«Մարտունիում նկուղից մեկը դուրս եկավ, կենտրոնում խփեցին, վեզը կտրվեց»․ Արցախից բռնի տեղահանված

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Զոյա Թովմասյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ նա ստիպված է եղել տեղահանվել Արցախից նաև 2020 թվականին, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով և բոլոր պատերազմների ականատեսն է։

«Սովորական մեր կյանքով էինք, երբ սեպտեմբերի 19-ին սկսեցին կրակել։ Սեպտեմբերի 25-ին արդեն արտագաղթի ճանապարհին էինք։ 9 հոգով ենք դուրս եկել։ Քաղաքի վրա էլ էին կրակում։ Մեկը հենց «պադվալից» դուրս եկավ, ամենակենտրոնում հենց խփեց, վիզը կտրեց։ Դրանից հետո մենք չենք կարողացել դուրս գալ, ձայներն այնքան ուժեղ էին, որ վտանգավոր էր։ Դա մեկ օր տևեց, դրանից հետո ասացին՝ պետք է լքեք։ Մենք էլ գնացինք Ստեփանակերտ։ Գրեթե ոչինչ չենք վերցրել մեզ հետ, որովհետև կյանքը քաղցր բան է։ Թողեցինք ամեն ինչ ու եկանք։ Թե հետո ինչ է լինելու, ոնց է լինելու՝ չեմ պատկերացնում»,-ասաց նա։

Տիկին Զոյան պատմում է նաև շրջափակման շուրջ 10 ամիսների մասին։

«Երեխաները հիմա, որ եկել էին այստեղ ո՛չ կոնֆետից են կշտանում, ո՛չ երշիկից, իրենք չուտող երեխաներ են, հիմա ինչ պատահի ուտում են»,-ասում է տիկին Զոյան և ժպտում։

Նա նշում է, որ Արցախի համար դժվար է եղել դիմակայել մի քանի պետության՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Պաղեստինի, Իսրայելի․ «Շատ ահավոր էր, շատ»։

Նա ասում է՝ էլ ցեղասպանությունը ո՞նց է լինում և նկարագրում, որ թշնամու տեղադրած անցակետներն են տեսել։

«Չես իմանում՝ այդտեղով, որ անցնես, քեզ թույլ կտան, թե ոչ։ Երեխաները սառել էին, վախենում էին»,-նշում է մեր զրուցակիցը։

Տիկին Զոյան ասում է, որ իրենք չեն էլ ուզում լսել Արցախում Ադրբեջանի անձնագրով ապրելու տարբերակի մասին։

«Ոնց կարելի է ապրել մի ազգի հետ․․․ազգը կարող է մեղավոր էլ չէ, լրիվ վատ կամ լավ ազգ չի լինում, երևի ղեկավարությունն է վատ։ Բայց սրանից հետո, երբ ամեն ընտանիքում զոհ կա, ավերվածություններ կան, սրանից հետո չի լինի մեր միասին ապրելը։ Մենք իրենց էլ չենք կարող ներել, որովհետև իրադարձությունները գլխիվայ շուռ են տալիս, առանց ամաչելու, իրենք հարձակվում են, ասում են, թե ղարաբաղցիները հարձակվեցին։ Ղարաբաղցիները ո՞նց կարող են հարձակվել այդքան ուժի դեմ»,-ասում է տիկին Զոյան։

Նա հարց է բարձրացնում՝ ինչու՞ են ՄԱԿ-ի ներկայացուցիչները գնացել Արցախ, երբ այնտեղ այլևս հայ չկար։

«ՄԱԿ-ը այն ժամանակ գար, որ մեզ կոտորում էին, մեզ նվաստացնում էին, հիմա եկել է, որ ի՞նչ։ Էդ ՄԱԿ է, Հաագայի դատարան է, և այլ կազմակերպություններից ես արդեն հիասթափվել եմ։ Իմացել եմ, թե դրանք ուժ ունեն, հեղինակություն են, բայց պարզվում է՝ ոչ։ Մի ճշմարտություն կա՝ ուժն է ծնում իրավունքը։ Ինչ եղավ, որ Ադրբեջանը մեզ հաղթեց, մեզ ճանապարհ է ցույց տալիս, որ Երևանը մերն է։ Ընդամենը 100 տարվա պատմություն ունի այդ պետությունը, բայց մեր Ամարասը, մեր Գանձասարը տեսեք, թե որ դարերի պատմություն ունեն։ Իրենք իրենց սխալը կարողանում են առաջ տանել, ուղղակի հնարավոր լինի մի Չինական պատ դնենք մեր ու իրենց միջև, իրար երես էլ չտեսնենք։ Քանի՞ պատերազմ կարելի է տեսնել, զրկանքներ։ Այնքան շենքեր են ավիրել։ Մեր ղեկավարությունն էլ չես հասկանում ի՞նչ էին մտածում, թե՞ գիտեին, եթե գիտեին, ինչու՞ էին նոր շենքեր կառուցում։ Իմ կարծիքով մեր և իրենց միջև ամեն ինչ վերջացած է»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Վերջում նա ասում է, որ այդ աստիճանի թշնամանքը ներել չի լինի։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել