Պուտինը զրուցել է Մակրոնի հետ

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է, որ Ուկրաինայի զինվորականների կողմից Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի տարածքի պարբերական գնդակոծությունները մեծ աղետի առաջացման վտանգ են ստեղծում, որը կարող է հանգեցնել լայնատարած ճառագայթային վարակման»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախագահները կարևորել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելության շուտափույթ ուղարկումը Զապորոժիեի ԱԷԿ. առաքելությունը կկարողանա տեղում գնահատել իրական վիճակը: Ռուսական կողմը հաստատել է գործակալության տեսուչներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

«Վլադիմիր Պուտինը նաև հիշեցրել է ՄԱԿ-ի քարտուղարությանը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փորձագետներին ուղղված՝ Ելենովկայում գտնվող քննչական մեկուսարան այցելելու հրավերի մասին, որտեղ Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել են այնտեղ պահվող մեծ թվով ուկրաինացի ռազմագերիներ»,- հայտնել են Կրեմլում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել