ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքում ու Երևանում է․ ո՞ր ոլորտներն են առավել բարձր աշխատավարձ ապահովում

Հայաստանում՝ Երևանում և մարզերում 2023 թվականի 3-րդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը տատանվում է 137,400 – 301․610 դրամի միջակայքում։ Միջին ամսական աշխատավարձերը առավել բարձր են Սյունիքի մարզում և Երևանում։

Բազմաթիվ գործոններ են ազդում որևէ մարզում աշխատավարձի միջին մակարդակի վրա. այդ մարզում տնտեսական ակտիվության մակարդակը, տնտեսության կառուցվածքը, զբաղվածության մակարդակը, ինստիտուցիոնալ կառուցվածքը՝ պետական և ոչ պետական հատվածների տեսակարար կշիռը, բնակչության սեռա-տարիքային կառուցվածքը, այդ մարզում այլ տեսակի եկամուտներ վաստակելու հնարավորությունները: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշում է «ԲԻ-ԴԻ-Օ Ըքաունթինգ, Թաքս ընդ Լիգըլ» ընկերության Հարկային և իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը։

Օրինակ՝ տարվա երկրորդ եռամսյակում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Սյունիքում միջին ամսական աշխատավարձը ավելի բարձր է, քան մայրաքաղաք Երևանում։ Իսկ ըստ երրորդ եռամսյակի տվյալների՝ Սյունիքի մարզում միջին ամսական աշխատավարձի մակարդակը 292 386 դրամ է, Երևանում՝ 301 610 դրամ է: Աշխատավարձերի տատանումը՝ ըստ եռամսjակների, կապված է նաև սեզոնային գործոնով։

«Համաձայն եմ, որ տարվա ընթացքում սեզոնային կամ այլ գործոններով պայմանավորված կարող են լինել տատանումներ: Պատճառ կարող է հանդիսանալ այն, որ Սյունիքում է գտնվում Հայաստանի թիվ 1 խոշոր հարկ վճարողը (1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը,- խմբ․), այլ մեծ՝ բարձր միջին աշխատավարձ ունեցող ընկերություններ, որոնց մոտ աշխատավարձի կառուցվածքի որևէ փոփոխությունը կարճաժամկետ կարող է բերել նման ազդեցության: Չմոռանանք, որ ըստ ռեգիոնների նաև կարող է ազդեցություն ունենալ «աշխատավարձի» կառուցվածքը: Լայն իմաստով «աշխատավարձ» հասկացության մեջ ներառվում են նաև տարատեսակ այլ վճարումներ եվ հավելումներ, պարգևատրումներ: Բացի դա, հենց բուն աշխատավարձի մակարդակը ևս կարող է տատանվել, եթե ընտրված լինի ոչ թե տարիֆային ստաբիլ հաստիքային/ժամավճարային համակարգը, այլ գործավարձայինը, երբ այդ մակարդակը կարող է տատանվել պայմանաավորված տվյալ ամսում, եռամսյակում արտադրված արտադրանքի ֆիզիկական քանակության հետ: Վերջինս ավելի տարածված կլինի արտադրական բնույթ ունեցող մարզերում, քան Երևանում ու այլ՝ ավելի շատ ծառայությունների գերակայությամբ վայրերում»,-նշում է Ահարոն Չիլինգարյանը։

Ի պատասխան այն հարցին, թե այս պարագայում Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը ինչ ազդեցություն է ունենում աշխատավարձերի ձևավորման հարցում, մասնագետը նշեց՝ որոշիչ։ «Կոնկրետ ընկերության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի չէ, չի հրապարակվում, այն վիճակագրական գաղտնիք է, հետևաբար ավելի դետալապես հնարավոր չէ պատասխանել: Միաժամանակ նշեմ, որ նման մեծ ընկերությունը/ընկերությունները միշտ ունենում են էական ազդեցություն, կարելի է ասել՝ որոշիչ ազդեցություն, քանի որ իրենք մարզում ձևավորում են երկու տեսակի ազդեցություն. նրանք մեծածավալ գնումներ են կատարում հարակից փոքր ու միջին ընկերություններից, ինչպես նաև իրականացնում են սոցիալական տարբեր ծրագրեր, այդ ձևով ևս գեներացնելով միջինից բարձր, հատկապես կայուն աշխատատեղեր ու աշխատավարձային հնարավություններ՝ մի քանի շրջանով»,-մանրամասնում է Ահարոն Չիլինգարյանը:

Հայաստանում բարձր աշխատավարձ ապահովող ոլորտներն են հաղորդակցությունն ու կապը (այդ թվում՝ տեղեկատավական տեխնոլոգիաներ), հանքագործական արդյունաբերությունը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, մշակույթը, զվարճություններն ու հանգիստը։

«Ավելի խոշոր խմբավորումներով դիտարկելու պարագայում կստացվի, որ առավել բարձրը ծառայությունների ոլորտն է, իսկ առավել ցածրը՝ գյուղատնտեսության ոլորտը: Այնուամենայնիվ, այս վերջին պարագայում, պետք է հաշվի առնել, որ աշխատավարձը շատ լայն տարածված եկամտային կատեգորիա չէ գյուղատնտեսությունում: Այդ ոլորտում ավելի տարածված է սեփական տնտեսությունից եկամուտ ստանալու տեսակը, բնամթերային տեսքով ստանալը և այլն»,-նշում է Չիլինգարյանը:

Հարկ է նաև նշել, որ աշխատավարձի վերաբերյալ վիճակագրական հրապարակումների համար ըստ էության հիմք է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազան: Վերջինիս համար էլ հիմք է ծառայում եկամտային հարկի և սոցիալական վճարի միասնական հարկային հաշվետվությունը:

«Այդ հաշվետվությունը բացարձակ մեծամասնությամբ ներկայացնում են «Հայաստանում գործող ընկերությունները»: Հետևաբար՝ այո, բարձր եկամուտները ապահովում են այս կամ այլ կերպ, ուղղակիորեն կամ, սակավաթիվ դեպքերում, հեռահար ձևով Հայաստանում գործող ընկերությունները»,-նշում է Ահարոն Չիլինգարյանը: Դա, որպես կանոն, իրականացվում է հայաստանյան պետական գրանցում ունեցող իրավաբանական անձանց միջոցով, իսկ որոշ սակավաթիվ դեպքերում՝ Հայաստանում պետական ու հարկային հաշվառում ունեցող օտարեկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի, ներկայացուցչությունների միջոցով:

Հավելենք, որ ի պատասխան Iravaban.net-ի հարցի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հայտնում են, որ ԶՊՄԿ-ի միջին ամսական անվանական աշխատավարձը երկուսուկես անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշին։ «Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023թ.-ի երրորդ եռամսյակի տվյալով կազմել է 265 հազար դրամ։Ինչպես միշտ, Սյունիքն առաջատար է, իսկ ԶՊՄԿ-ում միջին անվանական աշխատավարձը գրեթե երկուսուկես անգամ գերազանցում է Հայաստանի և շուրջ չորսուկես անգամ Շիրակի ու Գեղարքունիքի մարզերի ցուցանիշներին»,-նշում են ԶՊՄԿ-ից։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել