բարեփոխումներ Արդարադատության նախարարությունը լրատվամիջոցներին հրավիրել էր միջոցառման, որում ասվում էր․
«Արդարադատության նախարարությունը, գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ նոյեմբերի 2-ին, ժամը 11։00-ին հրավիրում է Դաբլ Թրի Բայ Հիլթոն հյուրանոցի «Միլանո» սրահ՝ լուսաբանելու «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկումը։ Վերջինի ընթացքում Նախարարությունը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իրավաբան-գիտնականներն ու շահագրգիռ այլ կողմերը կներկայացնեն իրենց դիրքորոշումը, մտահոգություններն ու գործող իրավակարգավորումների շրջանակում վեթինգ իրականացնելու հնարավորությունները»։
Օրակարգից պարզ է դառնում, որ նախարարությունը համագործակցել է մասնավորապես Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ) հետ, որի գործառնական ծրագրի՝ Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության շրջանակներում էլ կազմակերպել է քննարկումը։ Այս մասին վկայում է կից ներկայացված օրակագրը, որի վրա պատկերված էր երկու լոգոտիպ՝ Արդարադատության նախարարությանը և ԲՀՀ-Հայաստան ծրագրինը։
Լոգոտիպից բացի այս համագործակցության մասին փաստում է քննարկման օրակարգը, հրավերը։ Արդարադատության նախարարի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահից հետո բացման խոսքով հանդես եկավ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նրա տեղակալ Երանուհի Թումանյանցը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դուրս եկան քննարկման դահլիճից՝ չսպասելով զեկուցողների խոսքին, միջոցառմանը հրավիրված քաղհասարակության «գործընկեր» կազմակերպությունների ներկա մասնակիցների կարծիքին։
Քննարկմանն առաջինը խոսեց արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը։ Ուսումնասիրելով Արդարադատության նախարարության տարածած կենսագրությունը՝ պարզ է դառնում, որ Երանուհի Թումանյանցը 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (Կարեն Անդրեասյանի) տեղակալի պաշտոնը։
Փոխնախարարն աշխատել է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամում։ Նշենք, որ այս կազմակերպությունը ևս ֆինանսավորվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանից, ինչի վերաբերյալ մանրամասները կարող եք կարդալ ստորև։
Միջոցառման հրավերում էլ հիմնականում նշված էին այն քաղաքացիական կազմակերպություններից ներկայացուցիչները, որոնք ներկայումս կամ նախկինում ֆինանսավորվել էին Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանից։
Նմանատիպ ներկայացուցիչներից էր օրինակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահն Արթուր Սաքունցը, ով պետք է խոսեր անցումային արդարադատությունից։
Փոքր էր այն մասնակիցների թիվը, որոնք որևէ կերպ փոխկապակցված չէին վերոնշյալ հիմնադրամի գործունեությանը։
Ինչ վերաբերում է մասնագիտական քննարկումներին, հարկ է նշել, որ քչերն էին, որ խոսեցին համակարգային խնդիրների մասին, իրենց զեկույցներում/խոսքում, մասնագիտական համապարփակ կարծիք հայտնեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը, հարցերի ժամանակ բովանդակային հարցադրումներ կատարեց փաստաբան Տիգրան Եգորյանը։
Դավիթ Խաչատուրյանն իր խոսքում նշեց, որ տարընթերցում կա հիմնական հասկացությունների հետ կապված, որոնցից մասնագետներն օգտվում են։ Նրա խոսքով՝ վեթինգ ասելով պետք է հասկանալ ստուգում, իսկ զտումը դրա հետևանքն է։
«Բարեվարքություն․ սա շատ կարևոր է, երևի ամենակարևոր հասկացությունն է, որ օգտագործում ենք․ թե ինչն է ստուգվում, ինչն է վեթինգ արվում․
Եթե անգլերենից թարգմանում ենք integrity բառը, ապա դա բուն, առավել ընդգրկուն իմաստով՝ անխոցելիությունն է։ Նավի օրինակն է այս առումով միշտ բերվում, որ «թողող» տեղեր չունի։ Երբ ասում են մարդն integrity ունի, չեն ասում ինքը բարեվարք է, ասում են անխոցելի չէ որոշակի ռիսկերի նկատմամբ»,-ասաց Դավիթ Խաչատուրյանը։
Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը նախկինում եղել է Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի նախագահը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կառավարության սեպտեմբերի 16-ի որոշմամբ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում, որը հանդիսանում է Դավիթ Խաչատուրյանի եղբայրը։
Կառույցի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուների ընտրության համար կազմվել էր մրցութային հանձնաժողով, որը գնահատում էր նաև թեկնածուների բարեվարքությունը։
Հարցազրույցի փուլում պարզ դարձավ, որ Սասուն Խաչատրյանը խոցելի էր մի քանի կետով․
Մրցութային խորհրդի անդամներից մեկն իր հարցում նշել էր, որ Սասուն Խաչատրյանի աղջիկը 4,3 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել, նվիրատուների մեջ է նաև Տիգրան Գևորգյանը, ում էլ Խարատրյանի կինը 2018թ. նվիրել է «Գործավարական գրասենյակ համար մեկ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը։ Սասուն Խաչատրյանն էլ պարզաբանել էր, որ աղջիկն անցած տարի է ամուսնացել, «Եվ իր ամուսնության կապակցությամբ նորապսակները երկու կողմի բոլոր բարեկամներից, հարազատներից նվեր են ստացել գումարի տեսքով, և չեմ կարծում, որ այդ 3.5 միլիոն դրամն այն մեծ թիվն է, որ չէին կարող ստանալ հարսանիքի առթիվ՝ որպես նվեր նաև ըկերների կողմից»։
Նա նաև պարզաբանել էր, որ Տիգրան Գևորգյանն իր կնոջ հարազատ եղբայրն է։ Տիգրան Գևորգյանի անունը հարցերի ու հարցերի պատասխանների ընթացքում մի քանի անգամ հնչեց։ Պարզվեց, որ Սասուն Խաչատրյանը Պարզվեց նաև, որ Սասուն Խաչատրյանը վարում է կնոջ եղբոր մեքենան։
Սասուն Խաչատրյանը նշեց, որ մեքենայի արժեքը մոտ 10 միլիոն դրամ է՝ շուրջ 20 հազար դոլար․ «Ես կարող եմ ինձ թույլ տալ նման մեքենա ձեռք բերել, պարզապես ինձ պետք չէ հիմա մեքենա, որովհետև ես հիմնականում չեմ վարում»։
——————
Նշենք, որ այս քննարկմանը մասնակցել են հիմնականում այն կազմակերպությունները, որոնք Կարեն Անդրեասյանի արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո կայացած հանդիպումներին էին մասնակցել։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի օգոստոսի 3-ի հրամանագրով Արդարադատության նախարար նշանակված Կարեն Անդրեասյանը հանդիպումներ էր ունեցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների որոշ շրջանակի հետ։
Մասնավորապես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն օգոստոսի 20-ին նյութ հրապարակեց այն մասին, որ «ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի կանխարգելման գործընթացում ակտիվ ներգրավվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»:
Ուշադրություն ենք հրավիրում այդ հանդիպմանը մասնակցած կազմակերպություններին։
Աջ կողմում են՝
- Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը,
- Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը,
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը,
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը,
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Սասուն Համբարձումյանը,
Ձախ կողմից՝
- Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը,
- ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը,
- ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը,
- Checchi and Company Consulting ընկերության ներկայացուցիչը Հասմիկ Հակոբյանը,
- Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը։
Մինչ այդ, Արդարադատության նախարարությունում Կարեն Անդրեասյանը, հանդիպում է ունեցել նաև այլ քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ևս՝
- Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Իրազեկ քաղաքացիների միավորում
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
- Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
- Հելսինկյան ասոցիացիա
- Ինֆորմացիայի ազատության կենտրոն
- Իրավունքի Եվրոպա միավորում
- Checchi and Company Consulting ընկերություն
Ուսումնասիրելով մասնակիցների ցանկը, պարզ է դառնում, որ նորանշանակ նախարարը հանդիպում է մեծամասամբ այն կազմակերպությունների հետ, որոնք ֆինանսավորվել կամ ֆինանսավորվում են մեկ աղբյուրից՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանից (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ)։
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կայքէջի դրամաշնորհների բաժնում հրապարակված են, թե հիմնադրամը որ տարիներին, ինչ կազմակերպությունների, որքան դրամաշնորհ է հատկացրել այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար։
Ձեզ ենք ներկայացնում 2020 և 2019 թվականների դրամաշնորհների վերաբերյալ պաշտոնական հրապարակումները, որոնք ստացել են
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը,
- Իրազեկ քաղաքացիների միավորումը,
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը,
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն
- Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահն Արթուր Սաքունցն է։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգողն է Դանիել Իոաննիսյանը, տնօրենը՝ Աշխեն Մուշեղյանը։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրենն է Սոնա Այվազյանը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահն Արաքս Մելքոնյանն է։
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրենն է Գենյա Պետրոսյանը։
Նախարարի հետ ճանապարհ անցած/կիսած կազմակերպություններ
Կարեն Անդրեասյանը 2003-2004 թվականներին՝ որպես միջազգային փորձագետ և խորհրդատու, միաժամանակ աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում:
Ինչպես արդեն նշել ենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Անդրեասյանի հետ հանդիպմանը մասնակցել է նաև Checchi and Company Consulting ընկերության ներկայացուցիչ Հասմիկ Հակոբյանը։
Checchi and Company Consulting ընկերությունում աշխատել է նաև Կարեն Անդրեասյանը։ Նա 2016-2021 թվականներին կատարել է փորձագիտական և խորհրդատվական աշխատանքներ ՄԱԿ Զարգացման ծրագրում, Checchi and Company Consulting ընկերությունում, MSI-ում (Management Systems International), Եվրոպական լրագրության կենտրոնում, «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ում, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող Եվրոպական Միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն ավելի տեղեկացված քաղաքացիների համար» ծրագրում։
Սա նշված է Կարեն Անդրեասյանի՝ որպես նախարար, Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված կենսագրությունում։
Ուսումնասիրելով Հասմիկ Հակոբյանի կենսագրությունը՝ ևս մի համընկնում է երևում․ երկուսն էլ աշխատել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում, Անդրեասյանը՝ 2005-2008 թվականներին՝ որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետև` փոխտնօրեն։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը և Կարեն Անդրեասյանը աշխատել են միևնույն կառույցներում, օրինակ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում՝ Անդրեասյանը որպես իրավաբան (2001-2002թ.), Դոյդոյանը՝ լրագրող (1998-2001թ.)։
Հավելենք, որ 2001 թվականին «Ինտերնյուս»-ը ևս դրամաշնորհ է ստացել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանից։
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահն է Լուսինե Հակոբյանը։ Կազմակերպությունն այժմ անկախ գործունեություն է իրականացնում։
—————————
Այս ամենին հարկ է հավելել, որ ինչպես հայտնել էինք դեռևս 2019 թվականին, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար հայտարարված մրցույթը կազմակերպվել էր մի շարք խախտումներով:
Վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի 3-րդ մասի (ՀԿ-ների՝ խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով հայտեր ներկայացնելը) 5-րդ կետի համաձայն Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են արդարադատության նախարարություն՝ հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած 10 օրվա ընթացքում: Այս կարգով նախատեսված չէ մրցույթի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որևէ դրույթ, անկախ որևէ տեսակ էներգետիկ վթարների, և որևէ նշանակություն չունի՝ «ընդամենը» մեկ, թե տասն օրով է հետաձգվել մրցույթը: Այնինչ, արդարադատության նախարարությունը մրցույթի ավարտին վերջին՝ 10-րդ օրը հայտարարություն հայտարարություն էր տարածել, որ այն հետաձգվում է 1 օրով։
Հետաձգված օրն էր հենց «Իրազեկ քաղաքացիներ միավորում» խորհրդատվական ՀԿ-ն նախարարությանը ներկայացրել իր հայտը, ինչի արդյունքում «Իրազեկ քաղաքացիներ միավորում» խորհրդատվական ՀԿ-ն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն ոչ իրավաչափ որոշման արդյունքում, Վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի խախտմամբ ընդգրկվել էին Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում։
Այս խախտման հետ կապված 2019 թվականից ի վեր Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձանցից և ոչ մեկը ծառայողական հետաքննություն չեն սկսել և չեն վերացրել այդ անօրինական որոշումը։
—————————
Արդարադատության նախարարությունը՝ մամուլի հաղորդագրություն տարածելով նոյեմբերի 2-ի միջոցառման վերաբերյալ, նշել է․
«Անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգ իրականացնելու իրավական հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական քննարկում է այսօր տեղի ունեցել Երևանում՝ հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»։
Ենթադրվում է, որ նախարարությունը «շահագրգիռ կողմեր» ասելով նկատի է ունեցել ֆիզիկական անձանց, որոնց թվում էին Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ, սակավաթիվ ՔՀԿ ներկայացուցիչներ։
—————————
Հետ գալով նոյեմբերի 2-ին անցկացված քննարկմանն ու համադրելով վերոնշյալ փաստարկները՝ ակնհայտ է դառնում, որ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն իրենից ֆինանսական կախման մեջ գտնող ՔՀԿ-ների և փոքրաթիվ այլ ՔՀԿ-ների շղարշի ներքո արդարադատության նախարարությանը` հանձինս իր ազդեցության տիրույթում գտնվող բարձր պաշտոնյաների, փորձում է պարտադրել իր օրակարգը և այս միջոցառումն էլ այդ նպատակին հասնելու հանրային շղարշի դեր է կատարում:
Տեղեկացնենք նաև, որ միջոցառմանը չէր հրավիրվել Հայաստանի ՔՀԿ-ների Հակաոռուպցիոն կոալիցիան, որը նոյեմբերի 1-ին հրապարկել էր դատական բարեփոխմանն ուղղված իր մասնագիտական առաջարկները՝ երկու ուսումնասիրություներով և գործադիր իշխանությանն ուղղված հորդորով՝ ներառական քննարկումներ սկսելու վերաբերյալ:
Կոալիցիան իր առաջրակություներով որպես առաջնահերթություն առաջարկում է վեթինգ անցկացնել Բարձրագույն դատական խորհրդի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նկատմամբ: Այս կոալիցիայում են ընդգրկված քաղհասարակության 71 կազմակերպություններ։
Սակայն ինչպես պարզ դարձավ՝ արդարադատության նախարարությանն անհրաժաշտ էր կազմակերպել ոչ թե ներառական, խորքային մասնագիտական քննարկում` ներգավելով ոլորտի բոլոր դերակատարներին, այլ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի առաջնորդությամբ իր «գործընկերների» և փոքրաթիվ ՔՀԿ-ների հետ շղարշային միջոցառում` հետագայում ցույց տալու, որ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կողմից իրենց ներկայացված առաջարկություները հավաքագրվել են «քաղհասրակության կազմակերպություների» միջոցառման ընթացքում: