«Երիտասարդ կին դատավորը դեռևս ստիպված է ապացուցել, որ իր նկատմամբ գոյություն ունեցող թերահավատությունն անհիմն է»․ դատավոր Լիլի Դրմեյան

Iravaban.net-ի «Հայաստանի դատավորները» հարցազրույցների շարքի շրջանակում զրուցել ենք Հակակոռուպցիոն դատարանի քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր Լիլի Դրմեյանի հետ։ Դատավորը պատմել է իր մասնագիտության ընտրության, դատավորի աշխատանքին բնորոշ առանձնահատկությունների, համակարգում առկա խնդիրների և ոլորտային այլ հարցերի մասին։

-Տիկին Դրմեյան, կպատմե՞ք մասնագիտության ընտրության մասին։ Ձեր հայրը ևս դատավոր է եղել․ այդ հանգամանքը ազդե՞լ է Ձեր որոշման վրա։

-Ընտրությունս պատահական չի եղել։ Ես ծնվել ու մեծացել եմ իրավաբանների ընտանիքում։ Ծնողներս բազմամյա փորձառությամբ իրավաբաններ են, եղբայրս ևս իրավաբան է, միայն քույրս այլ մասնագիտություն ունի՝ դիվանագետ է։ Ես մեծացել եմ իրավական հարցերի շուրջ բուռն քննարկումների, դատական գործերի վերաբերյալ բազմաթիվ բանավեճերի, զրույցների մթնոլորտում, և կարծում եմ՝ ինչ-որ առումով, նաև ենթագիտակցորեն դա իր հետքն ու ազդեցությունն է ունեցել ինձ վրա։ Սակայն մասնագիտության ընտրության միակ հիմքը դա չէր, որովհետև հետզհետե, հատկապես դպրոցական ուսումնառության ընթացքում, միշտ խորհել եմ՝ ով եմ լինելու տարիներ անց։ Շատ լրջորեն եմ մոտեցել հարցին՝ հաշվի առնելով, թե որքան ճակատագրական այն կարող է լինել։ Կրթության ամբողջ ընթացքում շատ հանգամանքներ եմ սկսել հաշվի առնել, օրինակ՝ իմ խառնվածքը, միջավայրը, որտեղ ես ինքնադրսևորվում էի, հաշվի եմ առել հումանիտար գիտությունների նկատմամբ իմ սերն ու հետաքրքրվածությունը, որոշումներ կայացնելիս իմ կարողությունը՝ չշտապելու և հարցին բոլոր կողմերից նայելու։ Դատավորին բնորոշ վարքագիծն ու նրա աչքերով իմ առջև դրված խնդիրներին նայելը ինձ մոտ մշտապես եղել են, իսկ, օրինակ, փաստաբանական գործը՝ ամեն իրավաչափ մեթոդներով պաշտպանել մի կողմի շահերը, ինձ հոգեհարազատ չի եղել, նաև դրա համար էր, որ ընտրեցի ոչ թե փաստաբանի, այլ դատավորի աշխատանքը։

Մասնագիտության ընտրության հարցում երբեք ոչ մի խորհուրդ չեմ ստացել։ Շրջապատում կար համոզմունք, որ իրավաբան կդառնամ, բայց ընտանիքում երբեք ինձ խորհուրդներ չեն տվել, չեն ուղղորդել, բայց աջակցել են ընտրությանս հարցում։

Մասնագիտական գործունեությունս հենց առաջին իսկ քայլերից սկսվեց դատարանից։ Այս ընտրությունս պատահական չէր․ համոզմունք ունեի, որ իրավաբանի համար դատարանը լավագույն դպրոցներից մեկն է, եթե ոչ հենց լավագույնը, և չեմ սխալվել։

-Նշեցիք, որ մասնագիտության ընտրության հետ կապված ուղղորդումներ չեն եղել, բայց վստահ եմ, որ ծնողների կողմից, իրենց բազմամյա փորձից ելնելով, խորհուրդներ եղել են, դրանք ինչպե՞ս են օգնել կամ օգնում Ձեզ։

– Իրավական տարբեր հարցերի առնչությամբ բազմաթիվ քննարկումներ են լինում տանը՝ այդ թվում իմ նախաձեռնությամբ։  Իրավական հարցերի շուրջ իմ մտահոգություններով եմ կիսվում, չնայած ես սովորաբար ու առավելապես փորձում եմ գրականություն ուսումնասիրելով ու դատական ակտեր կարդալով իմ հարցերը սպառել։

Իրականում, յուրաքանչյուր խորհրդի հետադարձ հայացք գցելով՝ հասկանում եմ, թե ինչ խորը շերտեր կան դրանցում։ Հայրիկիցս ստացած խորհուրդներից մեկը, որ ամենաշատն եմ կարևորում․ այն է, որ օրենքը կիրառելիս դրա դրույթները դիտարկեմ օրենքի ամբողջության մեջ՝ չկտրված օրենքի մյուս մասերից, իրավունքի սկզբունքների տեսանկյունից ընկալեմ օրենքը, հասկանամ՝ ինչ է ուզում ասել օրենսդիրը տվյալ օրենքով։ Դա ինձ համար մշտապես զգոնության կոչնակ է եղել, որ կիրառվող օրենքն ամբողջապես ընկալեմ։

-Աշխատել եք որպես դատարանի նախագահի օգնական, հետո դատավորի օգնական, հետո արդեն դատավոր։ Բավական երիտասարդ տարիքում այդպիսի պատասխանատվությունը Ձեզ չի՞ վախեցրել։

-Հավելեմ, որ աշխատել եմ նաև Վճռաբեկ դատարանում՝ որպես իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ, փորձագետ եմ եղել։ Այսպես ասեմ, իմ պատկերացմամբ՝ թե՛ սկսնակ դատավորի, թե՛ բազմամյա փորձառությամբ դատավորի համար պատասխանատվության ծավալը լրիվ նույնն է․ ես այդ համոզմունքն ունեմ։

Պաշտոնավարման սկզբում այն զգացողություններն ու ապրումները, որ ունեցել եմ, վախ չէի անվանի։ 27 տարեկանում եմ սկսել պաշտոնավարումս ու հասկացա, որ իմ առաջ ունեմ խնդիր՝ արագորեն կենտրոնացնելու իմ մասնագիտական կարողությունները, գիտելիքները, ուժն ու էներգիան։ Ես ունեի խնդիր՝ առավելագույնս դասեր քաղելու այն ուսուցիչներից, որոնց հանդիպում էի իմ ճանապարհին, վերապատրաստման դասընթացներից։

Նշեմ նաև, որ իմ պարագայում կրկնակի դժվարություն կար, որովհետև ժամանակահատվածը, որը հատկացված էր վերապատրաստման ծրագրի համար, շատ սեղմ էր։ Այդ ընթացքում ջանում էի անել հնարավոր ամեն բան, որ պաշտոնավարման հենց սկզբից կարողանամ պարտականություններս պատշաճ կատարել։

Այսպես ասեմ՝ վախ չկար, կար պատասխանատվության շատ խորը զգացում։

–Ինչպե՞ս եք վերաբերվում բացասական կարծիքներին, քննարկումներին՝ կապված Ձեր աշխատանքի հետ։ Թեկուզ հարազատները կամ ընկերներն ասեն, որ Ձեր մասին սոցցանցերում որևէ հարց է քննարկվել, և այլն։

-Ես շատ դրական եմ վերաբերվում ցանկացած իրավացի, փաստարկված և առողջ քննադատության։ Սա նաև շատ կարևոր է հասկանալու համար, թե որքանով են պարզ եղել դատարանի գործողությունները հանրությանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով արձագանք տրվի դրանց կամ պրակտիկայում հետագայում ավելի տեսանելի ու ճշգրիտ ներկայացվի դատավարության այս կամ այն մասը։

Այս գործում ինքնաքննադատությունը բավարար չէ։ Ես ինքնաքննադատ եմ, բայց դա բավարար չեմ համարում սխալներ չանելու և ճիշտ որոշումներ կայացնելու համար։

Երբեք չեմ դրսևորում դոգմատիկ վերաբերմունք, որ «սա ճիշտ է և վերջ»։ Բնականաբար, որոշում կայացնելիս ես ունեմ իմ ներքին համոզմունքը ու երբեք կասկած չեմ ունենում, որ ճիշտ եմ վարվում։ Ամենադժվար պահը այդ ներքին համոզմունքին հասնելն է․ ո՛չ նիստ վարելը, ո՛չ դատական ակտ գրելը․․․ ամենադժվար բանը ներքին համոզմունք ձևավորելն է, որ դու իրոք արդարացի ես վարվում՝ օրենքի պահանջներին համապատասխան։

Քննադատությանը շատ դրական եմ վերաբերվում՝ միայն մի բացառությամբ, երբ դա լինում է անպատասխանատու կերպով, ոչ կոմպետենտ մարդկանց կողմից՝ առանց խորապես ըմբռնելու օրենքի պահանջը, որով առաջնորդվել է դատավորը։ Նման անհիմն քննադատությունն ինձ համար անընդունելի է, քանի որ դա ոչ թե իմ անձնական վերաբերմունքի խնդիրն է, այլ նման երևույթները կարող են անվստահություն ներշնչել դատարանի նկատմամբ։  Հատկապես մեր օրերում իրավական գործընթացները բավականին բարդ են թվում քաղաքացիների համար, կա այդ խնդիրը, և հաճախ որոշ դատական ակտեր, դատարանի որոշ գործողություններ իրավաբանության հետ առնչություն չունեցող անձինք ճիշտ չեն ընկալում։

Հիմնավոր քննադատությունը տեղ է թողնում նաև հետադարձ կապի․ մտածում ես՝ ի՞նչը պարզ չի եղել քաղաքացիների համար, որ հետագայում քո գործողություններով դրանք ավելի պարզեցնես ու հասկանալի դարձնես։

-Տիկի՛ն Դրմեյան, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը ՀՀ-ում համեմատաբար նոր է, որպես այդպիսի գործեր քննող դատավոր, եղե՞լ են դեպքեր, երբ Ձեզ փորձեն ուղղորդել, ճնշել կապված հանրային հետաքրքրություն ունեցող գործերի հետ։

-Երբևէ որևէ ձևով, որևէ տեղից, որևէ մեկից ո՛չ ճնշում, ո՛չ ազդեցություն, ո՛չ միջամտություն, անգամ դրանց փորձ չի եղել իմ նկատմամբ։ Ու ասեմ՝ դա ինձ համար շատ դրական և գոհացուցիչ է։ Որպես դատավոր կենտրոնանում եմ միայն իմ գործի վրա։ Սա, բնականաբար, դրական եմ գնահատում։ Այստեղ պետք է նկատել, որ մեծ հետաքրքրություն կա հանրության կողմից հանրային հնչեղություն ունեցող գործերով դեպի դատարանը, թե ինչ կորոշի դատարանն այդ գործով։

-Նաև կարող ենք ընդգծել փաստը, որ հասարակության ակնկալիքները նման գործերով բավականին մեծ են, մարդկանց ցանկությունները որևէ կերպ ազդու՞մ են Ձեր աշխատանքի վրա։

-Իմ կարծիքով՝ հասարակության ակնկալիքը պետք է լինի ցանկացած գործի՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, արդարացի, արդյունավետ լուծումը՝ առանց ձգձգումների, առանց «ուշացած արդարադատության»։

Բայց հասարակության որևէ ակնկալիք կամ սպասում չպետք է ունենա և չունի որևէ ազդեցություն ինձ վրա։ Նախ, իմ վարույթում գտնվող բոլոր դատական գործերին ես նույն սկզբունքով եմ մոտենում՝ անկախ դատավարության կողմի ով լինելուց։ Կա փաստ, կա օրենք, պետք է կիրառեմ այն և վեճին լուծում տամ․ որևէ այլ հանգամանք չի կարող նշանակություն ունենալ ինձ համար։

-Ոլորտի մասնագետները ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված գործերով հաճախ են բարձրաձայնում պատասխանող կողմից իրավունքների չարաշահման մասին, ի՞նչ կարծիք ունեք սրա հետ կապված։

-Լսել եմ նման կարծիքներ, բայց կարծում էի, որ դրանք ժամանակի ընթացքում անցել են, դա մասնագետների մոտ եղել է սկզբնական տպավորություն։ Փորձը ցույց տվեց, որ այս գործերի երկար ընթացքը նաև բազմաթիվ օբյեկտիվ գործոններով է պայմանավորված։

Նախ նշեմ մի քանիսը․ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով գործերի երկար քննությունը կարող է պայմանավորված լինել երկու կողմերի՝ նիստերից դուրս որոշակի բանակցային գործընթաց անցկացնելու կամահայտնությամբ, որը ես միշտ հարգում եմ։

Պատասխանողները ներկայացնում են ապացույցներ իրենց եկամուտների վերաբերյալ, որոնց ծանոթանալու և իր գնահատականը տալու համար հայցվորից ժամանակ է պահանջվում։ Այդ գործողությունների արդյունքում լինում են նաև հայցի փոփոխություններ։ Գործի երկար քննությունը կարող է պայմանավորված լինել հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու միջնորդությունների քննությամբ, ընդ որում, եթե հայցի հիմքի մեծ փաստական փոփոխություն է լինում, կարելի է ասել, գործի քննությունը նորից սկսում ենք զրոյական կետից։

Հաջորդ հանգամանքը օրենսդրության պարտադիր պահանջներն են․ դատավարական որոշ գործողություններ պահանջում են ժամանակ, դրանցով արգելակվում են կատարվելիք այլ գործողությունները, դա ևս գործի տևողության վրա ազդում է։

Հայցերի պարզման գործընթացն է երկար տևում, ու դա տրամաբանական է, որովհետև հայցերը ծավալուն են, և բազմաթիվ հարցեր պարզման ենթակա են։

Ինչ վերաբերում է դատավարության այս կամ այն մասնակցի կողմից դատավարական իրավունքների չարաշահումներ թույլ տալուն, ապա դատարանը ունի ոչ միայն իրավունք, այլև՝ պարտականություն՝ կիրառելու դատական սանկցիաներ, համարժեք գնահատականներ տալու իրավունքի չարաշահումներին և դատավարության պարտականություններն անբարեխիղճ կատարելու դեպքերին։

Ասեմ, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված են բավականին հստակ և գործուն մեխանիզմներ, այդ թվում նախորդ տարեվերջին օրենսգրքի 155.2 հոդվածով ներդրված գործիքակազմը՝ դատավարական որոշ իրավունքների պարբերական չարաշահումների դեպքում դրանց սահմանափակումներ կիրառելու հնարավորությամբ։

Իմ վարույթում քննվող գործերով, եթե լինում են նման չարաշահումներ, դատարանի կողմից արձագանք, բնականաբար, լինում է։

 –Որո՞նք են այն արդի մարտահրավերները, որոնց բախվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործեր քննող դատավորները։

-Միայն այն, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով գործերը նոր ինստիտուտի ներդրման արդյունք են, դա ինքնին մարտահրավեր է, որովհետև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով գործերի քննության դեպքում մենք չունենք կայացած դատական պրակտիկա, ըստ իս՝ այն գտնվում է սաղմնային, եփվող վիճակում (խոսքը օրենքով նախատեսված՝ գաղտնիք պարունակող տեղեկություններ տրամադրելու դիմումներով գործերին չի վերաբերում)։ Նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Հակակոռուպցիոն դատարանի համար սահմանված գործերի քննության ուղենիշային ժամկետների պահպանման խնդիրն է մարտահրավեր։ Որոշակի օբյեկտիվ հանգամանքների բերումով, գործի արդյունավետ քննության պահանջներից ելնելով՝ առաջանում է սահմանված ուղենիշային ժամկետների լուրջ խախտման վտանգ։

Այս հարցի շրջանակներում հարկ եմ համարում ընդգծել, որ ոլորտի համար անհրաժեշտ են ավելի շատ վերապատրաստումներ։ Ես արտասահմանյան փորձի ուսումնասիրությանն ուղղված 3-4 վերապատրաստման եմ մասնակցել, որը, կարծում եմ քիչ է։ Ինքս՝ որպես դատավոր, կուզեի ավելի շատ ուշադրություն դարձվեր այս հարցին։

-Ո՞րն է եղել Ձեր մոտիվացիան՝ դառնալու Հակակոռուպցիոն դատարանի դատավոր և քննելու վերը նշված գործերը։

– Հակակոռուպցիոն քաղաքացիական մասնագիտացման ընտրությունս ևս պատահական չէր։ Վճռաբեկ դատարանում որպես փորձագետ աշխատելու ժամանակահատվածում ես հասցրել եմ առնչվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթին՝գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրման դիմումների հետ կապված։ Ունեցել եմ փորձառություն՝ որոշակի ուսումնասիրություններ անելու, դատական ակտի նախագծեր պատրաստելուն եմ մասնակցել,  զբաղվում էի այդ ոլորտի իրավական փորձաքննությամբ։ Այդ ժամանակահատվածից ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ ոլորտի նկատմամբ։ Ոլորտի նոր լինելն արդեն իսկ մոտիվացնող է, քանի որ դա հնարավորություն է տալիս լինելու ոլորտում արդարադատության կայացման շինարարներից մեկը, այդ գործում ուրույն ներդրում ունենալ։ Եվ մյուս կողմից, ոլորտը բավականաչափ նեղ է՝ դրանում առավելագույնս հմտանալու և որպես մասնագետ կայանալու համար։

Պատահական չէ, երբ օրինակ են բերում ԱՄՆ փորձը․ այնտեղ իրավաբանները բավականին նեղ մասնագիտացում ունեն և դա օգնում է, որ մասնագետն իր գործում ավելի բանիմաց և արհեստավարժ լինի։

–Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վճիռներ ունեցե՞լ եք, և որ գործն է ներկայումս հասնում իր տրամաբանական ավարտին։

-Վերջերս ունեցել եմ մի վճիռ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման երկու պահանջների հետ կապված հայցային վաղեմություն է կիրառվել, և այդ հիմքով հայցը մերժվել է։ Այդ պահանջների մասով գործ է առանձնացվել, վճիռը բողոքարկվել է դատախազության կողմից, և գործի առանձնացված մասը այս պահին գտնվում է Վերաքննիչ դատարանում, իսկ մնացած մասի քննությունը իմ վարույթում շարունակվում է։

Իմ վարույթում երկու գործ գտնվում են դատաքննության փուլում։ Դրանցից մեկով դատաքննության ընթացքում ապացույցների գերակշիռ մասն արդեն իսկ հետազոտվել է։ Եթե հաջորդ դատական նիստում դատաքննությունն ավարտվի, ապա ապրիլ ամսվա սկզբին վճիռ կկայացվի։  

-Մարդկանց վստահությունն արդարադատությունն իրականացնող մարմինների նկատմամբ հիմա ի՞նչ մակարդակում է։

-Կարծում եմ՝ հանրության վստահությունը աճում է։ Իմ տպավորությունը կառուցված է նաև մեդիայի միջոցով հասնող ազդակների վրա, նաև դատավարության ընթացքում եմ դա զգում․ մասնակիցների վստահությունը զգում ես դատարանի նկատմամբ նրանց դրսևորած վարքագծից։ Դատավարությունը խիստ պաշտոնական, բայց կենդանի պրոցես է։ Բոլորս աշխատում ենք, ու դրա ընթացքում լինում են մարդկային հույզեր, գնահատականներ, մարդկանց դրսևորած վարքագիծը դատավորը տեսնում է։ Սրանք ևս ազդել են իմ տպավորության վրա․ վստահություն եմ տեսնում։

Պետության կողմից ստանձնած հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական սլաքներից մեկը շարունակում է ուղղված լինել հենց դատաիրավական բարեփոխումներին, այդ թվում հակակոռուպցիոն արդարադատության համակարգի ինստիտուցիոնալ հզորացմանը։ Սա ևս կարևոր քայլ է դատարանների նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից։

Շատ կարևոր են նաև անձնապես դատավորի ջանքերը։ Մշտապես աշխատանքը բարելավելու տեղ կա․ սխալները պետք է նվազագույնի հասցվեն, հնարավորինս բացառվեն։

-Եթե հետագայում Ձեր երեխան էլ որոշի դատավոր դառնալ, կցանկանա՞ք նրան տեսնել այդ դերում։

-Եթե ես ինքս տեսնեմ, որ զավակս ի զորու է այդ պաշտոնը արժանապատվորեն ստանձնել, կողմ կլինեմ, կոգևորեմ։ Այստեղ էական չէ մասնագիտությունը, որովհետև կցանկանամ, որ իմ զավակը լինի իր հայրենիքի համար արժանի քաղաքացի, իր հասարակության համար պիտանի ու օգտակար, իր ժառանգներին թողնի ավելի լավ աշխարհ, այնպիսի մասնագիտություն ընտրի, որ կարողանա ինքնաիրացվել ավելի լավ հասարակություն ունենալու մղումով։ Կարևորը՝ սիրով ու ամենայն պատասխանատվությամբ մոտենա իր ընտրած մասնագիտությանը, արհեստին, գործին։

– Տիկին Դրմեյան, ինչպե՞ս եք գնահատում կանանց ներգրավվածության դերը դատական համակարգում։ Համակարգի ավելի ամբողջական լինելուն դա ինչպե՞ս է օգնում։

-Հարցը բավականին ծավալուն է։ Չչարաշահելով լսարանի համբերությունը՝ կարծում եմ, անհրաժեշտ է խոսել հիմնական ասպեկտների մասին։

Գիտականորեն հիմնավորված է, որ կանայք և տղամարդիկ ունեն մտածողությունների էական տարբերություններ։ Հատկապես կոլեգիալ մարմիններում որոշումների կայացմանը կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածությունը ապահովում է, որ լուծումներն ու որոշումները լինեն խորքային և համակողմանի։ Կանայք ունեն յուրահատուկ կենսափորձ, ավելի հակված են ապրումակցման (էմպատիայի), ինչը նաև դրսևորվում է դատական գործում որոշումներ կայացնելիս։

Այսօր որոշումներ կայացնելիս ապրումակցումը կամ համբերատար լինելը այլևս չի ընկալվում որպես թուլության նշան, ինչպես վաղ անցյալում, երբ իշխանությունը ասոցացվում էր ուժի և խստության հետ։ Հասարակությունն ուզում է, որ իր դատական համակարգը հասկանա իր պահանջմունքները, կարիք ունի տեսնելու հասարարակական զարգացումների համար բաց, առանց կարծրատիպերի և արհեստավարժ դատական իշխանություն։

Այժմ օրենսդրությունը նախատեսում է բոլոր նախադրյալները այդպիսի դատական համակարգ ունենալու համար, ավելին՝ խթանում է կանանց ներգրավվածությունը։ Վերջին մի քանի տարում մեր երկրում կին դատավորների թվի էական աճ է նկատվում, բայց, ցավոք, դեռևս կին դատավորների ներգրավվածության ցուցանիշը 30 տոկոսից քիչ ավել է։ Թե ինչն է խանգարում ավելի շատ կին դատավորներ ունենալուն, կդժվարանամ ասել․ ենթադրում եմ, որ դա կարող է պայմանավորված լինել ներընտանեկան հանգամանքներով, անձնական նախապաշարմունքներով։ Կանանց համար կարող է կրկնակի դժվար լինել՝ համատեղելու այլ հոգսերն ու աշխատանքը։ Բայց ժամանակին համընթաց այդպիսի հանգամանքները չեզոքացնելու հնարավորությունները շատանում են, կանայք կարողանում են լիարժեքորեն ներդրում ունենալ դատական համակարգի զարգացման, արդյունավետ դատական իշխանության կայացման գործում։

Կարծում եմ, որ այն մտահոգությունները կամ թերահավատությունը կին պաշտոնատար անձանց նկատմամբ, որ դեռևս պահպանվում է, հաղթահարելի են։ Շրջագայությունների ընթացքում առիթ եմ ունեցել լինելու Շվեդիայում, Ֆինլանդիայում, որոնք սեռային հավասարության գործակցով առաջիններից են աշխարհում և իսկապես լավագույն օրինակներից են այն բանի, թե ինչպես կարող է կինը իրականացնել որպես կին իր սոցիալական դերը՝ ակտիվորեն ներգրավված լինելով հասարակական կյանքին որպես մասնագետ։ Հայաստանը, Համաշխարհային տնտեսական ֆորումի 2024 թվականի զեկույցի համաձայն, տարածաշրջանում առաջին տեղն է զբացեղնում սեռային հավասարությամբ։ Մեր երկրում բազմաթիվ են կին դատավորների օրինակները, ովքեր հաջողել են թե՛ մասնագիտական ասպարեզում, թե՛ անձնական կյանքում։

-Երբ դատական նիստը նախագահում է կին դատավորը, Դուք հատուկ վերաբերմունք զգու՞մ եք նիստին ներկա գտնվողների կողմից։

-Դատական նիստերի ընթացքում հաճախ եմ զգացել ավելի ընդգծված քաղաքավարություն, բարեհամբույր վերաբերմունք․ դա նպաստում է կառուցողական և արդյունավետ դատավարություն անցկացնելուն։ Ինքս փորձում եմ ապահովել առավելագույնս հանդարտ մթնոլորտ, ավելի ազատ դաշտ ստեղծել դատավարության մասնակիցների համար, որպեսզի պրոցեսը չլինի քարացած, և գործի ավելի շատ հանգամանքներ պարզ դառնան թե՛ դատարանի, թե՛ կողմերի համար։

Սկզբնական շրջանում երբեմն զգացել եմ նաև թերահավատության դրևսորումներ․ երիտասարդ կին դատավորը դեռևս ստիպված է ապացուցել, որ իր նկատմամբ այդ թերահավատությունն անհիմն է։

-Արդյո՞ք Հայաստանում դատավորի մասնագիտությունը շարունակում է մնալ «տղամարդու» գործ։

-Բնավ։ Կրկին կշեշտեմ, որ Հայաստանում բազմաթիվ են կին դատավորների օրինակները, ովքեր հաջողել են թե՛ մասնագիտական ասպարեզում, թե՛ անձնական կյանքում, ովքեր հավասար պատասխանատվությամբ, ջանասիրությամբ ու արհեստավարժությամբ կիսում են դատարանի աշխատանքը բոլոր ատյաններում։ Ես լիահույս եմ, որ այդ օրինակները մոտ ապագայում կշարունակեն շատանալ։

-Կանանց միամսյակի անցկացումը ի՞նչ իրավական նշանակություն ունի։

-Կանանց միջազգային օրվանից մինչև Սուրբ Աստվածածնի ավետման տոն մեկամսյակը առիթ է ամեն տարի գնահատելու կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության համար ջանքերը, խորհելու այս ուղղությամբ անելիքների մասին։ Այն հրամայականը, որ ընկած էր Կանանց միջազգային օրվա ճանաչման հիմքում, այժմ դարձել է պատմության մաս, և ակներև է, որ Հայաստանում հաղթահարվել են սոցիալ-հոգեբանական և իրավական խոչընդոտները, որոնք արգելք էին հասարակության մեջ կանանց կայացման ու նրանց իրավունքների և ազատությունների լիարժեք պաշտպանության համար։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել