Ադրիաննա Լիմայի սպանության գործով վկա է հարցաքննվել, նա խնդրել է նիստը դռնփակ անցկացնել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում, դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, շարունակվում է սպանության համար մեղադրվող Էռնեստ Ենոքյանի գործով դատական նիստը։

Ըստ մեղադրանքի՝ 2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Էռնեստ Ենոքյանն ապօրինաբար կյանքից զրկել է Ադրիաննա Գառնիկի Լիմային, որից հետո հրկիզման եղանակով վնասել է սեփականության իրավունքով Արթուր Ռաֆիկի Սարգսյանին պատկանող բնակարանը՝ պատճառելով խոշոր չափերի՝ 3.466.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նշվում է, որ 2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրիաննա Լիմային նախկինում պարտքով տրամադրած 400.000 դրամ գումարը հետ պահանջելու նպատակով այցելել է նրա կողմից վարձակալած, Արթուր Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցի 1-ին շենքի թիվ 59 բնակարան: Գումարի հարցի շուրջ ունեցած խոսակցության ընթացքում Ադրիաննա Լիման Էռնեստ Ենքոյանին հայտնել է, որ նրան պարտք է ընդամենը 100.000 ՀՀ դրամ գումար:

Գումարի հարցի հետ կապված Էռնեստ Ենոքյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ադրիաննա Լիմայի հասցեին, որն էլ վերջինս, ցավագին ընդունելով և բնակարանից վերցնելով դանակը, փորձել է Էռնեստ Ենոքյանին դանակի սպառնալիքով դուրս հանել բնակարանից:

Այդ ամենը տեսնելով՝ Էռնեստ Ենոքյանը Ադրիաննա Լիմայի ձեռքից վերցրել է դանակը, և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան։ Հասցված վնասվածքների հետևանքով Ադրիաննա Լիման դեպքի վայրում մահացել է:

Էռնեստ Ենոքյանն իր մոտ առկա կրակայրիչով այրել է Ադրիաննա Լիմայի ննջասենյակի հագուստները, որից հետո բանալիով փակելով բնակարանի դուռը՝ դիմել է փախուստի։

Iravaban.net-ի փոխանցմամբ դատարան էր ներկայացել գործով վկաներից մեկը՝ Սահակ Ազիզյանը, որը փաստաբանի միջոցով հայտնեց, որ իր անձնական կյանքի մասին հայտարարություններ են հնչելու, այդ իսկ պատճառով նիստը պետք է անցկացվի դռնփակ։

«Քանի որ նշվում են հանգամանքներ, որոնք կարող են առնչվել անձի մասնավոր կյանքին և հնարավոր է անդրադարձ կատարվի նշված հանգամանքներին, ուստի դատարանը գտնում է, որ վկայի հարցաքննության մասով անհրաժեշտ է հրապարակայնությունը սահմանափակել»,-ասաց նախագահող դատավորը։

Մինչև այդ դատարանը հայտնել է, որ տուժող կողմի ներկայացուցիչը փոխվել է։ Սպանվածի մայրը չէր ներկայացել դատական նիստին՝ վատառողջ լինելու պատճառով, սակայն դա խոչընդոտ չհանդիսացավ, որպեսզի նիստը շարունակվի։

«Եթե դատարանը կթույլատրի ինձ, ես հասկանալով, որ արդեն այդ փուլն անցել է, բայց ինքս նոր եմ ներգրավված և իմ վստահորդի հետ հանդիպումների արդյունքում մենք որոշել ենք նաև քաղաքացիական հայց ներկայացնել։ Մենք այդ մասը բաց ենք թողել»,-նշեց փաստաբանը։

Դատարանը գտնվում է հիմնական դատալսումների ավարտական փուլում։ 

«Ներգրավված փաստաբանների ներկայությամբ այդ հարցը քննարկվել է։ Ներկայացվել են նաև որոշակի հանգամանքներ և որևէ բարձրաձայնում այդ մասով չի եղել։ Հիմա, այս փուլում այդ հարցի քննարկմանը ևս մեկ անգամ անդրադառնալ, զուտ քրեադատավարական նորմերի տեսանկյունից արդեն իսկ սահմանված ընթացակարգին ոչ համապատասխան եմ համարում։ Այնուամենայնիվ, կլսեմ կողմերի կարծիքը և համապատասխան արձագանք կտամ Ձեր կողմից ներկայացված ոչ միջնորդությանը, այլ հայտարարությանը, այս դեպքում»,-հայտնեց դատավորը։

Վկայի հարցաքննությունը, ինչպես նշվել էր, դռնփակ անցկացվեց։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել