Ռուզաննա Ազրոյանը Վարչական դատարանի դատավոր է նշանակվել 2018 թվականի սեպտեմբերի 20-ին։ 4 տարի փաստաբանական գործունեությամբ զբաղվելուց հետո որոշել է փոխել աշխատանքը։ Իրավաբան․net-ի` «Հայաստանի դատավորները» շարքի հարցազրույցի ընթացքում Ազրոյանը նշեց, որ չի զղջացել այս ուղին ընտրելու համար, սակայն դատավորի պաշտոնը զբաղեցնելը բացի լավից, նաև վատ կողմեր ունի։
-2018 թվականին, երբ կազմավորվում էր Բարձրագույն դատական խորհուրդը, խորհրդի անդամները բարձրաձայնեցին դատարանների նյութատեխնիկական հագեցվածության խնդիրների մասին։ Հարցը այս 3 տարիների ընթացքում որևէ կերպ լուծվե՞լ է։
-Ես դա չեմ նկատել։ Ես 2018-ին եմ նշանակվել և իմ նշանակվելուց ի վեր ոչինչ չի փոխվել։ Միայն համակարգիչներն են թարմացվել։ Խնդիրներ կան և ես որևէ լուրջ առաջընթաց այդ առումով չեմ նկատել։
-Ինչո՞ւ որոշեցիք դատավոր դառնալ։ Հիմնականում դատախազական, դատական համակարգից են դուրս գալիս փաստաբան աշխատելու համար։
-Դատական համակարգը ինձ միշտ գրավել է։ Ինձ թվացել է, որ դատավորի կարգավիճակում ես շատ ավելին կկարողանամ անել։ Եղել են դեպքեր, որ դատական ակտերի հետ համաձայն չեմ եղել որպես փաստաբան և բացի բողոքից այլ բան չեմ կարողացել անել։ Միշտ երազել եմ դատավոր դառնալու մասին, այն ժամանակ ինձ համար բաղձալի պաշտոն էր։ Ըստ ինձ՝ իրավաբանի համար դատավորի պաշտոնը այն բարձր կարգավիճակն է, որին ձգտում ես։ Ես դրան ձգտել եմ, այժմ էլ որ նշանակվել եմ, շատ սիրով եմ կատարում աշխատանքս։ Գերծանրաբեռնվածության պայմաններում անգամ չեմ փոշմանել, որ դատավոր եմ դարձել։
-Սպասումները արդարացե՞լ են։
-Որոշ չափով՝ այո, որոշ չափով՝ ոչ։ Մեծ հիասթափություն եմ ապրել դատավորների սոցիալական երաշխիքների, դատավորների պաշտպանվածության առումով։ Ես այլ կերպ եմ պատկերացրել դատական համակարգը։ Ինձ թվում էր, որ դատավորի կարգավիճակում ես ինձ ավելի պաշտպանված կզգամ, բայց դա այդպես չէ։ Ճնշումները շատ են, աշխատավարձերը, արդի պայմաններում, ցածր են։ Կարող է թվալ, որ համեմատական կարգով բարձր է, սակայն դատավորի աշխատավարձը վերջին 10 տարվա ընթացքում չի փոփոխվել։ Սոցիալական երաշխիքներ դատավորները գրեթե չունեն։ Կենսաթոշակները գնալով նվազում են։ Այն ժամանակ, երբ ես ձգտում էի դատավորի պաշտոնը զբաղեցնել, սոցիալական երաշխիքները պատճառներից մեկն էր։ Դրդապատճառներից մեկը դա էր․ երբ անցնեմ, թոշակի, ես բարձր թոշակ կունենամ։ Այժմ շատ-շատ ցածր է դատավորի թոշակը։ Փաստաբանները հիմա ավելի լավ վիճակում են։ Իրենք կարող են բարձր վարձատրվել, այդ գումարները կուտակել և հետագայում չաշխատել։
-Հասարակության ընկալմամբ՝ ճնշումների են ենթարկվում քրեական գործեր քննող դատավորները։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ խոչընդոտների են հանդիպում վարչական դատարանի դատավորները։
-Ես որևէ խոչընդոտի չեմ հանդիպել իմ պաշտոնավարման ընթացքում, ճնշումներ իմ նկատմամբ չեն եղել։ Հիմնական ճնշումը, եր ես ինձ վրա զգում եմ, հասարակության կողմից է։ Մենք ճնշում ընկալում ենք զանգի տեսքով, որ զանգում ու ասում են՝ դատական ակտը այսպես պետք է լինի։ Ճնշումը միայն դա չի։ Այդքան վիրավորանք, այդքան հայհոյանք, այդքան փնովում լսում ես՝ թևերդ վայր են ընկնում։ Դատավորների մեծ մասը մեծ նվիրումով է աշխատում։ Այդպիսի շաբաթ ու կիրակի չկա, որ մենք չգանք աշխատանքի, 20։00, 21։00-ից շուտ տուն չենք գնում։ Շատ ցավալի է, որ այդքան աշխատանքից հետո մտնում ես սոցիալական ցանկ ու միայն վարկաբեկող խոսքեր ես լսում։
Մանրամասները՝ տեսանյութում։