ-ում»,-ասաց Ներսես Զեյնալյանը։

Իր ամփոփիչ խոսքում դատավոր Վարդան Գրիգորյանը հետևյալն ընդգծեց․ «Օրենքը սահմանում է՝ վերադաս ատյանից գործը ստանալուց հետո եռօրյա ժամկետում կատարվող գործողություններ, օրենսդրությունը չի սահմանում մեկ գործողություն կատարելուց հետո 1-2 ամիս անց այլ գործողությունների կատարում, հետևաբար սա լիազոր մարմնի մեկնաբանությունն է օրենքի վերաբերյալ։

Պնդում եմ՝ օրենսդրական կարգավորումներ չունեցող իրավիճակի մեջ ենք հայտնվել, որում իմ մեղավորությունը բացակայում է»։

Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի օգոստոսի 25-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել