Օկուպացված Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքից բռնի տեղահանված Անուշ Ստեփանյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ սեպտեմբերի 19-ին, երբ թշնամին սկսեց հերթական ռազմական ագրեսիան, իրենք տանն են եղել, պայթող զենքերի բեկորները թափվել են տան վրա, փլվող տանիքի հողերը թափվել տան մեջ։
«Քաղաքի վրա էլ էին կրակում, գրադով տներին էին խփում։ Կարողացա միայն անձնագրեր վերցրել»,-ասաց նա։ Տիկին Անուշը պատմում էր, որ երեխաների հետ մի կերպ են կարողացել տնից դուրս գալ՝ նկուղ մտնելու համար։
Մի շարք դժվարությունների միջով անցնելով, շուրջ 3 օրում են Արցախից Հայաստան հասել, ու հիմա հինգ հոգով ժամանակավոր կացարանում են՝ Արմավիրի մարզի Փարաքար համայքնի մշակույթի տանը։
«Երբ դուրս էինք գալիս Ստեփանակերտից, քաղաքում ահավոր վիճակ էր։ Մինչև հասանք Հակարիի կամուրջ, արդեն մեռած մարդիկ էինք։ Մեզ ստուգեցին, իմ երեխաներին հանել են, տղամարդկանց ավտոյի հետևից վազել են տվել, մյուս աղջկան ընտանիքին՝ հայհոյանքներ տալով, մեքենային խփելով, դանակ շպրտելով․․․։ Նայած՝ ում հետ, ոնց են վարվել։ Ծառայողական մեքենայով անցնողների հետ են շատ վատ վարվել»,-պատմում է տիկին Անուշը։
Նրա խոսքով՝ իրենց առաջարկել են, որ մնան Արցախում և ապրեն ադրբեջանական դրոշի ներքո։
«Վախենում էինք, երեխաները գիշերները չէին քնում, իրենք ամեն տեղից կարող էին մտնել քաղաք։ Եթե իրենց դրոշը պետք է տեղադրեին, մենք էլ ապրեինք այնտեղ․․․ դա ես ճիշտ չեմ գնահատում»,-ասում է նա։
Անուշ Ստեփանյանի դուստրը՝ Շուշանիկ Բալայանը հավելում է, որ լույս չի եղել քաղաքում, երեխաները վախեցել են քնել, հիմա սենյակից մյուս սենյակ վախենոլւմ գնալ, անգամ մի բաժակ ջուր վերցնեն։
«Ես չգիտեմ հիմա ոնց եմ ապրելու, տուն չկա, փող չկա, ո՞նց ենք անելու՝ չգիտեմ»,-ասաց Շուշանիկը։
Տիկին Անուշը նշում է, որ Մարտունի քաղաքում շատ զոհեր են եղել։
«Մենք գիտեինք որ կուտակումներ կան, դիրքերը մեր տան դիմացն էին, իմացել ենք, որ ահավոր զենքեր են բերել, բայց չպատկերացրեցինք, որ միանգամից կսկսեն»,-ասում է տիկին Անուշը, իսկ դուստրը հավելու, որ կարկոցների տակ փորձել են սնունդ հայթհայթել, որ երեխաները ապաստարաններում սոված չմնան։
«Խփում էին, բեկորները թափվում էր մեր տանիքի վրա։ Հենց խփում էին, կքանստում էինք, աղջկս ասաց՝ մամ, մի քիչ սպասենք, սպասենք թող հանդարտվի։ Հնեց մի քիչ խաղանդվեց, չեմ պատկերացնում, թե ոնց հասանք նկուղ, երեխաների հետ»,-ասաց Անուշ Ստեփանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter