Պետությունը չի կարող սահմանափակել անձի՝ դատարան դիմելու իրավունքը․ Նարինե Աբելյան

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է ինչպես վարչական արդարադատության, այնպես էլ վարչական վարույթի արդյունավետության բարձրացում։ Ռազմավարությամբ նախատեսվում է վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծում, վարչական մարմինների և նրանց գործողությունների վիճարկման շրջանակի ընդլայնումը, վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացում և այլն։

Թեմայի վերաբերյալ Իրավաբան․net-ը խոսել է փաստաբան Նարինե Աբելյանի հետ։

-Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությամբ նախատեսվում է վերացնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումների, գործողությունների և անգործության վիճարկման վարչադատավարական կարգը։ Այս փոփոխությունը չի նպաստի վարչակազմի կողմից թույլատրվող խախտումների ավելացմանը, ի՞նչ եք կարծում այս մասին։

-Որքանով հասցրել եմ ծանոթանալ այդ բարեփոխումների ռազմավարությանը, որևէ նպատակ, փոփոխություն մտցնելու պատճառ, ակնկալվող դրական արդյունք չկա, ուստի շատ դժվար է միանշանակ պատասխան հնչեցնել: Պարզ է մեկ բան. նման թերի ձևակերպումները թույլ են տալիս առնվազն կասկածել տվյալ ռազմավարության արդյունավետության, անհրաժեշտության և պիտանիության կապակցությամբ:

-Վարչական դատարանը առավել ծանրաբեռնվածներիցն է։ Գրավոր և պարզեցված ընթացակարգերի կիրառումը վարչական դատավարությունում էական ազդեցություն կունենա՞ն գործերի արագ լուծման և դատավորների բեռի թեթևացման վրա։

-Կարծում եմ` վարչական դատավարության շրջանակներում ՀՀ վարչական դատարանի բեռը կարող է թեթևացնել բացառապես դատավորների հաստիքներն ավելացնելը: Մնացած ցանկացած ծրագիր իրատեսական չեմ համարում: ՀՀ վարչական դատարանում պաշտոնավարում են ընդամենը 24 դատավորն: Գրավոր ընթացակարգով գործի քննությունը կարող է խնայել դատական նիստ հրավիրելու ժամանակը, սակայն չեմ կարծում, որ էական ազդեցություն կունենա դատավորների և վերջիններիս կազմերի ծանրաբեռնվածության վրա:

-Փետրվարի 9-ին ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգրքով նախատեսվող փոփոխությունները, որով 3-րդ ատյանի դատարանում նոր պալատ ստեղծվեց։ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա վարչական արդարադատության վրա։

-Ողջունելի է առանձին պալատի ստեղծումը, սակայն վարչական արդարադատության վրա ազդեցության վերաբերյալ կարծում եմ` վաղ է կանխատեսումներ կատարել, քանի որ տվյալ հանգամանքը պայմանավորված է պրակտիկայում կատարվող գործողություների որակից: Բնականաբար, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների հաստիքները հիմնականում կզբաղեցվեն Վերաքննիչ վարչական դատարանի դատավորների կողմից, ինչով պայմանավորված էլ Վարչական դատարանի դատավորների մի մասը կտեղափոխվեն վերաքննիչ դատարան:

Դատավորների՝ այլ ատյան տեղափոխվելու դեպքում դատավորների վարույթում գտնվող գործերը պետք է վերամակագրվեն այլ դատավորների: Այս առնչությամբ մտավախություն ունեմ առաջին և վերաքննիչ ատյաններում գործերի քննության հետաձգման առնչությամբ՝ կախված պաշտոնավարող դատավորների վերադաս ատյաններ տեղափոխվելու հետ: Այսինքն, այս փոփոխությունը կյանքի կոչելիս պետք է նաև հաշվի առնվեն վերոնշյալ հանգամանքները՝ դատավարական ժամկետների ձգձգումներից խուսափելու նպատակով:

-Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը այդպես էլ չընդունվեց, չնայած դա հարցի լուծում է համարվում։ Գործող օրենսգիրքը ընդունվել է 1985 թվականին: Ինչ խնդիրներ է սա առաջացնում պրակտիկայում։ Ըստ Ձեզ, ինչու՞ է այսքան ձգձգվում նոր օրենսգիրք ունենալու գործընթացը։

-Քանի որ օրենքը կենդանի օրգանիզմ է, այն նույնպես պետք է ժամանակ առ ժամանակ փոփոխությունների ենթարկվի՝ հարմարեցվի տվյալ պահին ձևավորված հասարակական հարաբերություններին, որպեսզի արդյունավետ կառավարի դրանք: Որոշ նորմեր, իհարկե, անհրաժեշտությունից ելնելով լրացվում են, սակայն, այնուամենայնիվ, օրենսգիրքը ամբողջովին ի վիճակի չէ կարգավորել մերօրյա հասարակական հարաբերությունները: Այս պահին մտաբերեցի մեկ հակասություն, որը օրենսգրքի թերի կարգավորման արդյունք է: Խոսքը «Դեղերի մասին» օրենքի մասին է, որն արգելում է դեղատանը պիտանելիության ժամկետն անցած դեղեր իրացնել, սակայն ՎԻՎՕ-ն պատասխանատվություն է նախատեսում պիտանելիության ժամկետն անցած դեղեր պահելու համար: Բնականաբար, պահելու և իրացնելու զանցակազմերը չեն կարող նույնացվել, որպիսի պայմաններում ակնհայտ է օրենքի թերի կարգավորումը և դրանից բխող բացասական հետևանքները:

Թե ինչու է ձգձգվում նոր օրենսգիրք ունենալու գործընթացը, չեմ կարող ասել, ենթադրում եմ, որ խնդիրը առաջնահերթություններն են, որոնք լիազոր մարմինն իր առջև սահմանում է:

-Ռազմավարությամբ ամրագրված այս նպատակի ուղղություններից մեկը վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացումն է։ Նշվում է, որ օրինակ, հնարավոր կլինի սահմանափակել ՀՀ վարչական դատարանի այն գործերով վճիռները բողոքարկելու հնարավորությունը, որոնցով վիճարկվող վարչական ակտերով կիրառված տույժի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։

Արդյո՞ք այստեղ խնդիր տեսնում եք դուք։ Կամ ունե՞ք խնդրի լուծման այլ տարբերակ, որով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետությունը կբարձրանա։

-Վճիռները բողոքարկելու իրավունքի սահմանափակումը դատարան դիմելու իրավունքի, դատարանների մատչելիության իրավունքի կոպիտ խախտում եմ համարում: Պետությունը չի կարող սահմանափակել անձի՝ դատարան դիմելու իրավունքը, այդ նույն դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար, դա իմ ընկալմամբ տրամաբանական չէ: Ծանրաբեռնվածությունը թեթևացնելու իմ տարբերակը բացառապես դատարանում դատավորների հաստիքների ավելացումն է: Եթե ընդունվի նման վիճելի կարգավորում, վստահ եմ, դրա սահմանադրականության հարցի բարձրացումն իրեն սպասել չի տա:

Ինչ վերաբերվում է վարչական կարգով գանգատների քննության կարգին, ապա այս հարցը ևս թղթի վրա այլ տեսք ունի, պրակտիկայում՝ լրիվ այլ: Մինչդատական՝ գանգատարկման վարույթ իրականացնող մարմինների պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի խնդիրն է նախ և առաջ, որը ծագում է վարչական ակտերն ըստ վերադասության գանգատարկելիս:

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ ցանկացած ծրագիր, ռազմավարություն, գործողությունների պլան պետք է քննարկել ոլորտի մասնագետների հետ, որպեսզի հետագայում անցանկալի խնդիրների չբախվեն թե՛ նախաձեռնողները, թե՛ մենք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել