Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցավ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ևս 6 անձի գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Արամ Գրիգորյանը։
Գործով անցնում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Գրիգորի Խաչատուրովը, Մանուկ Վարդանյանը, Հակոբ Մարտիրոսյանը, Արմեն Գևորգյանը, Նորայր Կարապետյանը և Էդգար Արշակյանը։
Նշենք, որ նիստը տեսանկարահանելու և լուսանկարահանելու միջնորդությունը մերժվեց, քանի որ մեղադրյալներն առարկեցին։
Հիշեցնենք՝ այս գործով Սեյրան Օհանյանը մեղադրվում է նախկին Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագ, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2 դրվագ (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), որոնք համապատասխանում են ներկայումս գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերին։
Գրիգորի Խաչատուրովը՝ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին դատարանը սահմանեց հետազոտման ենթակա ապացույցների հերթականությունը։ Որոշվեց սկզբից հետազոտել գրավոր ապացույցները, հարցաքննել վկաների, այնուհետև հարցաքննել ևս 2 վկայի, որոնք այս գործով մեղադրյալ են եղել, հետագայում վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը վերացվել է, և վերջում հարցաքննել մեղադրյալներին։
Դատարանն անցավ ապացույցների թույլատրելիության փուլին, սակայն այդպիսիք չկային, և քանի որ նախնական դատալսումների փուլին վերաբերելի այլ գործողություններ չկային, դատարանն անցավ հիմնական դատալսումների փուլ։
Հանրային մեղադրողը սկզբից ներկայացրեց Սեյրան Օհանյանի մեղադրանքը։ Հայտնեց՝ 2009 թվականին վերջինս 2 դրվագով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Նշեց՝ Օհանյանն իրեն վստահված Արմաշ համայնքում գտնվող հատուկ շինությունները և դրանց վրա առկա հողամասերը շահադիտական նպատակներով դարձրել է այլ անձինը՝ այլ կերպ վատման եղանակով հափշտակելով դրանք։
Բացի այդ, Սեյրան Օհանյանը նույն համայնքում գտնվող հատուկ նշանակություն ունեցող տարածքի և դրա վրա առկա շինության համար 2009 թվականի հունվարի 13-ին Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքել է առքուվաճառքի պայմանագիր, ըստ որի՝ այդ տարածքի 59 միլիոն 560 հազար դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողը և դրա վրա առկա շինությունները, զորամասի շտաբը՝ 252,8 քառ․, զորանոցը՝ 366,4 քառ․ մակերեսով, ճաշարանը՝ 186,9 քառ․ մակերեսով, 630,6 քառ․ մետր ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկը, կաթսայատունը, սանհանգույցը և հսկիչ անձնագրային կետը անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 միլիոն դրամով փաստացի վաճառել է Գրիգորի Խաչատուրովին։
Ըստ մեղադրանքի՝ մեկ այլ դրվագով Օհանյանի միջնորդությամբ խեղաթյուրվել է գույքերից մեկի իրական պատկանելությունը, որը կրկին գտնվում է Արմաշ համայնքում, հանցավոր ճանապարհով ստացված 59 միլիոն 560 հազար դրամ անշարժ գույքը ներառվել է Գրիգորի Խաչատուրովի գույքային ֆոնդում և օրինականացվել․ «Սեյրան Օհանյանը հանձնարարել է շուկայական գներից անհամեմատ էժան գնով օտարել նաև Արարատի մարզի Արմաշ համայնքի հատուկ նշանակության 46 միլիոն 480 հազար դրամ արժողությամբ «Երասխ 2» զինավարի տարածքը և դրա վրա առկա շինությունը»։
«Անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի և վերջինիս տեղակալ Աշոտ Մուսայանի կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կոմիտեի անշարժ գույքի գրանցման վարչության պետ Հակոբ Մարտիրոսյանի դրդմամբ Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, անշարժ գույքի պետական ռեգիստր Էդիկ Ավետիսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու արդյունքում հիշյալ անշարժ գույքը Կադաստրի կոմիտեում որպես սեփականություն ձևական գրանցվել է Նորայր Կարապետյանի անվամբ և տրվել է վկայական»,-ասաց հանրային մեղադրողը՝ նշելով, որ այդ ամենի արդյունքում շուրջ 46 միլիոն 480 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքը ներառվել է Արմեն Գևորգյանի գույքային ֆոնդում և օրինականացվել։
Հանրային մեղադրողը հաջորդիվ ներկայացրեց մյուսներին վերագրվող մեղադրանքները, որոնքն այս նիստով չավարտվեցին։ Գործով մյուս նիստը տեղի կունենա հուլիսի 23-ին։