Դիմեցի Ռուբեն Վարդազարյանին, որ հրապարակի «այդպիսի» դատավորների ցանկը կամ՝ հերքի․ Արման Կուրեխյան

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի խոսքով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը մարտի 3-ին, Ազգային ժողովում, երբ ներկայացնում էր Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, պատգամավորների հարցերին պատասխանելիս արտահայտություններ է թույլ տվել, որոնք վարկաբեկել են դատական իշխանությունը։

Այս մասին ասաց Արման Կուրեխյանը՝ Իրավաբան.net-ի «Հայաստանի դատավորները» շարքի հարցազրույցում։

«Ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահել գնահատական տալու քաղաքական գործիչների հայտարարություններին, քաղաքական հայտարարություններին, բայց գտնում եմ, որ անթույլատրելի է դատական իշխանությունը ներկայացնող անձի կողմից նման հայտարարությամբ հանդես գալը՝ հրապարակավ։ Ավելին՝ ես պետք է նշեմ, որ շատ ավելի անընդունելի էր ու իմ համար՝ որպես դատավորի, վիրավորական էր այն հանգամանքոը, որ պարոն Վարդազարյանը՝ լինելով մեր գործընկերը, դատավոր, փորձեց դիստանցավորել իրեն մնացյալ դատավորներից՝ ինքն իրեն հայտարարելով հայրենիքին նվիրված, ազնիվ, պրոֆեսիոնալ, և ըստ էությամբ ստվերելով մնացյալ ամբողջ դատական համակարգը»,-ասաց դատավորը։

Նա նշեց, որ դիմել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որ հրապարակի «այդպիսի» դատավորների ցանկը կամ՝ հերքի։ «Ոչ մեկը և ոչ՝ մյուսը պարոն Վարդազարյանը չարեց և ես ստիպված դիմեցի Բարձրագույն դատական խորհրդին։ Բայց ասեմ, որ իմ նպատակը բոլորիվ էլ այն չէ, որ պարոն Վարդազարյանը ենթարկվի պատասխանատվության, եթե անկեղծ լինեմ՝ չեմ էլ սպասում, չեմ էլ հավատում, որ նա կենթարկվի կարգապահական պատասխանատվության, որովհետև համոզվել եմ, որ այս ընթացքում դեռևս կան ու շարունակում են մնալ դատավորներ, որոնք անձեռնմխելի են, դատավորներ, որոնց կարելի է ենթարկել պատասխանատվության․ այդ տարանջատումը դեռևս կա։ Իմ նպատակը զուտ այն էր, որ ԲԴԽ-ն գոնե իր ներսում քննարկի և բարոյական գնահատակն տար իր անդամի և նախագահի հայտարարություններին»,-ասաց Արման Կուրեխյան։

Սրանից բացի, Արման Կուրեխյանը նաև հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել