Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ ապրիլի 23-ին տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով նիստը։
Ըստ գործի նյութերի՝ Ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը Երանոսյանին խնդրել է իր ծանոթ Վահրամ Ղազարյանին ընդունել ոստիկանության զորքերում ծառայության։ Նշված անձն ընդունվել է աշխատանքի, սակայն ծառայության չի ներկայացել։ Դրա փոխարեն կատարել է Թունյանի վարորդի պարտականությունները։ Այս դեպքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի 7 միլիոն 954 հազար դրամի վնաս, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում դատավորը Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևին ասաց, որ հաշվի առնելով Գասպարյանի հայտարարությանը միջնորդության ներկայացման հետ կախված, դեռևս դատաքննությունը լրացնելու փուլը չեն ավարտել, սպասել են պաշտպանի կողմից այդ միջնորդության ներկայացմանը։
Պաշտպանը նշեց՝ մինչև նիստը սկսվելը դատախազից տեղեկացել է, որ նա միջնորդություն ունի ներկայացնելու, ճիշտ կլինի՝ իր միջնորդությամբ հանդես գա դատախազից հետո։
Հանրային մեղադրող Տիգրան Ենոքյանն ասաց՝ քրեական գործում առկա են փաստաթղթեր, որոնք միջնորդում է հրապարակել, և այդ փաստաթղթերից յուրաքանչյուրն ապացուցում է ամբաստանյալներին մեղսագրված արարքը։ Նրա խոսքով՝ փաստաթղթերը գտնվում են քրեական գործի 1-ից 12-րդ հատորներում, և փաստաթղթերը հրապարակելուց հետո հանդես կգա նաև միջնորդությամբ։
Սկսելով առաջին հատորում առկա փաստաթղթերի հրապարակումից՝ դատախազը ներկայացրեց ոստիկանության Քրեական հետախուզման գլխավոր վարչությունից ստացված գրությունը, որը վերաբերում է Յուլյա Գասպարյանի սահմանահատումների պատմությանը, այն բաղկացած է 4 թերթից։ Մասնավորապես, 2013 թվականից սկսած մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում քրեական գործի նյութերով կա տեղեկատվություն, որ նա հաճախակի բացակայել է ՀՀ-ից։ Հաջորդ թերթերում առկա են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ Վլադիմիր Գասպարյանի մոր՝ Սուսան Բաղդասարյանի անվամբ՝ Ակնալիճ համայնքում։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում Վարդան Թունյանի նկատմամբ իրականացված ծառայողական քննության արդյունքում ոստիկանություն բացատրություն է տվել 2018 թվականի մայիսի 29-ին Գևորգ Մարտիրոսյանը՝ Ներքին աուդիտի վարչության աշխատակիցը։
Նա բացատրության մեջ նշել է՝ հաշվառման վայրը և բնակության հասցեն, ոստիկանության համակարգում ծառայել է 2007 թվականից, հիշյալ պաշտոնում զբաղեցրել 2016 թվականից, ծառայության ընթացքում ստացել է խրախուսանքներ, սակայն կարգապահական տույժեր չունի։ Հարց է տրվել՝ վարչությունում քանի ծառայողական ավտոմեքենա կա, պատասխանել է՝ վարչությունում առկա է չորս ավտոմեքենա, որոնցից մեկը Toyota Сorolla (նշվել է մեքենայի համարանիշը), մյուս երեք ավտոմեքենաների պետհամարանիշները չի հիշել, բայց հայտնել է՝ դրանցից երկուսը վարել են վարչության պետի տեղակալները՝ առանց վարորդի, իսկ մյուս մեքենան կանգնած է եղել իր տան դիմաց գտնվող ավտոտնակում։
Աշխատակցի խոսքով՝ Թունյանի ավտոմեքենան վարել է Վահրամը, ում ազգանունը չգիտի, տեղեկություն նրա հետ կապված չի կարող հայտնել, ինչպես նաև ասել է՝ տեղյակ չէ, թե ոստիկանությունում գրանցված է մեքենան, թե ոչ։ Վարդան Թունյանի և մյուսների կողմից այդ ավտոմեքենաները վարելու վերաբերյալ նա հայտնել է՝ կրկին որևէ տեղեկատվություն չունի։
Ըստ գործի նյութերի՝ Ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը Երանոսյանին խնդրել է իր ծանոթ Վահրամ Ղազարյանին ընդունել ոստիկանության զորքերում ծառայության։ Նշված անձն ընդունվել է աշխատանքի, սակայն ծառայության չի ներկայացել։ Դրա փոխարեն կատարել է Թունյանի վարորդի պարտականությունները։ Այս դեպքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի 7 միլիոն 954 հազար դրամի վնաս, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։
2018 թվական մայիսի 29-ին Գևորգ Մարտիրոսյանի ներկայությամբ զննության է ենթարկվել «Փեթակ» տոնավաճառի հարակից տարածքը «ՎԱԶ» 25 06 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա հայտնաբերելու նպատակով։ Զննվել է ավտոմեքենան, որի պետհամարանիշները բացակայել են, նշված ավտոմեքենան գտնվել է տոնավաճառի ավտոկայանտեղիում։ Մարտիրոսյանը հայտնել է՝ շուրջ 3 տարի է այնտեղ է գտնվել այդ ավտոմեքենան։ Փաստաթղթերին կից առկա էին նաև ավտոմեքենայի լուսանկարները։
2018 թվականի մայիսի 25-ին Արթուր Դավթյանից է բացատրություն վերցվել։ Նրա պարտականությունների մեջ է մտել աուդիտի իրականացում, տեղեկատվության պատրաստում։ Ոստիկանության ստորաբաժանումներ գործուղումներ անցկացնելու համար գործուղումների հրամանները ստորագրվել են Ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի կողմից, իսկ գործուղումների համար վճարվել են ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետից, յուրաքանչյուր օրվա համար վճարվել է 8000 դրամ։
Հաջորդիվ Գայանե Հակոբյանից է վերցվել բացատրություն, ով ևս աշխատել է ոստիկանության ներքին աուդիտի վարչությունում։ Ոստիկանության հարցմանը պատասխանել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը հանդիսացել է Վահրամը, նա աշխատել է ոստիկանության ներքին զորքերում, սակայն ներկայումս ազատվել է, իսկ մյուս հարցերի վերաբերյալ նրան այլ տեղեկություն հայտնի չի եղել։
Հանրային մեղադրողը հրապարակեց նաև հաստիքացուցակ՝ Ներքին աուդիտի վարչության, որտեղ նշված են աշխատակիցների անձնական տվյալները, նրանց գործուղումների վերաբերող տեղեկատվություն՝ կոնկրետ որ աշխատակիցը որտեղ և ինչքան ժամանակահատվածում է գործուղված եղել։
Փաստաթղթերում առկա են նաև ոստիկանության ներքին աուդիտի վարչության տրանսպորտային միջոցների և հատկացված բենզինի վերաբերյալ տեղեկանք։ Դատախազն հրապարակեց այն տվյալները, թե նշված ժամանակահատվածներում տրանսպորտային միջոցի համար ինչքան բենզին է հատկացվել և ինչքան է կազմել դրա արժեքը։
Բացի այդ, Վարդան Թունյանը 2014-2018 թվականները պետական միջոցների հաշվին իր ընտանիքի տեղափոխումը իրականացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության կրտսեր տեսուչի պաշտոնը զբաղեցնող Արթուր Շահնազարյանին հանձնարարել է չներկայանալ աշխատանքի․ «Հանձնարարել է շաբաթվա ընթացքում մի քանի անգամ իրականացնել իր ընտանիքի տեղափոխումը տարբեր վայրեր»։
Արթուր Շահնազարյանը ստացել է իր պաշտոնի դրույքաչափին համապատասխան 3 միլիոն 750 հազար դրամ։ Բացի այդ, Թունյանը իր վստահությանը հանձնված 7805 լիտր բենզինից ներքին աուդիտի վարչության աշխատակիցներին է տրամադրել 360 լիտր բենզին՝ մարզեր մեկնելու համար։ Իսկ 2 միլիոն 762 հազար դրամ արժողությամբ 7445 լիտր բենզինը յուրացման եղանակով հափշտակել է։
ՀՀ ՊՆ-ից 2018 թվականի նոյեմբերին աշխատակազմի ղեկավարի կողմից գրություն է հասցեագրվել Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետին՝ ի պատասխան 2018 թվականի հոկտեմբերի 31-ի գրության, որում նշվել է, որ պաշտոնաթող ենթասպա Նելսոն Սարոյանը պաշտպանության համակարգում ծառայել է 2004 թվականի դեկտեմբերի 4-ից 2018-ի մայիսի 17-ը։
Ըստ գործի նյութերի՝ Նելսոն Սարոյանը աշխատել է որպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, Լյովա Սարգսյանի վարորդ։
Ներկայացված փաստաթղթերում առկա էին տարբեր հրամաններ, մասնավորապես ներկայացվեց 1997 թվականի հուլիսի 1-ին ՀՀ ԶՈՒ ծառայության քննության մասին հրամանը գործողության մեջ դնելու մասին, որը ստորագրվել է նախարար Վազգեն Սարգսյան։ Այդ հրամանով՝ գործողության մեջ պետք է դրվեր ծառայողական քննության անցկացումը, ՊՆ նախարարի տեղակալներին, ՊՆ վարչությունների պետերին, հրամանատարներին, հիմնարկություններին կազմակերպել ԶՈՒ ծառայողական քննության մասին հրահանգի ուսումնասիրության կիրառումը։ Հրահանգը բաղկացած է հինգ գլուխներից, նշված են ընդհանուր դրույթները, կատարման հիմքերը, պահպանման կարգը։
2003 թվականին ԶՈՒ ծառայողական քննության մասին հրամանը ԶՈՒ ծառայողական քննության մասին հրահանգը գործողության մեջ դնելու մասին էր, որը ստորագրվել էր ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի կողմից։
Փաստաթղթերում առկա է գրություն ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մարտիրոսյանի կողմից՝ հասցեագրված ԳԾ պետի տեղակալ Հովհաննիսյանին 2020 թվականի հունիսի 8-ին։
Հայտնի է եղել, որ հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության նշված վարչության աշխատակիցների կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նախկին ոստիկանապետ Գասպարյանի դուստր Յուլյա Գասպարյանը ոստիկանության ներքին զորքեր հրամանագրելուց հետո երբևէ ծառայության չի ներկայացել, և ոստիկանապետը, տեղյալ լինելով այդ հանգամանքի մասին, ծառայությունից ազատելու փոխարեն, նրան հերթական կոչումն է տվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության նախկին պետի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել։
Դատախազը նշեց՝ առկա փաստաթղթերը նրանց մեղսագրված արարքը հիմնավորող ապացույցներ են հանդիսանում, և միջնորդեց դրանք այդպիսիք ճանաչել։
Պաշտպանության կողմի ներկայացուցիչը նշեց, որ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար հարց ունի դատախազին։ Դատավորը հայտնեց՝ հարցուպատասխանի ընթացակարգ դեռևս չկա, մյուս նիստին կքննարկեն այդ հարցը։
Դատարանի ծանրաբեռնված լինելով պատճառով նիստը հետաձգվեց, պաշտպանության կողմն իր միջնորդությամբ հանդես կգա հաջորդ նիստին։
Այս գործով մյուս դատական նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան