«Ռոսկոսմոսը» հայտարարել է ՄՏԿ-ի նախագծից դուրս գալու մասին

2024 թվականից հետո Ռուսաստանի Դաշնությունը Միջազգային տիեզերական կայանի նախագծից դուրս բերելու մասին որոշում է կայացվել, այս մասին հայտարարել է  Ռոսկոսմոսի ղեկավարը։

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, դուք գիտեք, որ մենք աշխատում ենք Միջազգային տիեզերակայանում միջազգային համագործակցության շրջանակներում: Իհարկե, մենք կկատարենք մեր բոլոր պարտավորությունները մեր գործընկերների հանդեպ, բայց 2024 թվականից հետո այս կայանը լքելու մասին որոշումը կայացված է»,- ասել է Յուրի Բորիսովը։

Նրա խոսքով՝ այս պահին Ռուսաստանի Դաշնությունը կսկսի ձևավորել ռուսական ուղեծրային կայանը։

Բորիսովը նաև հավելել է, որ «Ռոսկոսմոսի» հիմնական առաջնահերթությունն ուղղված է լինելու Ռուսաստանի տնտեսությանը անհրաժեշտ տիեզերական ծառայություններով ապահովելուն։

«Արդյունաբերությունը գտնվում է բարդ իրավիճակում, և ես տեսնում եմ, որ իմ հիմնական խնդիրն իմ գործընկերների հետ միասին ոչ թե իջնելն է, այլ նշաձողը բարձրացնելը և, առաջին հերթին, Ռուսաստանի տնտեսությանը անհրաժեշտ տիեզերական ծառայություններ մատուցելը»,- ասել է նա։

«Ռոսկոսմոսի» ղեկավարի խոսքով՝ նման ծառայությունները ներառում են կապ, տվյալների փոխանցում, օդերևութաբանական, գեոդեզիական տեղեկատվություն և այլն։

«Սրանք այսօր ամենապահանջված ծառայություններն են, առանց որոնց ժամանակակից կյանքը հնարավոր չէ պատկերացնել»,- հավելեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել