Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոման Սմբատյանի, սպանության համար մեղադրվող Էռնեստ Ենոքյանի գործով դատավճիռ է հրապարակել։
Ըստ մեղադրանքի՝ 2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Էռնեստ Ենոքյանը ապօրինաբար կյանքից զրկել է Ադրիաննա Գառնիկի Լիմային, որից հետո հրկիզման եղանակով վնասել է սեփականության իրավունքով Արթուր Ռաֆիկի Սարգսյանին պատկանող բնակարանը՝ պատճառելով խոշոր չափերի՝ 3.466.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նշվում է, որ 2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրիաննա Լիմային նախկինում պարտքով տրամադրած 400.000 դրամ գումարը հետ պահանջելու նպատակով այցելել է նրա կողմից վարձակալած, Արթուր Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցի 1-ին շենքի թիվ 59 բնակարան: Գումարի հարցի շուրջ ունեցած խոսակցության ընթացքում Ադրիաննա Լիման Էռնեստ Ենքոյանին հայտնել է, որ նրան պարտք է ընդամենը 100.000 ՀՀ դրամ գումար:
Գումարի հարցի հետ կապված Էռնեստ Ենոքյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ադրիաննա Լիմայի հասցեին, որն էլ վերջինս, ցավագին ընդունելով և բնակարանից վերցնելով դանակը, փորձել է Էռնեստ Ենոքյանին դանակի սպառնալիքով դուրս հանել բնակարանից:
Այդ ամենը տեսնելով՝ Էռնեստ Ենոքյանը Ադրիաննա Լիմայի ձեռքից վերցրել է դանակը, և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան։ Հասցված վնասվածքների հետևանքով Ադրիաննա Լիման դեպքի վայրում մահացել է:
Էռնեստ Ենոքյանն իր մոտ առկա կրակայրիչով այրել է Ադրիաննա Լիմայի ննջասենյակի հագուստները, որից հետո բանալիով փակելով բնակարանի դուռը՝ դիմել է փախուստի։
Էռնեստ Ենոքյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) և պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով:
Ազատազրկման ձևով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 10 տարի ժամկետով:
Էռնեստ Ենոքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ, իսկ պատժի սկիզբը կհաշարկվի 2023 թվականի օգոստոսի 21-ից։
Տուժող Արթուր Սարգսյանի կողմից ներկայացված 12 միլիոն 800 հազար դրամի չափով ներկայացված գույքային հայցից 9 միլիոն 334 հազար դրամի մասով պահանջը թողնել առանց քննության՝ տուժողին իրավունք վերապահելով նշված մասով հետագայում գույքային հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով, իսկ 3 միլիոն 466 հազար (մեղադրական եզրակացությամբ հաստատված չափով) ՀՀ դրամի մասով պահանջը համարել լուծված՝ փաստացի հատուցված լինելու հիմքով:
Բացի այդ, Էռնեստ Ենոքյանից պահանջվում է բռնագանձել 774 հազար դրամի չափով դատական ծախս:
Գործով առաջին նիստերից մեկի լուսաբանումը՝ այստեղ։