Iravaban.net-ի «Հայաստանի դատավորները» հարցազրույցների շարքի շրջանակում զրուցել ենք Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Ռուստամ Մախմուդյանի հետ։ Նա պատմել է իր մասնագիտության ընտրության, համակարգում առկա խնդիրների մասին, անդրադարձել ոլորտային այլ հարցերի։
-Պարո՛ն Մախմուդյան, ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց իրավաբանի մասնագիտությունը։ Այս հարցում ուղղորդումներ կամ խորհուրդներ եղե՞լ են։
-Միանգամից ասեմ, որ որևէ խորհուրդ, ուղղորդում, որևէ անձի ազդեցություն ուղղակի չի եղել։ Ես պարզապես առաջին անգամ իրավաբան դառնալու իմ մտադրության մասին գրել եմ դպրոցում՝ «ի՞նչ եմ ուզում դառնալ» վերնագրով շարադրության ժամանակ։
Հիմա կարող է հարց առաջանալ՝ ինչպե՞ս եղավ, որ հենց իրավաբանի մասնագիտությունն ընտրեցի։ Ավելի շատ, թեկուզ այդ ժամանակվա դպրոցական տարիների տրամաբանության մեջ արդարության հասնելու, և շատ դեպքերում տարբեր կոնֆլիկտային իրավիճակներում քո խոսքը ասելու տրամաբանության մեջ է եղել։
-Աշխատել եք մասամբ նման և տարբեր ոլորտներում՝ ՄԻՊ, Զինվորական դատախազություն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Ազգային ժողով, Դատական դեպարտամենտ։ Նշված վայրերից որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ ու հարմարավետ զգացել, և տարիներ շարունակ նշված ոլորտներում արձանագրված խնդիրներն այսօր, ըստ Ձեզ, լուծում ստացե՞լ են։
-Իրականում ճիշտ եք նկատում․ իմ աշխատանքային ուղին ոլորտային առումով շատ բազմասպեկտ է և բազմազան, բայց հավատացեք, որ ցանկացած մեկ այլ ոլորտ տեղափոխվելուց, էլ ավելի շահում է իմ կատարած կամ կատարելիք աշխատանքը։
Յուրաքանչյուր տեղ ուղեկցվել է որոշակի հիշողություններով, բայց միգուցե ավելի երկար տարիներ աշխատելու տրամաբանության մեջ, միգուցե նոր ստեղծված ինստիտուտի՝ մինչ օրս պահպանված բավականին լավ, դրական հիշողություններ ունեմ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից, որովհետև 2004 թվականի մարտի 1-ին, երբ որ նշանակվեցի այդ հաստատությունում՝ զրոյական վիճակ էր։
Մենք մոտ 10-12 հոգի էինք, կատարում էինք բոլոր տեսակի աշխատանքները, և ասեմ Ձեզ, որ այդ լավ հիշողությունների պատճառը օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնող անձանցով էր պայմանավորված։
-Քաղաքական անցյալ ունենալու փաստը խոչընդոտե՞լ է Ձեր մասնագիտական ընթացքին։ Եղե՞լ են դեպքեր, երբ դատավարության մասնակիցների մոտ հարցեր կամ դժգոհություններ են առաջացել այդ առումով։
-Քաղաքական կենսագրությունը միշտ դիտարկում եմ հետևյալ կերպ․ ցանկացած անձի մոտ աշխատանքային միջավայրերի փոփոխություն պետք է լինի, և դու քո բոլոր աշխատանքային միջավայրերում պիտի դրսևորվես՝ հավատարիմ մնալով քո մասնագիտությանը։
Իմ մասնագիտական, աշխատանքային առաջխաղացման մեջ ուղիղ, անմիջականորեն խոչընդոտներ չեն եղել, բայց միշտ, անգամ մամուլի մակարդակով, տարբեր կարծիքների առումով որոշակի թերահավատություն անձանց մոտ կարող է լինել, և եղել է։
Երբ որ 2016 թվականին ընդգրկվել էի դատավորների թեկնածուների ցուցակում, որոշեցի գնալ խորհրդարան՝ սահմանադրական բարեփոխումներից հետո նաև նախատեսված պահանջներից ելնելով։
Հոդված կար մամուլում՝ «Պիտի դառնա դատավոր, բայց կդառնա պատգամավոր» վերտառությամբ։ Հետաքրքիր էր, որովհետև որևէ ընդհանրություն այստեղ չկա։
Գործունեության ընթացքում երկու անգամ եմ ունեցել իրավիճակ՝ դատավարության մասնակիցներից մեկը ԱԺ նախկին պատգամավոր էր, բայց ոչ այն խմբակցությունից, որում ես էի գտնվում, մյուս կողմը բացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել՝ ասելով, որ քանի որ Դուք միասին պատգամավոր եք եղել, կունենաք կողմնակալ վերաբերմունք։
Իհարկե, ես բացարկ հայտնելու մասին միջնորդությունը մերժել էի, նախ ասելով, որ մենք նույն խմբակցությունից չենք եղել։
Ակնհայտ է, որ նշված պատգամավորի հետ ջերմ հարաբերություններ չենք ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում։