Կինը չի ենթարկվել դատարանի կողմից բերման ենթարկելու որոշմանը, չի ենթարկվել իր նկատմամբ կիրառած տնային կալանքին․ դատարանից նոր մանրամասներ են հայտնում

Այսօր՝ հուլիսի 11-ին, Շենգավիթի դատարանը որոշում է կայացրել 3 ամսով կալանավորել քաղաքացի Լիանա Հարությունյանին։ Այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոտանջյանը։

«Վերջինս ունի բարձրագույն կրթություն և մատուցել է թարգմանչական ծառայություններ Հնդկաստանի քաղաքացիների համար։ Ի սկզբանե Լիանա Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով»,-ասված է նրա հայտարարության մեջ։

Նշվում է, որ կինը երեք անչափահաս երեխա ունի, փոքրը՝ 8 ամսական։

Iravaban.net-ին Քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը հայտնել է, որ Զարուհի Փոստանջյանի կողմից ֆեյսբուքյան իր էջում հրապարակած երկու տեսագրությունների հարցով դիմել են դատարան, որին ի պատասխան հայտնել են, որ ի սկզբանե Փոստանջյանը տացել է միայն ձայնագրելու թույլատվություն, տեսանկարահանում և հեռարձակում կատարելու վերաբերյալ թույտվություն չի ստացել։

«Փոստանջյանը թաքցրել է հեռարձակման փաստը՝ նշելով, որ միայն ձայնագրում է հետագայում որպես պաշտպան օգտագործելու համար։ Այնուհետև դատավորը կազմի միջոցով պարզել է, որ Փոստանջյանը այդ պահին իր ֆեյսբուքյան էջով հեռարձակում է նիստը։ Դատավորը Փոստանջյանին տուգանել է 80.000 ՀՀ դրամով և արգելել հեռարձակումը։ Փոստանջյանը դադարեցրել է այն ժամանակավորապես և նիստի ավարտից անմիջապես հետո նորից առանց համապատասխան թույլտվության վերսկսել ուղիղ հեռարձակումը։ Ի դեպ, նիստի ավարտից հետո դատարանի տարածքում տեսանկարահանումն իրականացվում է միայն դատարանի նախագահի գրավոր թույլտվությամբ»,-նշեց մեր զրուցակիցը։

Խափանման միջոցին առնչվող Iravaban.net-ի հարցին ի պատասխան դատարանից հայտնեցին, որ ի սկզբանե մեղադրյալ Լ․ Հարությունյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստերին, հրաժարվել է նաև հանրային պաշտպանից և չի ենթարկվել դատարանի կողմից բերման ենթարկելու որոշմանը, չի ենթարկվել ոստիկանների օրնական պահանջին, ինպես նաև չի ենթարկվել իր նկատմամբ կիրառած տնային կալանքին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել