«Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում Արցախի տեղահանման, շրջափակման օրերի ու այստեղ բնակվելու խնդիրների մասին պատմել է Անահիտ Խաչատրյանը՝ տեղահանված Մարտակերտի շրջանից։ Նա 5 տարի բնակվել է Ստեփանակերտ քաղաքում՝ ուսում ստանալու նպատակով։
Սեպտեմբերի 19-ին ադրբեջանցիների նախահարձակ լինելու մասին իմանալով՝ երբեք չի պատկերացրել, որ այդ կրակոցներն ու ռմբակոծությունները սովորական չէին, պիտի իրենից խլեին հայրենի հողը։
«Խուճապի մատնվեցի, փորձեցի կապվել մերոնց հետ, որոնք գտնվում էին հենց Մարտակերտի մեր գյուղում։ Ընդհանրապես կապ չկար. ո՛չ կարողանում էի ինտերնետով կապվել, ո՛չ հեռախոսակապով, ավելի էի լարվում, անընդհատ փորձում էի։ Մեր գյուղում ամեն ինչ կարգին էր, բայց երբ զանգեցինք հորեղբորս, ասացին՝ այնտեղից տարհանվում են դեպի մեր գյուղ»,-նշում է նա։
Անահիտը շրջափակման օրերի մասին պատմեց, որ այն բոլոր արցախցիների համար եղել է շատ մեծ խոչընդոտ, արգելք՝ որևէ բան անելու համար։ Իր ընտանիքի համար դժվարությունը պայմանավորված էր նրանով, որ հայրը զոհվել էր, գյուղից որևէ բան քաղաք ուղարկելը շատ մեծ խնդիր էր։
Հիշելով ճանապարհի ամբողջ ընթացքը՝ նշում է, որ ադրբեջանցիների որոշ մասը ծաղրում էր, որոշներն ուրախանում, անգամ՝ հայհոյում։ Հակարի կամրջում ադրբեջանցիները փոքր շշերով ջուր էին տվել, ճիշտ է, դրանք հերմետիկ փակ էին, բայց չեն օգտագործել, մի քանի կիլոմետր անցնելով` դեն են նետել։
Նրա խոսքով՝ երեք գիշեր անց են կացրել ճանապարհին, հերթերի մեջ իրենց հետ փոքր ու միջին տարիքի երեխաներ են եղել։ Սյունիքում առաջին օրը գիշերելուց հետո հորեղբոր ընտանիքի հետ տեղափոխվել են Արարատի մարզ։
«Արցախում ես թողել եմ հենց Արցախը, հետո հայրիկիս, որին այդպես էլ չկարողացա վերջին հրաժեշտը տալ, որովհետև հայրիկս գյուղում էր, իսկ ես միանգամից տարհանվել եմ Ստեփանակերտից։ Ընկերներ, ծանոթներ, հարազատներ եմ թողել այնտեղ, եթե չենք գժվել արցախցիներս այդ ամեն ինչը տեսնելով, դա արդեն իսկ հաղթանակ է մեզ համար, որովհետև անգամ սարսափ ֆիլմերում այդպիսի բաներ չկան, ինչ որ մենք ենք տեսել»,-ասում է Անահիտը։
Տեղահանումից հետո կացության խնդիրն առաջացել է այն պատճառով, որ ընտանիքում մի մասն ուսանողներ են, ավելի շատ Երևանին մոտ տարածքում են ուզում ապրել, որ կարողանան և՛ ուսում, և՛ աշխատանք համատեղել, իսկ մեծերը ձգտում են ավելի ծայրամասային տեղեր, որպեսզի լինի նաև այգի մշակելու հնարավորություն։
Մարիամ Շահնազարյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net–ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։