Անհրաժեշտ է վերացնել պարտատերերի կամ պարտապանների կողմից կառվարիչների առաջադրման ինստիտուտը․ սնանկության կառավարիչ

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ սնանկության ոլորտում մի շարք փոփոխություններ են նախատեսված, այդ թվում՝ «Սնանկության մասին» օրենքում։ Նախատեսված է նաև վերանայել սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները և նշանակման կարգը:

Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է սնանկության կառավարիչ Մարտին Մանուչարյանի հետ։

Ռազմավարության մեջ նշվում է, որ անհրաժեշտ է մշակել և ներդնել կառավարիչների մասնագիտական ուսուցման կրթական ծրագրեր և կազմակերպել թեկնածուների ուսուցումը՝ նախքան որակավորում անցնելը:

Կառավարչի կարծիքով՝ ողջունելի է նման նախաձեռնությունը, քանի, որ սնանկության ոլորտը բավականին բարդ է, այդ թվում օրենսդրության կիրառման տեսանկյունից և այն կնպաստի կառավարիչների մասնագիտական հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև նոր կառավարիչների կողմից անմիջապես սնանկության ոլորտ ներգրավմանը։

Այսօր կառավարիչների վարձատրությունը շատ տարբեր է՝ գործերի քանակով պայմանավորված: Այս խնդիրը լուծելու համար նախատեսված է նաև վերանայել սնանկության կառավարիչների նշանակման համակարգը և ներդնել կառավարիչների ընտրության նոր համակարգչային ծրագիր, որը կառավարչի ընտրության հարցում պետք է հաշվի առնի մի շարք գործոններ, ինչպես օրինակ՝ գործերի բարդությունը, մասնագիտական հմտություններն ու մասնագիտական տարածքը:

Հարցին, թե արդյո՞ք նման ծրագրի ներդնումը կնպաստի կառավարիչների միջև սնանկության գործերի առավել ճիշտ, միգուցե՝ արդարացի բաշխմանը, Մարտին Մանուչարյանն ասաց. «Կառավարիչների վարձատրությունը իրականում ոչ թե պայմանավորված է գործերի քանակով այլ անմիջապես կախվածության մեջ է գտնվում մի քանի հանգամանքից՝ պարտատերերի պահանջների բավարարումից, տվյալ գործով առկա անշարժ կամ շարժական գույքերի քանակից, գրավով ապահովված պահանջներից, դեբիտորական պարտավորությունների հավաքագրումից և այլ հանգամանքներից։ Իսկ ինչ վերաբերում է սնանկության կառավարիչների նշանակման համակարգի վերանայմանը և կառավարիչների ընտրության նոր համակարգչային ծրագրի ներդնմանը, ապա նման նախաձեռնությունը ևս ողջունելիա, սակայն կառավարչի ընտրությունը ոչ թե պետք է կախվածության մեջ դնել որևէ հանգամանքից, այլ կառավարիչների ընտրությունը, ինչպես նաև հետագա մասնագիտական վերապատրաստումները կազմակերպել այնպես, որ բոլոր կառավարիչներն էլ գտնվեն հավասար հարթության վրա և իրենք հնարավորություն ունենան ընտրելու մասնակցել այս կամ այն գործի վիճակահանությանը՝ թե ոչ։ Հակառակ պարագայում կստացվի՝ բարեփոխումներ ենք կազմակերպում, բայց ներկայիս պես գործերի մի մասը կվարվի կառավարիչների մի մասի կողմից և վարձատրությունը բավական բարձր կլինի, իսկ մյուս մասը կվարվի մնացած կառավարչիների կողմից և վարձատրությունը բավական ցածր կլինի, հետևաբար գտնում եմ, որ անհրաժեշտ է վերացնել պարտատերերի կամ պարտապանների կողմից կառվարիչների առաջադրման ինստիտուտը և գործերի բաշխումը իրականացնել բացառապես վիճակահանության միջոցով, ինչը կնպաստի նաև տվյալ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»։

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ նշվում է, որ սնանկության դատարանի արդյունավետության բարձրացման գործում իր դրական ազդեցությունը կունենա նաև էլեկտրոնային սնանկության համակարգի ներդնումը և փաստաթղթաշրջանառության իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով:

Սնանկության կառավարիչը նշում է, որ ցանկացած նորամուծություն սկզբնական շրջանում խնդիրներ է առաջացնում, բայց դրանք զուտ տեխնիկական են և ժամանակի ընթացքում կարգավորվող, իսկ էլեկտրոնային սնանկության համակարգի ներդնումը կնպաստի թափանցիկության և կառավարիչների աշխատանքը բավականին կհեշտանա, ինչպես նաև բավականին խնայողություն կլինի թե՛ կառավարչիների համար, և թե՛ պետական ռուսուրսների օգտագործման հետ կապված։

Նախատեսված է նաև Սնանկության օրենսգրքի նախագծի մշակում, որով սահմանվում է, որ օրինակ՝ անհրաժեշտ է կրճատել սնանկության վարույթի ժամկետները:

Հարցին, թե պրակտիկայում որքա՞ն է հնարավոր կրճատել այդ ժամկետը և ի՞նչ եղանակներ կան ժամկետները կրճատելու, Մարտին Մանուչարյանն ասաց. «Սնանկության վարույթի ժամկետները կրճատելու համար դեռևս 2020թ․-ի ապրիլի 20-ից գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսվել էր լրացուցիչ պարգևավճարներ, սակայն միշտ չէ, որ ժամկետները հնարավոր է կառավարել և հասնել սպասված արդյունքի։ Շատ հաճախ գործերի գրեթե 40-50 տոկոս դեպքերում հետախուզում է հայտարարվում պարտապանի և վերջինիս պատկանող գույքերի նկատմամբ, օրինակ տրանսպորտային միջոցները հաճախ խոտանված են լինում և օրինական ձևակերպումներ արված չեն լինում, որի պատճառով հարկադիր կարգով հետախուզումները արդյունք չեն տալիս, կամ էլ հարկադիր ծառայության աշխատակիցները առանց պատշաճ գործողություններ իրականացնելու ավարտում են կատարողական վարույթները՝ նշելով, որ գույքը չի հայտնաբերվել, կամ էլ պարտապաններին հնարավոր չի լինում հայտնաբերել, որպիսզի հանգամանքներն էլ խոչընդոտ են առանց կողմին պատշաճ ծանուցելու գույքերի վաճառքի հարցը քննարկելու համար։ Հետևաբար ժամկետների կրճատումն իրատեսական չէ»։

Մասնագետի կարծիքով՝ սնանկության համակարգի վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բավականին բարձր մակարդակի է և շատ հաճախ, գտնվելով ոչ բարեխիղճ, փորձում են սնանկության միջոցով ազատվել պարտավորություններից, որը մտահոգիչ է։

Մարտին Մանուչարյանը ոլորտում առաջնահերթ այլ խնդիրներ էլ է տեսնում:

«Մեկը կառավարիչների անկախությունն է և համապատասխան օրենսդրական երաշխիքները, որով կառավարիչները կաշկանդված չեն լինի իրենց լիազորությունները պատշաճ իրականացնելիս։

Հանրության շրջանակներում կառավարիչների դերի բարձրացումը։

Սնանկության վարույթի ընթացքում պարտատերերի կողմից կամ երրորդ անձանց կողմից սնանկության վարույթը շրջանցելը սահմանափակող գործիքակազմի մշակումն ու ներդրումը։

Պարատապանի կամ գրավատուների բացակայությամբ բնակարան, պահեստ և այլ տարածք կառավարչի և համապատասխան մասնագետների կողմից անարգել մուտք գործելու հնարավորությունը՝ գույքագրման և գնահատման նպատակով։

Պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը հետ ստանալու վերաբերյալ կառավարչի կողմից դատական կարգով բռնագանձելու իմպերատիվ պահանջը փոխարինելը հայեցողականի և որպես բացառություն՝ պարտատերերի ընդհանուր ժողովի որոշումը դատական կարգով բռնագանձում նախատեսելը»,- իր կողմից հավաքագրված խնդիրները նշեց սնանկության կառավարիչը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել