«Ես շրջել եմ համարյա թե Հայաստանի և Արցախի բոլոր զորամասերում, ոչ թե միայն ես, ինձ հետ միասին նաև շատերը, բայց ես իմ պարտքն եմ համարել շրջել և ասմունքով, հայրենասիրական թեմաներով բանաստեղծություններ, պոեմներ ներկայացնել մեր զինվորականներին»,-ասում է նա։
Նա ասում է, որ երբեք չի պատկերացրել՝ Արցախն ամբողջությամբ կհայաթափվի, որովհետև հազարամյակներ շարունակ Արցախում միշտ հայեր են ապրել։
Հիշելով շրջափակման օրերը՝ նա պատմեց, որ 9 ամիսների ընթացքում մեծ դժվարությունների միջով են անցել․ «Թե 9 ամսվա ընթացքում ղարաբաղցին ինչ դժվարություններ է տարել, դա միայն ես գիտեմ և ղարաբաղցին, ուրիշ ոչ մեկը չի կարող իր կաշվի վրա դա զգալ։
Միայն ղարաբաղցի ծնողն է զգացել, որ իր երեխան սոված, տանը նստած, հաց չկա, որ ուտի, էլ չեմ ասում՝ խանութները լրիվ դատարկ էին։ Ալյուրն այնքան քիչ էր, որ թեփն ալյուրի հետ խառնում էին, որ մի քիչ ծավալը շատանա, և այդ թեփոտ հացը մարդ ուտելիս կոկորդին էր մնում»։
Սեպտեմբերյան ագրեսիայի օրերին գնացել էր իր մշակած այգին, ճանապարհին այգու հարևաններին էր տեսել, ասել էին՝ ո՞ւր ես գնում գիտե՞ս, որ թուրքերն արդեն եկել, հասել են այստեղ։
«Գնացի, հասա մեր բանջարանոցը, շորերս փոխեցի, որ մտնեմ մարգերը, մեկ էլ լսեցի, որ ռումբեր են պայթում, արդեն չիմացա՝ ինչ անեմ, մտա փոքրիկ տնակի մեջ, կուչ եկա, ասի՝ գոնե փրկվեմ, բայց ամեն վայրկյան ռումբերը պայթում էին։
4 ժամ սպասել եմ այնտեղ, մեկ էլ տեսա՝ տղաս եկավ, ասաց՝ ի՞նչ ես անում, հասկանու՞մ ես ինչ է կատարվում, հարցրի՝ քաղաքում ինչ կա, ասաց՝ քաղաքին բան չի եղել, քաղաքի 4 կողմն են ռմբակոծում, շուտ արա գնանք»։
Ոտքով հասել են քաղաք, տեսել, որ չորս կողմում մարդ չկա։
Նրա տիկնոջ քույրն անհայտ կորած զավակ ունի, և այդ սպասումների, մտածմունքների պատճառով հիվանդացել է, բժիշկները չեն կարողացել փրկել, ինչի հետևանքով մահացել է։ Նրա դին պետք է տանեին գերեզմանատուն, բայց քանի որ գերեզմանատան չորս կողմում արդեն ադրբեջանցի զինվորներ են կանգնած եղել, գերեզմանափորը հրաժարվել է փոս փորելուց, ի վերջո դին տեղափոխել են Գորիս։
Քաջիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են անցել ճանապարհը, եկել, հասել Հայաստան, նաև խոսել տեղահանումից հետո առկա խնդիրների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։