Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ սնանկության ոլորտում մի շարք փոփոխություններ են նախատեսված, այդ թվում՝ «Սնանկության մասին» օրենքում։ Նախատեսված է նաև վերանայել սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները և նշանակման կարգը:
Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է սնանկության կառավարիչ Սոնա Ավագյանի հետ։
–Տիկին Ավագյան, բարեփոխումների ծրագրում նշվում է, որ անհրաժեշտ է մշակել և ներդնել կառավարիչների մասնագիտական ուսուցման կրթական ծրագրեր և կազմակերպել թեկնածուների ուսուցումը՝ նախքան որակավորում անցնելը: Որքանո՞վ այժմ կա սրա անհրաժեշտությունը, սա կբարձրացնի՞ կառավարիչների մասնագիտական հմտությունները։
-Իհարկե, ավելորդ անգամ կառավարիչների համար մասնագիտական կրթական ծրագրեր կազմակերպելը չի կարող սխալ որոշում լինել, այլ հարց է, թե այդ ծրագրերը որքանով արդյունավետ կլինեն ու որքանով կմոտեցնեն կառավարչին՝ իր գործունեության ընթացքում առնչվող ռեալ, պրակտիկ խնդիրների լուծմանը, քանզի տեսական գիտելիքները կարող են շատ լավ ուսումնասիրվել և յուրացվել, սակայն արդյունավետ չլինեն պրակտիկայում: Եթե խոսում ենք մասնագիտական հմտությունների արդյունավետության բարձրացման խնդրից, ապա անպայման պետք է հաշվի առնել մասնագիտական փորձի ընթացքում ձեռք բերվող հմտությունները, որոնք ձևավորվում են միայն ժամանակի ընթացքում:
-Այսօր կառավարիչների վարձատրությունը շատ տարբեր է՝ գործերի քանակով պայմանավորված: Այս խնդիրը լուծելու համար առաջարկվում է նաև վերանայել սնանկության կառավարիչների նշանակման համակարգը և ներդնել կառավարիչների ընտրության նոր համակարգչային ծրագիր, որը կառավարչի ընտրության հարցում պետք է հաշվի առնի մի շարք գործոններ, ինչպես օրինակ՝ գործերի բարդությունը, մասնագիտական հմտություններն ու մասնագիտական տարածքը: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նման ծրագրի ներդնումը կնպաստի կառավարիչների միջև սնանկության գործերի առավել ճիշտ, միգուցե՝ արդարացի բաշխմանը:
-Ինչ վերաբերում է կառավարիչների ընտրության նոր համակարգչային ծրագրի ստեղծմանը, կարծում եմ դա հիանալի լուծում կլինի շատ խնդիրներին, մասնավորապես, Ձեր կողմից նշված գործերի ճիշտ բաշխմանը՝ ըստ կառավարչի հմտությունների ու գործերի բարդության, որովհետև, ամեն դեպքում, սնանկության գործեր կան, որոնք պահանջում են մեծ փորձ ու պրակտիկ գիտելիքներ, և ավելի ճիշտ կլինի դրանք վստահել ավելի փորձառու կառավարիչներին, բայց ես չեմ կարծում, որ դա ամբողջությամբ կլուծի կառավարիչների վարձատրության տարբերության հարցը, քանի որ կառավարիչների վարձատրության տարբեր լինելը միայն գործերի քանակով չի պայմանվորված:
Այս դեպքում տեղին է ասել՝ «քանակը դեռևս որակ չէ»: Կառավարչի վարձատրության չափը կախված է յուրաքանչյուր գործի բովանդակությունից, որը կարող է տատանվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից մինչև ութանիշ թվեր:
Վարձատրության մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ սնանկության գործով կառավարիչները, ամեն դեպքում, հանդիսանում են անհատ ձեռներեցներ, իսկ անհատ ձեռներեցների վարձատրության չափը տարբերվում է միմյանցից՝ կախված մի շարք հանգամանքներից: Ես չեմ կարծում, թե կառավարիչների վարձատրության տարբերությունը խնդիր է, քանի որ դա ունի իր օբյեկտիվ պատճառները, այդ թվում՝ կառավարչի փորձը, ծանրաբեռնվածության աստիճանը, կառավարչի անձնական ներգրավվածությունը սնանկության գործերում և այլն: Բայց, ամեն դեպքում, նման ծրագրի ներդնումը մեծ լումա կլինի սնանկության ոլորտում՝ կապված վերոնշյալ հարցերի հետ:
-Ռազմավարությամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ ավելացնելով սնանկության դատարանի դատավորների թիվը: Ըստ Ձեզ, սա կնպաստի՞ գործերի քննության ժամկետների կրճատմանը։ Ձեր մասնակցությամբ դատական նիստերն ի՞նչ պարբերականությամբ են նշանակվում։
-Իմ մոտ գտնվող սնանկության գործերը սնանկության դատարանի դատավորների կողմից քննվում է օրենքով սահամանված ժամկետներին համապատասխան, նիստերը ևս նշանակվում են հնարավորինս մոտ ժամկետներում, առանց էական ուշացումների կամ ձգձգումների: Անձամբ ես չեմ տեսնում սնանկության գործեր քննող դատավորների քանակն ավելացնելու կարիքը, մանավանդ, որ սնանկության դատավորների քանակը վերջերս կրկին համալրվել է, և անկեղծ ասած, չեմ էլ կարծում, թե դա էապես կազդի գործերի ժամկետների կրճատմանը, քանզի սնանկության վարույթում ամեն գործողություն ունի իր հստակ կատարման, բողոքարկման, հաստատման ժամկետը՝ սահմանված օրենքով, և դրանցից ավելի կարճ ժամկետ, յուրաքանչյուր գործողության համար, հնարավոր չէ սահամանել:
-Նշվում է, որ սնանկության դատարանի արդյունավետության բարձրացման գործում իր դրական ազդեցությունը կունենա նաև էլեկտրոնային սնանկության համակարգի ներդնումը և փաստաթղթաշրջանառության իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով: Այս կարգավորումը պրակտիկայում արդյունավետ կլինի, ի՞նչ հնարավոր խնդիրներ կամ դժվարություններ կարող են առաջ գալ:
-Իհարկե էլեկտրոնային համակարգի ներդնումը շատ կբարելավի սնանկության վարույթը. կհեշտանա սնանկության դատարանի հետ մի շարք գործողությունների իրականացումը, այդ թվում փաստաթղթաշրջանառությունը, սնանկության գործերը ավելի կազմակերպված ու սիստեմային կդառնան, բացի այդ բավականին շատ ժամանակ կխնայվի, որ էլեկտրոնային համակարգի բացակայության պարագայում ծախսվում է, ինչու չէ նաև կկրճատվեն փոստային, ճանապարհային և այլ ծախսերը: Դա մեծ ներդրում կլինի սնանկության ոլորտում:
Իսկ հնարավոր խնդիրներից առաջնային խնդիր է այն, թե արդյոք այդ համակարգը հանդես է գալու որպես սնանկության վարույթը հեշտացնելու համար նախատեսված հավելյալ գործիք, թե որպես օրենքով սահմանված պարտադիր պայման: Կարծում եմ՝ դժվարություններից կարող է հանդիսանալ այն, թե ովքեր կարող են մուտք գործել համակարգ ու օգտվել այդ էլեկտրոնային համակարգից՝ միայն կառավարիչները, դատարանի աշխատակիցները, թե նաև սնանկության գործի մեջ ներառված երրորդ անձինք կամ աճուրդի հայտատուները և վերջիններիս մուտքի պարագայում՝ ինչպես է հնարավոր այդ ամենը ճիշտ ու ապահով կազմակերպել: Դժվարություն կարող է լինել նաև տարեց մարդկանց կողմից այդ համակարգից օգտվելը։ Այդ դեպքում անհրաժեշտության կառաջանա համապատասխան դասընթացների կազմակերպումը:
-Տիկին Ավագյան, ռազմավարության շրջանակում նախատեսվում է նաև «Սնանկության օրենսգրքի» նախագծի մշակում, որով սահմանվում է, որ օրինակ՝ անհրաժեշտ է կրճատել սնանկության վարույթի ժամկետները: Ինչպե՞ս եք սա պատկերացնում: Պրակտիկայում որքա՞ն է հնարավոր կրճատել այդ ժամկետը և ի՞նչ եղանակներ կան ժամկետները կրճատելու և սպասված արդյունքի հասնելու համար:
-Ինչպես արդեն նշեցի, սնանկության վարույթի ընթացքում կառավարչի կամ դատավորի կողմից կատարվելիք ցանկացած գործողություն ունի իր հստակ կատարման, հաստատման, բողոքարկման օրենքով սահամանված ժամկետը, օրինակ՝ ֆինանասական առողջացման ծրագրի ներկայացման ժամկետ, առաջին ժողովի հրավիրման ժամկետ, դատարանի վճռի ուժի մեջ մտնելու ժամկետ կամ որոշման բողոքարկման համար նախատեսված ժամկետ և դրանցից ավելի կարճ ժամկետներ յուրաքանչյուր գործողության համար հնարավոր չէ սահամանել: Առավել կարճ ժակետ սահամանել նշանակում է խախտել գործի մասնակից անձանց իրավունքները, ովքեր հնարավորություն ունեն այդ ժամկետներում ինչ-որ գործողություն կատարելու, սակայն այդ իրավունքից, չգիտես ինչի, զրկվում են: Իմ համոզմամբ՝ սնանկության վարույթում սահմանված ժամկետները օպտիմալ են և կարիք չունեն կրճատվելու: Բացի այդ, ժամանակի ընթացքում վարույթում կարող են երևան գալ գործի համար էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնք էապես ազդում են սնանկության վարույթի ամբողջ հետագա ընթացքի վրա կամ փոխում սնանկության գործի հիմնական վեկտորը, որոնք գործի՝ հնարավորինս կարճ ժամկետում ավարտելու դեպքում, ի հայտ չէին գա: Այնպես որ, կարծում եմ «լավ արդյունք» առաջին հերթին նշանակում է գործի ամբողջական կատարվածություն և գործի մասնակից անձանց շահերի չոտնահարում, ոչ թե՝ հնարավորինս կարճ ժամկետներում գործի ավարտ:
-Ինչպե՞ս կգնահատեք սնանկության համակարգի վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը։ Եթե իրազեկվածության մակարդակը ցածր է, ապա ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ։
-Անկեղծ՝ բավականին ցածր կգնահատեմ: Եվ վստահ եմ, որ սա ոչ միայն սնանկության, այլև ընդհանուր իրավական տեսանկյունից մարդկանց իրազեկվածության մակարդակի խնդիր է, որ պետք է կապել ինչպես մարդկանց կենսամակարդակի ցածր լինելու, այնպես էլ պետության կրթական օղակների որակի ցածր լինելու հետ: Այսինքն, սա ընդհանուր, հանրության սեփական իրավունքները և պարտավորությունները չճանաչելու խնդիր է, օրենքներից անտեղյակության և դրանից բխող խնդիր է: Դրան նայել միայն որպես սնանկության համակարգի վերաբերյալ հանրության ոչ լավ իրազեկվածության խնդիր, ինձ թվում է՝ ինքնախաբեություն է. արդյո՞ք հնարավոր է նվագել պահանջել այն մարդուն, ով նույնիսկ նոտաներին չի տիրապետում, իհարկե՝ ո՛չ: Հանրության՝ օրենքներից ու սեփական իրավունքներից իրազեկվածության բարձրացումը պետական մակարդակի խնդիր է, որը կապված է սնանկության համակարգի հետ կապ չունեցող բազում հարցերից:
-Ոլորտում ի՞նչ խնդիր եք Դուք տեսնում, որ միգուցե ներառված չեն դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ, բայց Դուք առաջնահերթ եք համարում։
-Սնանկության ոլորտում, ինչպես և մնացած այլ ոլորտներում, բացեր իհարկե առկա են, որոնցից թերևս ամենաառաջնայիններից է սնանկության դատավարության օրենսգրքի ներդնումը և կիրառումը «Սնակության մասին» օրենքին զուգահեռ: Դա առավել թափանցիկ ու վստահելի կդարձնի սնանկության վարույթը և կբարելավի սնանկության ոլորտը: Սնանկության հետ կապված այլ խնդիրներ չեմ կարող նշել, միայն կմաղթեմ, որ ոլորտը գնալով էլ ավելի բարելավվի, հանրության կողմից սեփական իրավունքներն ու պարտականությունները լավ իմացվեն և պետական կրթական մակարդակը բարձրանա: