Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 2-ին «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկում էր կազմակերպել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ) ծրագրի՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։
Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ քննարկումն անցկացվել է «հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»։
Իրավաբան.net-ի հետ զրույցում «Համայնքային նախաձեռնությունների ու քարոզչության կենտրոն» Հասարակական կազմակերպության նախագահ Մարիամ Աթոռակալյանն ասաց. «Իրենք իրենցով են քննարկում անցկացրել»:
«Առհասարակ, ոչ միայն Արդարադատության նախարարությունը, որևէ նախարարություն հասարակական կազմակերպությունների հետ ռեալ չի աշխատում, նմանապես նաև Արդարադատության նախարարությունը»,-նշեց նա:
Ըստ նրա՝ դատական բարեփոխումները նկատելի չեն:
«Բոլոր դեպքերում հենց հրավերներ պետք է լինեն: Կազմակերպություններն ակտիվ են, ճիշտ չի լինի ասել, որ ակտիվ չեն, նախարարությունն ինքը պետք է հրավիրի: Խտրականություն չպետք է դնի կազմակերպությունների մեջ, ես նկատել եմ դա: Ինչքան ես նկատել եմ «Բաց հասարակության» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների հետ է առավելապես աշխատանքը, թե ինչու՝ այդ հարցին ինքը կարող է պատասխանել»,-ասաց Մարիամ Աթոռակալյանը:
«Համայնքային նախաձեռնությունների ու քարոզչության կենտրոն» ՀԿ-ի նախագահը կարծում է, որ այդ ՀԿ-ներին ավելի են վստահում։
——————
Իրավաբան.net-ն արդեն անդրադարձել է Արդարադատության նախարարությունն ու գործընկեր դարձած քաղհասարակության որոշ կազմակերպությունների դատական բարեփոխումներին նվիրված շղարշային միջոցառմանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։