«Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում այսօրվա մեր հերոսը Գագիկ Մնացականյանն է։ Նա տեղահանվել է Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից։
Սեպտեմբերի 19-ը նրա համար սովորական օր էր, չէր պատկերացրել, որ մայրիկի հետ խոսելուց անմիջապես հետո կլսվեն պայթյունի ձայները։ Ստեփանակարետում վարձով էր ապրում՝ ուսում ստանալու նպատակով։ Այդ օրը տնից դուրս գալիս է լսել ձայները, բայց իր խոսքով, ինչքան էլ տարօրինակ թվա, իրենք այդ ձայներին սովոր էին։ Անմիջապես փորձել է կապվել ծնողների հետ, բայց պարզվել է՝ գյուղում ավելի լուրջ է իրավիճակը․ «Պատերազմից հետո պարզվեց, որ մեր գյուղում ամենաշատն են այդ պայթյունները եղել, ամենաշատ վնասված տները, զոհերը հիմնականում մեր գյուղից են եղել»։
Շրջափակման օրերը մեր հերոսը և՛ տխրությամբ, և՛ ուրախությամբ է հիշում, քանի որ այդ օրերն իր ընտանիքի, ընկերների, հարազատների հետ էր կիսում, և ամենակարևորը՝ հայրենի հողում։
«Բլոկադայի ընթացքում ձեռք բերեցի էլ ավելի կամքի ուժ ու հասկացա՝ սա ևս մեկ փորձություն է, որ եթե այս դժվարությունները հաղթահարում եմ, վստահաբար կարող եմ ասել, որ կյանքի շատ դժվար փորձություններ կարող եմ հաղթահարել։ Ես ոչ մեկին չեմ ցանկանա՝ այդ ամենը տեսնի»,-ասում է Գագիկը։
Արցախի հետ են կապված իր բոլոր հիշողությունները, կյանքի ամենավառ օրերը։ Գագիկը նշում է, որ հարազատ եղբայր չունի, բայց, ցավոք, պատերազմը խլեց իր հորեղբոր տղային, ում հետ հարազատ եղբոր պես կիսել է կյանքի ամենադրական ու ամենահիշարժան ակնթարթները։
Գագիկն իր հետաքրքիր մտքերն արտահայտում է փոքրիկ բիզնեսի, դեռևս Արցախում սկսած աշխատանքի միջոցով։ Ձեռքով հագուստների վրա գեղեցիկ պատկերներ, թռչնատառեր, արցախյան մշակույթը խորհրդանշող նկարներ է պատկերում, և այն հագուստները, որոնց վրա մարդիկ որևէ փոփոխություն են ուզում կատարել, Գագիկը մեծ սիրով անում է՝ նոր շունչ հաղորդելով դրանց։
Տեղահանվելուց հետո Երևանում բնակվելու դժվարությունների մասին ասաց, որ սկզբում աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ առաջացան, բայց հիմա արդեն ծնողներն աշխատանք են գտել, իսկ ինքը մոտավորապես 1 ամիս անց է վերսկսել իր աշխատանքը։
Պատմում է, որ համալսարանում շատ լավ են ընդունել, անցումը թեթև է եղել, կոնֆլիկտներ չեն առաջացել։
«Ես այսօր էլի իմ հայրենիքում եմ ու երբեք էլ չեմ տարանջատել Հայաստան-Արցախ, բայց Արցախը միշտ իմ սրտում է ու ինձ հետ կլինի հավերժ»,-նա այսպես ամփոփեց մեզ հետ զրույցը։
Մարիամ Շահնազարյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net–ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։