Արհեստագործական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ՝ նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, ընդունելության տեղեր կհատկացվեն 41 մասնագիտությամբ 58 ուսումնական հաստատության, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղեր կհատկացվեն 116 մասնագիտությամբ 74 ուսումնական հաստատության:
Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հուլիսի 17-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում այս տարի արդեն 3-րդ անգամ կգործի արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում առնվազն 50 հազար դրամ կրթաթոշակի տրամադրման ծրագիրը:
Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարի ՄԿՈՒ համակարգում գրանցվել է ավելի քան 15 հազար նոր ուսանող, և որ համակարգի ուսանողների ընդհանուր թիվը հասել է 45 հազարի: Գերակա ուղղություններով ընդունելության զգալի աճ կա. «2023-2024 ուստարվանից որդեգրվել են քաղաքականության որոշակի համամասնություններ, որոնց միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվում է 6064 տեղ՝ պետութան փոխհատուցմամբ, իսկ արհեստագործական ծրագրերով՝ 3312 տեղ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրեց, որ կրթաթոշակի որոշումն առնվազն տասնյակ հազարից ավելի նոր ուսանող է բերել համակարգ. «Պիտի ուրախությամբ արձանագրենք, որ մեր սիրելի շրջանավարտները, ըստ էության, մեր որոշումներին արձագանքել են, և, փաստորեն, թոշակի, կրթաթոշակի որոշումն առնվազն տասնյակ հազարից ավելի նոր ուսանող է բերել համակարգ, և հիմա մենք այդ թոշակները շարունակում ենք վճարել:
Առաջին տարում գերակա ուղղություններում մենք առանց պայմանի ենք այդ թոշակը տալիս, ամիսը՝ 50 հազար, իսկ հետագայում արդեն՝ կախված կրթության առաջադիմությունից»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է ուշադիր լինել, որպեսզի գնահատական ստանալու համար «լավագույն ավանդույթները չվերադառնան», քանի որ դա կդեֆորմացնի որդեգրած ռազմավարությունները:
Նախարարը ներկայացրեց նաև ՄԿՈՒ դիմողների վիճակագրությունը: Նախորդ տարվա տվյալների համաձայն՝ 9-րդ դասարանն ավարտած ամեն 3-րդ երեխան որոշել է կրթությունը շարունակել քոլեջում, ինչը, ըստ Անդրեասյանի, շատ լավ ցուցանիշ է: