Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 2-ին «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկում էր կազմակերպել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ծրագրի՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։
Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ քննարկումն անցկացվել է «հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, «Էլեգիա» մշակութային հասարակական ՀԿ-ի ղեկավար Հարություն Ալեքսանյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց, որ հրավեր չի ստացել և ներկա չի եղել այդ հանդիպմանը։
«Դատաիրավական համակարգի վեթինգը դեռևս պետք է իրականացվեր 2018 թվականից հետո։ Սակայն, այն պետք է իրականանար, ոչ թե դատարանները շրջափակելով կամ Սահմանադրական դատարանի նախկին դատավորների հետևից ընկնելով, այլ դատական ռեֆորմի միջոցով: Ռեֆորմ, որը կապահովեր դատավորների անկախությունը, անկողմնակալությունը, ինչպես նաև նրանց չեզոքությունը քաղաքական գործընթացներից և կախումը իշխող կուսակցությունից»,- ասաց Ալեքսանյանը:
Նա ցավով արձանագրեց, որ այդ հարցում իշխանությունները չգնացին մատնանշված ուղով և հաշվի չառնվեց քաղհասարկության և փորձագետների կարծիքները։
«Փոխարենը փորձ արվեց դատական իշխանությանը բերել իրենց հավատարիմ և կամակատար դատավորներին: Արդյունքում՝ ներկայումս դատական համակարգը, չնչին բացառությամբ, կատարում է իշխանության հրահանգները՝ բռնելով կամ բաց թողնելով այս կամ այն ՏԻՄ ղեկավարներին կամ իրենց համար անհաճո անձանց՝ ըստ վերևից եկող հրահանգների: Վեթինգի, ավելի ճիշտ նոր դատական օրենսգրքի ընդունումը անհրաժեշտություն է»,- նշեց նա:
Իրավաբան.net-ն արդեն անդրադարձել է Արդարադատության նախարարությունն ու գործընկեր դարձած քաղհասարակության որոշ կազմակերպությունների դատական բարեփոխումներին նվիրված շղարշային միջոցառմանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։