Հանքարդյունաբերությունը և ՏՏ ոլորտը՝ ՀՀ տնտեսությունում․ «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել հանքարդյունաբերությունից»․ Սուրեն Պարսյան

Հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևոր ոլորտներից մեկն է հանդիսանում։ Թեպետ ոլորտի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ փոքր է և այն կարող է կազմել 2-3 տոկոս, սակայն նրա արտադրանքի արտահանումից ստացվող եկամուտները տնտեսության համար մշտապես էական նշանակություն ունեցող ուղղություն է դիտարկվում։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ մինչև 2022 թվականը՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ՌԴ քաղաքացիների Հայաստան տեղափոխվելը՝ հանքարդյունաբերությունն ապահովում էր ՀՀ արտահանման մեկ երրորդը։

Սուրեն Պարսյան, տնտեսագետ

«ՀՆԱ-ի մեջ 2-3 տոկոս է, բայց արտահանման մեկ երրորդն է ապահովում։ Այսինքն հանքարդյունաբերությունը մեր երկիր արտարժույթ բերող հիմնական ոլորտներից մեկն է եղել վերջին 15-20 տարիներին»,-նշում է նա։

Մասնագետի խոսքով՝ սա կարևոր նշանակություն է ունենում փոխարժեքի սահմանման հարցում։

Հանքարդյունաբերության ոլորտի արտահանումը լուրջ հակակշիռ է ներմուծումներին։ «Մենք երեք անգամ ավել ներմուծում ենք կատարում և դրա վճարման համար արտարժույթ է պետք։ Գումարած սրան՝ հանքարդյունաբերությունում աշխատողների թվաքանակը մոտավորապես կազմում է 10․000 անձ և այս ոլորտի միջին աշխատավարձը շարունակում է մշտապես բարձր մնալ։ Այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ֆինանսաբանկային և ապահովագրական գործունեությունն առաջ են անցել, բայց սա կարևոր հանգամանք է»,-ասաց Պարսյանը։

ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձերի թեմային Iravaban.net-ն ավելի վաղ անդրադարձել էր: Վիճակագրական կոմիտեից ստացված տեղեկության համաձայն՝ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքում ու Երևանում է, իսկ Սյունիքի մարզում է գտնվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Հարկ է նշել, որ Սյունիքը ՀՀ-ում ամենաբարեկեցիկ մարզն է, այստեղ աղքատության ցուցանիշը 2,5 տոկոս է (Հայաստանում` 24․8 տոկոս) կազմում՝ ի հաշիվ հանքարդյունաբերության ոլորտի:

«Հանքարդյունաբերության ոլորտը լոկոմոտիվ է հանդիսանում նաև այլ ճյուղերի համար, օրինակ՝ տրանսպորտի, տարբեր ենթակառուցվածքների կառուցման, տեքստիլի համար։ Հանքարդյունաբերության ընկերությունները սոցիալական տարբեր ծրագրեր են իրականացնում ազդակիր համայնքների համար և այլն։ Իհարկե, բնության և առողջության համար ոլորտը ազդակիր համայնքներին վնասներ հասցնում է՝ կարճաժամկետ և երկարաժամկետ առումով, սակայն շատ ակտիվ ծրագրեր էլ են իրականացվում»,-մանրամասնում է Սուրեն Պարսյանը։

Մասնագետը նշում է, որ այս ոլորտը կարևոր է տնտեսության համար հարկային մուտքերի ապահովման առումով։

2023 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջին խոշոր հարկատուն է եղել։ Ընկերությունը ընդհանուր վճարել է 70 միլիարդ 881 միլիոն 967 հազար դրամ։

«2023 թվականին տնտեսությունն ընդհանուր մոտավորապես 9 տոկոսով աճ է ունեցել, տնտեսական ակտիվությունը 11 ամիսների կտրվածքով կազմել է 9,7 տոկոս, բայց հանքարդյունաբերությունն անկում է գրանցել 5,7 տոկոսով։ Սա պայմանավորված է պղնձի խտանյութի արդյունահանման ծավալների նվազմամբ, այն նվազել է 8,4 տոկոսով, ցինկինը՝ 19,8 տոկոսով։ Այստեղ նվազում է գրանցվել մի քանի գործոնով պայմանավորված, օրինակ՝ անցած տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ իր գործունեությունն է դադարեցրել Թեղուտի հանքավայրը։ Բացի այդ՝ Հայաստանից արտահանվում էր նաև Արցախի Կաշենի հանքավայրի պղինձը, ինչը, բնականաբար, ևս չի կատարվում։

Իսկ տուֆինը՝ հրաբխային սղոցված սալիկների կամ բլոկների տեսքով արտադրության ծավալն աճել է 43,3 տոկոս, ավազի, խճի, կավի ու ճենակավի արտադրության ծավալներն աճել են 41,8 տոկոսով, ինչն էլ պայմանավորված է շինարարությամբ»,-նշում է Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացման տեսանկյունից կարող է նշանակություն ունենալ Ամուլսարի շահագործումը, որի բնապահպանական խնդիրները դեռևս առկա են և լուծումներ դրանց չեն տրվել։ Կառավարությունը 2024 թվականի պետական բյուջեի շրջանակներում նախատեսել է, որ Ամուլսարը պետք է շահագործվի, ինչն էլ պետք է մեծ տնտեսական աճ ապահովի և ըստ պետական հաշվարկների՝ այն ՀՆԱ-ն կավելացնի ևս 1 տոկոսով, իսկ պետբյուջեին վճարվող հարկերը կկազմեն 30-40 միլիարդ դրամ։

Ինչպես արդեն նշվեց, Հայաստանում բարձր աշխատավարձ ապահովող ոլորտներն են հաղորդակցությունն ու կապը (այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ)։

«ՏՏ ոլորտը բազմաշերտ է, դրա տակ են տեղավորվում նաև շահումով խաղերը։ Հայաստանում գործում են ընկերություններ, որոնք նաև IT կազմակերպություններ են ու թե դրանց որ մասը որպես տոտալիզատորական գործունեություն, որ մասը՝ IT պետք է դիտարկենք, տարանջատենք՝ բավականին դժվար է ասել։ Այդ տոտալիզատորների վճարած հարկերը, խոշոր IT ընկերությունների վճարած հարկերը չեն կարող գերազանցել մոտավորապես 30 մլրդ դրամը։ 2022 թվականին ՌԴ-ից Հայաստան տեղափոխվեց խոշոր մի IT ընկերություն, որը սկսեց մի քանի միլիարդ դրամի չափով հարկեր վճարել Հայաստանին։ Նշված տարում շատ ընկերություններ այստեղ իրենց մասնաճյուղերը բացեցին ՀՀ-ում և նույնիսկ, եթե այդ ընկերությունների աշխատողները ֆիզիկապես գտնվեն այլ ընկերությունում՝ ՀՀ է փոխանցվում իրենց գումարները։ Դրանով էր պայմանավորված, որ 2022-23թթ․ մենք ունեցանք ՏՏ ոլորտի աճ՝ 41-45 տոկոս, սակայն այդ աճը հիմնականում ապահովել ենք ռուսական ընկերությունների ներկայության շնորհիվ։ Տեղական ՏՏ ընկերությունները՝ 2022-23թթ․ բականին լուրջ խնդիրներ են ունեցել, աշխատողների թվի կրճատում են ունեցել, որոշները փակվել են․ միջին և բարձր աշխատավարձ ստացող բազմաթիվ աշխատողներ աշխատանք գտնելու խնդիր ունեն, իսկ մինչև 2022 թվականը նման խնդիր չի եղել, գործատուն էր իրենց փնտրում, հիմա՝ հակառակը»,-նշում է տնտեսագետը։

Iravaban.net-ը գրավոր հարցմամբ դիմել է Պետական եկամուտների կոմիտեին՝ հասկանալու, թե այս երկու ոլորտների՝ հանքարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների համար հարկային ինչ արտոնություններ են կիրառվում։

ՊԵԿ գրության համաձայն՝ հանքարդյունաբերության ոլորտին հարկային որևէ արտոնություն չի տրամադրվում։

Նույնը չենք կարող ասել ՏՏ ոլորտի մասին։ Այդ դաշտում գործող ընկերություններին մի շարք արտոնություններ են տրամադրվել։

2022-2023 թվականներին փոխարժեքի՝ մասնավորապես դոլարի փոխարժեքի զգալի տատանում նկատվեց և ընկերությունները ստիպված էին կրճատել իրենց աշխատակիցների թիվը։

Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։

Սա միտված էր՝ խրախուսելու ընկերություններին՝ պահելու աշխատատեղերը։ Բայց անգամ այդ պարագայում, ի հաշիվ ռուսական ընկերությունների, ոլորտի աճ գրանցվեց։

«Կառավարությունը 10 միլիարդ դրամ հատկացրեց ու ուշագրավն այն է, որ այդ աջակցությունից օգտվեցին հիմնականում խոշոր ընկերությունները: Եվ եղան դեպքեր, որ իրենց գործունեությունը արդեն դադարեցրած ընկերություններ գումար վերցրին կառավարությունից։ Այսինքն՝ աշխատել էին 2022 թվականին, 2023 թվականին դադարեցրել իրենց գործունեությունը, բայց դիմել ու ստացել այդ գումարը, իսկ ԲՏԱ նախարարությունը չէր էլ ստուգել՝ այդ պահին աշխատում է այդ ընկերությունը, թե՝ ոչ»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Iravaban.net-ը դիմել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություններին՝ դրանց կողմից 2021-2023 թվականներին համապատասխանաբար տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում իրականացված ծրագրերի, հայտարարված դրամաշնորհների մասին։

Ստացվել է նման պատկեր․

Բացի այս՝ 2022-2023 թվականներին ԲՏԱ նախարարության կողմից պետական աջակցություն է տրամադրվել եկամտային հարկի x տոկոսի չափով, որը կազմել է շուրջ 15 միլիարդ 243 միլիոն դրամի չափով։

Հավելենք, որ ՏԿԵՆ-ից ստացված հարցման համաձայն՝ 2021-2023 թթ․ հանքարդյունաբերության ոլորտում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվել է «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» դրամաշնորհային ծրագիրը, որի պատվիրատուն Հայաստանի զարգացման հիմնադրամն է եղել։ Նշյալ ծրագրի շրջանակներում է մշակվել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2023 թվականի մայիսի 11-ին՝ 730-Լ որոշմամբ։

Սուրեն Պարսյանն ընդգծում է, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել հանքարդյունաբերությունից։

«Նույնիսկ ամենազարգացած երկրները՝ ԱՄՆ, Գերմանիան, Ֆրանսիան ևս ունեն հանքարդյունաբերություն։ Պետությունը ոչ թե պետք է հրաժարվի հանքարդյունաբերությունից, այլ պետք է դրվի պատասխանատու հանքարդյունաբերություն ունենալու պահանջ, որի պարագայում մենք պետք է կարողանանք հումքը համալիր օգտագործել։ Օրինակ, երբ մեկ տոննա հումք է արդյունահանվում, ապա դրա մեջ եղած հնարավոր բոլոր օգտակար հանածոները կորզվեն, ոչ թե զտվի 0․5 տոկոսը, մնացածը մնա։

Երկրի քաղաքականությունը պետք է միտված լինի նրան, որ ոչ թե հումք արտահանվի, այլ՝ պատրաստի ապրանք, նույնը ոսկու դեպքում, պետք է արտահանենք ոչ թե ոսկու ձուլակտոր, այլ՝ ոսկյա զարդ, ինչի հավելյալ արդյունքն ավելի մեծ է։ Այո, պետք է կառավարությունը խրախուսի, սուբսիդավորի, աջակցության ծրագրեր իրականացնի, որ հանքանյութը վերածվի վերջնական արտադրանքի»,-եզրափակեց Սուրեն Պարսյանը։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել