Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել փոխել 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ և չբացակայելու արգելքով։ Նախագահող դատավորը խափանման միջոցի փոփոխման համար հիմք է ընդունել ամբաստանյալի օրինակելի պահվածքը, 3 անչափահաս երեխաներ ունենալու և նախկինում իր ոչ պատշաճ վարքագիծը ընդունելու հանգամանքները։
Նշվում է, որ խափանման միջոցի փոփոխման համար երաշխավորագիր ներկայացրած պատգամավորները չեն ներկայացրել դատական նիստին, դատավորի որոշման հիմքում չի դրվել մեղադրյալի պաշտպան Զարուհի Փոստանջյանի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք՝ թե՛ կալանավորման, թե՛ խափանման միջոցի փոփոխման որոշումները կայացրել է դատավոր Արշակ Մաթևոսյանը։
Երեկ Արդարադատության նախարարն ու ՔԿԾ պետն այցելել են 8 ամսական փոքրիկին։
Լիանա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել հանցագործությանը նպաստելով տեղեկություններ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով ՀՀ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին օժանդակելու, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուրվինդեր Կումարի, քրեական վարույթով դեռևս չպարզված ոմն «Ջոն»-ի և «Աշոք»-ի հետ շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու համար։