Արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար, վարչապետի որոշման համաձայն, մրցույթ էր հայտարարել, որի վերջնաժամկետը հուլիսի 11-ն էր: Իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 12-ին, կայացել է անդրանիկ նիստը, որի մասին հանրությունը տեղեկացել է ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հայտարարությունից հետո միայն:
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար հայտարարված մրցույթը կազմակերպվել է մի շարք խախտումներով:
Վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի 2-րդ մասի (Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին հայտարարությունը) 3-րդ կետի համաձայն, նախարարությունը խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար անցկացվող մրցույթն սկսելուց առնվազն 10 օր առաջ հրապարակում է դրա մասին հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում և anti-corruption.gov.am պլատֆորմում:
Նույն կարգի 3-րդ մասի (ՀԿ-ների՝ խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով հայտեր ներկայացնելը)5-րդ կետի համաձայն Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են նախարարություն՝ հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:
Այս կարգով նախատեսված չէ մրցույթի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որևէ դրույթ:
«Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կագը հաստատելու և ՀՀ վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի թիվ 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի` 2019 թվականի հունիսի 24-ի որոշման 3-րդ հավելվածի 3-րդ և 5-րդ կետերի համադրված վերլուծությունից հետևում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար անցկացվող մրցույթի համար առավելագույն ժամկետ կարող է սահմանել տասը օրը։ Ընդ որում, անկախ առկա թափուր տեղերի և մրցույթին ներկայացված հայտերի քանակից` վերոնշյալ որոշմամբ բացակայում է նշված ժամկետը երկարացնելու հնարավորություն։ Այսինքն` որոշման իրավակարգավորումները թույլ են տալիս հայտարարել նոր մրցույթ, սակայն արդեն իսկ հայտարարված մրցույթի ժամկետը երկարացվել՝ հիշյալ որոշումը թույլ չի տալիս։
Սակայն, չնայած նրան, որ արդարադատության նախարարության կողմից մրցույթը նախապես հայտարարված է եղել մինչև հուլիսի 10-ը, նույն օրը նախարարությունը հայտարարությու
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով ո՞ր կազմակերպություններն են հայտեր ներկայացրել, ո՞ր օրը և ո՞ր ժամին
Վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի 2-րդ մասի (Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին հայտարարությունը) 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, հայտարարությունը պետք է պարունակեր նաև հայտերի ընդունման օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվություն, սակայն, հայտարարությունը, հրապարակվել է կարգի ակնհայտ խախտմամբ, որի արդյունքում այն պարունակել է միայն հայտերի ընդունման օրերի մասին տեղեկատվություն:
Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հայտեր ներկայացրած կազմակերպություններն են.
Կազմակերպության անվանում | Հայտը ներկայացնելու օրը | Հայտը ներկայացնելու ժամը |
«Հայկական հոգեբուժական ասոցիացիա» ՀԿ | 10.07.2019 | 11:48 |
«Մեհրաբյան գիտա-ուսումնական կենտրոն» ՀԿ | 10.07.2019 | 13:09 |
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ | 11.07.2019 | 13:31 |
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ | 11.07.2019 | 14:44 |
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» խորհրդատվական ՀԿ | 11.07.2019 | 17:25 |
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ | 11.07.2019 | 18:13 |
Ինչպես պարզ է դառնում, հայտ ներկայացրած 6 կազմակերպություններից 4-ն իրենց փաստաթղթերը ներկայացրել են հուլիսի 11-ին՝ մրցույթի ավելացված օրը, ուստի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովը չէր կարող հաստատել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Իրազեկ քաղաքացիներ միավորում» խորհրդատվական ՀԿ-ի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին, քանի որ վերոհիշյալ չորս ՀԿ-ները իրենց հայտերը ներկայացրել էին վերոնշյալ կարգով սահմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից հայտարարված ժամկետի` հուլիս 10-ի ավարտից 1 օր հետո:
Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, արդարադատության նախարարությունից նաև հայտնում են, որ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստը կայացել է, և նիստի արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է հուլիսի 11-ին (մրցույթի ժամկետի ավարտի նույն օրը): Ինչպես արդեն նշվեց, փաստացի խախտվել է վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի 2-րդ մասի (Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին հայտարարությունը) 4-րդ կետի 2-րդ ենթակետը, երբ հայտարարությունը չի պարունակել հայտերի հանձնման վերաբերյալ տեղեկատվություն, որի խախտման արդյունքում էլ դրսևորվել է հայեցողություն:
Հատկանշական է, որ եթե մրցույթը ավարտված է համարվում հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին (ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքային ժամերի ավարտը), ապա ինչպե՞ս է դիտարկվել և դրական եզրակացություն տրվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայտին, եթե այն ուղարկվել էր հուլիսի 11-ին, ժամը 18:13-ին: Իսկ եթե մրցույթի ավարտը համարվում է հուլիսի 11-ի 23:59-ը, ապա ե՞րբ են քննարկվել և ամփոփվել մրցույթի արդյունքները, եթե կազմված արձանագրությունը ևս հուլիսի 11-ին է կազմվել: Ավելին, եթե մրցույթի ավարտը համարվել էր հուլիսի 11-ի 23:59-ը, ապա ստացվում է, որ արդարադատության նախարարությունը ցուցաբերել է կամայականություն և 18.13-ին հայտը ստանալուց հետո ձեռնամուխ է եղել հայտերի ուսումնասիրմանը, և այստեղ իրավացիորեն հարց է առաջանում որտեղի՞ց և ինչպիսի՞ երաշխիքներ ուներ նախարարությունը, որ մինչև 23.59-ը այլ ՀԿ-ներ հայտեր չեն ներկայացնելու։
Հարկ է ընդգծել, որ եթե նույնիսկ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ՀԿ-ների հայտերի ներկայացման ժամկետի երկարացման հնարավորություն նախատեսված լիներ և ոչ բավարար հայտերի պատճառով առաջանար անհրաժեշտություն ՀԿ-ների հայտերի ընդունման հայտարարված ժամկետը երկարացնելու, ապա անտրամաբանական է թվում, թե մեկ օրվա ընթացքում ինչպես պետք է այդ բացը լրացվել։ Քննարկվող հարցի պարագայում, անհասկանալիորեն հենց այդ մեկ օրվա ընթացքում են դիմել մասնակցող հասարակական կազմակերպությունների գերակշիռ մասը։ Նման պայմաններում ողջամտորեն առաջանում են հիմնավոր կասկածներ առ այն, որ հուլիսի 11-ին հայտեր ներկայացրած հասարակական կազմակերպությունների և ՀՀ արդարադատության նախարարության միջև եղել է նախնական` ոչ օրինական և իրավաչափ պայմանավորվածություն, և վերջինս մեկ օրով նախատեսված մրցույթի ժամկետը երկարացրել է նախապես համաձայնեցված հասարակական կազմակերպությունների մուտքը հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ապահովելու համար։ Նշենք նաև, որ վարչապետի որոշմամբ սահմանված կարգի 3-րդ մասի (Խորհրդի գործունեության կազմակերպումը) 6-րդ կետի համաձայն՝ Խորհուրդը համարվում է ձևավորված՝ անկախ խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից։ Այսինքն, ակնհայտ է, որ մրցույթի երկարաձգումը նպատակ չէր հետապնդում ապահովելու զուտ ձևավորելու Խորհրդի կազմը։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մրցույցի ժամկետի երկարացման հնարավորություն նախատեսված չէ վարչապետի որոշմամբ սահմանված գործող կարգով, ուստի ՀՀ արդարադատության նախարարության գործողությունները ոչ իրավաչափ են ու ոչ օրինական, և ենթակա են արժանացման համապաստախան իրավական գնահատականի։
Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչությունից մեզ նաև հայտնել են.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտ ներկայացրած կազմակերպություններից մեկի փաստաթղթերը չեն համապատասխանել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին՝ Որոշման հավելված 3-ի 14-րդ կետով սահմանված կարգով վերջինս 1-օրյա ժամկետում այդ մասին ծանուցվել է, որից հետո նրան տրամադրվել է 2 աշխատանքային օր՝ թերությունները շտկելու համար: Սահմանված ժամկետում կազմակերպությունը ներկայացրել է տեղեկատվություն, որի արդյունքում սույն թվականի հուլիսի 17-ին Հանձնաժողովը կայացրել է որոշում»:
Այս որոշման համաձայն, հուլիսի 10-ին փաստաթղթերը ներկայացրած «Մեհրաբյան գիտա-ուսումնական կենտրոն» ՀԿ-ի հայտին ընթացք չի տրվել, քանի որ սահմանված ժամկետներում կազմակերպությունը չի վերացրել հայտում առկա թերությունները: Հուլիսի 11-ին կազմված արձանագրության մեջ նշվում է, որ կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերում ներառված տեղեկատվությունը բավարար չէ գնահատելու հակակոռուպցիոն ոլորտի 3 և ավելի տարվա գործունեության փորձի առկայությունը, ինչպեսև միջազգային կամակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում 3 և ավելի ծրագրերի իրականացումը:
Վերոնշյալ որոշմամբ հաստատվել է մյուս կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը՝ կարգով ներկայացված պահանջներին:
Հասարակական կազմակերպություններից 4-ը` «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ը, «Իրազեկ քաղաքացիներ միավորում» խորհրդատվական ՀԿ-ը, «Հետաքննող լրագրողներ»ՀԿ-ը մրցույթի մասնակցության հայտերը ուղարկել են վարչապետի որոշմամբ հաստատված 10-օրյա ժամկետից ավելի ուշ, ուստի ստացվում է, որ վերոնշյալ չորս Հկ-ներին մրցույթի հաղթող ճանաչելն արդեն իսկ իրավաչափ չէ և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում այդ հասարակական կազմակերպությունների ներգրավումը ոչ օրինական է ու ոչ լեգիտիմ, քանի որ վերոնշյալ չորս ՀԿ-ների կողմից բաց են թողնվել հայտերի ներկայացման սահմանված ժամկետները:
Վարչապետի որոշման 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն խորհրդի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում և հակակոռուպցիոն մոնիթորինգի anti-corruption.
Ինչպես արդեն նշեցինք, խորհրդի անդրանիկ նիստը տեղի է ունեցել մրցույթի հաջորդ օրը՝ հուլիսի 12-ին: Նիստի վերաբերյալ կազմված արձանագրությունից պարզ է դառնում, որ խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ցանկում է նաև «Մեհրաբյան գիտա-ուսումնական կենտրոն» ՀԿ-ն, սակայն հուլիսի 17-ին արդարադատության նախարարության կողմից կազմված որոշման մեջ նշվում էր.
Իսկ խորհրդում ներգրավվելու համար հայտարարված մրցույթի պայմաններին համապատասխանելու վերաբերյալ դրական եզրակացություն ստացած «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ցանկում ներառված չէ:
ՀՀ կառավարությունից, ի պատասխան մեր հարցման, նշում են, որ նշված կազմակերպությունները նիստին մասնակցել են որպես թեկնածու-անդամներ: «
Նշենք, որ վարչապետի որոշմանՀակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեության կարգի 14-րդ կետի համաձայն, խորհրդի նախագահի հրավերով խորհրդի նիստին կարող են մասնակցել արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, խորհրդի կազմում չընդգրկված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուստի անհասկանալի է, թե խորհրդի նիստին չեն հրավիրվել հակակոռուպցիոն ոլորտի իրական դերակատարները:
Հարկ է նշել նաև, որ վարչապետի որոշման 3-րդ մասի 15-րդ կետի համաձայն. «Խորհրդի գործունեությունը հրապարակային է, բացառությամբ խորհրդի նախագահի պատճառաբանված բանավոր որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի։ Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը»:
Այստեղ ևս հակասություն է առաջանում:
Եթե խորհրդի գործունեությունը հրապարակային է և դռնբաց, ինչպեսև խորհրդի նախագահի հրավերով խորհրդի նիստին կարող են մասնակցել նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ապա ինչո՞ւ խորհրդի նիստերի մասին նախապես հայտարարություն չի տարածվում և այն բաց չէ ԶԼՄ-ների լուսաբանման համար:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են.
Նշվում է նաև, որ նույն որոշման համաձայն նիստերի ուղիղ հեռարձակման պահանջ ևս նախատեսված չէ: ԶԼՄ-ներին նիստի լուսաբանման համար հրավեր չի ուղարկվել, բացի այդ այն, որոշման պահանջի համաձայն, լուսաբանվել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից: Հետևապես, եթե Կառավարությունը որգեդրել է հանրության հետ բաց և թափանցիկ աշխատելու քաղաքականություն, ինչի օրինակ կարող է դիտվել ՀՀ կառավարության նիստերի ուղիղ հեռարձակումը (ի դեպ, սա նույնպես իրավական ակտով սահմանված իմպերատիվ պահանջ չէ), ապա ինչո՞ւ է հանրությունից փակ պահվում խորհրդի նիստի անցկացման օրը, օրակարգը և, ընդհանրապես, նիստն ամբողջությամբ։
Հաշվի առնելով վերոհիշյալը, կարևոր է, որ ՀՀ վարչապետի կողմից վերանայվի Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար հայտարարված մրցույթի ոչ իրավաչափ և ոչ օրինական արդյունքները` հաղթող ճանաչված չորս ՀԿ-ների մասով, հայտարարվի նոր մրցույթ` հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում պակասող չորս հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով: Հակառակ պարագայում, ստացվում է, որ հակակոռուպցիոն գործունեություն իրականացնող մարմինը իր աշխատանքների մեկնարկը արդեն իսկ տվել է իրավական ակտերի կոպիտ խախտումներով։
Նշենք նաև, որ սույն նյութի շրջանակներում չեն դիտարկվել խորհրդին անդամակցելու նպատակով ՀԿ-ների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը վարչապետի որոշմամբ սահմանված պահանջներին։ Այս մասին, անհրաժեշտության դեպքում, Իրավաբան․net-ը կանդրադառնա առաջիկայում։
Ալիսա Չիլինգարյան