Կառավարության սեպտեմբերի 16-ի որոշմամբ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։
Այս կառույցը, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն, քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը:
Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն, ինչպես նաև նշված օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը հիմնվում է անկախության, հրապարակայնության, ֆինանսական ինքնուրույնության և քաղաքական չեզոքության սկզբունքների վրա:
Մաս 1․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհուրդը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ, որի ձևավորումն և գործառույթները սահմանված են «Հակաոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածով։
Խորհուրդը ձևավորվում է 7 անդամից․
- Կառավարության,
- Ազգային ժողովի խորհրդի,
- Բարձրագույն դատական խորհրդի,
- Գլխավոր դատախազի,
- Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից, և
- քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:
Նշենք, որ այն ի սկզբանե չգործեց ամբողջական կազմով։
Նաև հիշեցնենք, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հունիսի 8-ին դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել․
«2021 թվականի հունիսի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարել է մրցույթ: Մրցույթի հայտարարությունը հրապարկվել է Կառավարության կայքէջում 2021 թվականի հունիսի 4-ին, ուրբաթ օրը: Հայտերի ընդունման ժամկետ է սահմանված ընդամենը 5 օր, հունիսի 7-11-ը ներառյալ (հայտարարությանը հաջորդող երկուշաբթիից ուրբաթ):
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ: Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, հաշվի առնելով այն արատավոր պրակտիկան, որ առկա էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի գործընթացներում, որի վերաբերյալ հունիսի 4-ին հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, հայտարարում է, որ չի մասնակցելու Խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով անցկացվելիք մրցույթին»,-նշվում էր հայտարարության մեջ:
Ավելին, Կոալիցիան կասկածի տակ էր դրել չհիմնավորված հապճեպությունը, որպիսի պայմաններում կազմակերպվում է մրցույթը` Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ՝ հանկարծակիության, կեղծ ժողովրդավարության ու թափանցիկության շղարշի ներքո։
Կոալիցիան կոչ էր արել Կառավարությանը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը և Ազգային Ժողովի նոր կազմի ձևավորումը ձեռնպահ մնալ վերոնշյալ ձևական մրցույթի անցկացումից և դրա շղարշի ներքո քաղաքական նշանակումներ կատարելուց: Դեռ ավելի վաղ, Կոալիցիան բացասական կարծիք էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, այլ պաշտոնյաների նշանակման գործընթացի ու այլ կարևոր դրույթների վերաբերյալ, քանի որ այն լինելու էր կոլեկտիվ կուսակցական և խմբային շահի առաջնորդությամբ, կառավարության հովանավորության ներքո, մեկ անձի՝ վարչապետի կողմից կատարված քաղաքական նշանակում:
«Ի սկզբանե, նման ձևակերպմամբ օրենքը չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։ Հետեւաբար, կոռուպցիոն վարքագծով, շահերի բախմամբ հակակոռուպցիոն մարմինների ձեւավորումն ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Եւ դրա մասնակիցը մենք՝ որպես հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներ, չենք կարող լինել»,-ասված էր հայտարարության մեջ:
———————
1․ Կառավարությունը հունիսի 14-ի որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու էր նշանակել ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանին։ Նա առաջին նիստին՝ հուլիսի 20-ին, ընտրվել էր որպես Խորհրդի քարտուղար։
Միաժամանակ նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությանը զուգահեռ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության նպատակով ձևավորված մրցութային խորհրդի սեպտեմբերի 3-ի որոշմամբ ԿԿՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրվեց նրա թեկնածությունը։
Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի պատգամավորների 66 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
Ստացվում է, որ սեպտեմբերի 10-ին, երբ անցկացվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցույթը, նա արդեն ԿԿՀ անդամի թեկնածու էր։
2․ Կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում Ազգային ժողովի խորհրդի կողմից ներկայացված թեկնածուի՝ Հերիքնազ Տիգրանյանի մասին արդեն գրել ենք։ Հիշեցնենք, հունիսի 29-ին Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստին, քվեարկության 11 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների համամասնությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել Հերիքնազ Տիգրանյանը։
Սակայն նա չէր կարող զբաղեցնել Խորհրդի անդամի պաշտոնը, քանի որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, Խորհրդի անդամ չի կարող նշանակվել կուսակցական պատկանելիություն ունեցող անձ, իսկ Տիգրանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ինչի վերաբերյալ փոքր հետաքննություն հրապարակեցինք։
Այնուհետև, հուլիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում որոշում ընդունվեց ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումը, որով Հերիքնազ Տիգրանյանը Խորհրդի անդամ էր նշանակվել։
3․ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Խորհրդի կազմում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, ով առաջին նիստին՝ հուլիսի 20-ին, ընտրվել էր որպես Խորհդի նախագահ։
4․ Գլխավոր դատախազի կողմից նշանակված թեկնածուն գլխավոր դատախազի խորհրդական Գևորգ Բաղդասարյանն էր։
5․ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այս Խորհրդում ի սկզբանե որևէ թեկնածու չնշանակվեց։ Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցման, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնել են, որ ՄԻՊ-ը թեկնածու չի առաջադրել։ ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով պահանջվող պարտադիր պայմաններին համապատասխանող աշխատակից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում չլինելու պատճառով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ չի առաջադրել»,-ասված է պատասխանի մեջ։
6․ Կառավարությունից, ի պատասխան մեր գրավոր հարցման, պատասխանել են, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման համար դիմել են երկու կազմակերպություն՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդակցական ՀԿ-ն։ Այս կառույցները համապատասխանաբար ներկայացնում էին․
– «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդակցական ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
– «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք նաև այս ՀԿ-ների փոխկապակցվածությունը կառավարության հետ․
Արցախում 2019-ի սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կառավարությունը առանց մրցույթի օգոստոսի 22-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 33 միլիոն 680 հազար դրամ տրամադրել 2 հասարակական կազմակերպության:
Առանց մրցույթի 16 միլիոն 200 հազար դրամ է հատկացվել Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին, 17 միլիոն 480 հազար դրամ՝ «Թրանսափարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին:
Հավելենք, որ այս երկու կազմակերպությունները ևս մեկ ընդհանրություն ունեն․ երկուսն էլ տարիներ շարունակ ֆինանսավորվել են մեկ աղբյուրից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամից (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ)։
Ձեզ ենք ներկայացնում 2020 և 2019 թվականների դրամաշնորհների վերաբերյալ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» կայքէջի դրամաշնորհների բաժնում պաշտոնական հրապարակումները։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը մրցութային խորհրդի հուլիսի 29-ին կայացած նիստի ժամանակ հայտարարեց, որ դուրս է գալիս կազմից՝ որոշ անհամաձայնություններ ունենալու պատճառով։
Մասնավորապես, ԹԻՀԿ-ն առաջարկել էր թեկնածուների բարեվարքության գնահատման վերջնարդյունքում սահմանել առավել բարձր անցողիկ շեմ (առավելագույն նախատեսված միավորի 70%՝ ի տարբերություն մյուս չափանիշների 50%-ի): Այս առաջարկը Մրցութային խորհուրդը չընդունեց, ինչը կազմակերպության համար անըդնունելի էր և ԹԻՀԿ-ը նպատակահարմար չհամարելով մրցութային խորհրդում իր ներկայացուցչի անդամության շարունակումը՝ դուրս եկավ կազմից։
Կազմակերպության պաշտոնական հայտարարությունը կարող եք տեսնել այստեղ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք նաև, որ նիստերին հեռավար կարգով մասնակցում էր նաև «Զարգացման իրավունք» միջազգային կազմակերպության փորձագետ Վիտալի Կասկոն՝ խորհրդատվական կարգով։ Նա ներկա գտնվեց կառավարության շենքում անցկացվող թեկնածուների հարցազրույցներին փուլին, ինչպես նաև հարցեր հղեց թեկնածուներին։
Եզրահանգումը
Այսպիսով ստացվում է, որ Մրցութային խորհուրդը չի գործել ամբողջական կազմով և վերջնական որոշումը կայացվել է 7 անդամի փոխարեն 4 անդամով, այնինչ օրենքի կարգավորումը ինքնանպատակ չէ և նմանատիպ որոշումները պետք է կայացվեն ոչ թե նվազագույն, այլ՝ առավելագույն ձայներով։ Իսկ ամենակարևորը, մասնագիտացված ՔՀԿ-ները, որոնք փոխկապակցված չեն կառավարության հետ, չեն մասնակցել մրցութային խորհրդին, որի պատճառով թեկնածուների ընտրության մասին մրցութային խորհրդի որոշումը ոչ լեգիտիմ է, իսկ մրցութային խորհուրդը` շղարշային` ի սկզբանե կառավարության կանխատեսելի թեկնածուին շղարշային մրցույթի միջոցով կոմիտեի նախագահ նշանակելու նպատակով։
Մաս 2․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներն ու ընտրության փուլը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները 3-ն էինք․
- Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը,
- փաստաբան Գառնիկ Թորոսյանը,
- Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Դավիթ Մկրտումյանը։
Հարցազրույցների ընթացքում մրցութային խորհրդի անդամները հարցեր ուղղեցին թեկնածուներին։
Ուշագրավ էին Սասուն Խաչատրյանին ուղղված հարցերից մի քանիսը, մասնավորապես՝ գույքի ու եկամուտների հայտարարագրերին առնչվողները։
Մրցութային խորհրդի անդամներից մեկն իր հարցում նշեց․ «Ձեր աղջիկը 4,3 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել, նվիրատուների մեջ է նաև Տիգրան Գևորգյանը, ում Ձեր կինը 2018թ. նվիրել է «Գործավարական գրասենյակ համար մեկ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը»։
«Աղջիկս անցած տարի ամուսնացել է, և իր ամուսնության կապակցությամբ նորապսակները երկու կողմի բոլոր բարեկամներից, հարազատներից նվեր են ստացել գումարի տեսքով, և չեմ կարծում, որ այդ 3.5 միլիոն դրամն այն մեծ թիվն է, որ չէին կարող ստանալ հարսանիքի առթիվ՝ որպես նվեր նաև ըկերների կողմից»,-նշել է Սասուն Խաչատրյանը:
Նա նաև պարզաբանեց, որ Տիգրան Գևորգյանն իր կնոջ հարազատ եղբայրն է։ Տիգրան Գևորգյանի անունը հարցերի ու հարցերի պատասխանների ընթացքում մի քանի անգամ հնչեց։
«2017 թվականին Ձեր կնոջ բանկային հաշվին կանխիկ մուտք է եղել 2,8 միլիոն դրամի չափով և 1600 դոլար, այնուհետև նույն չափով կանխիկ ելք է եղել, բայց այդ տվյալներն առկա չեն տարեկան հայտարարագրում։ Այս ամենն ինչո՞վ կբացատրեք»,- հարցրեց Դանիել Իոաննիսյանը:
Սասուն Խաչատրյանը պատասխանեց․
«2017 թվականին, մայիս ամսին ես Հայաստանի սահմաններից դուրս էի գտնվում, աղջիկս Հունաստանում գտնվող Շեֆիլդի համալսարանից հրավեր էր ստացել, ուր սովորում էին նաև իր ընկերերուհիները, այցելել համալսարան, և դեսպանատուն գործերը ներկայացնելու համար պահանջվում էր, որպեսզի ծնողներից որևէ մեկի հաշվի վրա որոշակի գումար լինի՝ որպես երաշխիք, որ երեխան այնտեղ ապահովված կլինի։ Քանի որ ես Հայաստանում չէի, կինս եղբորը՝ Տիգրան Գևորգյանին խնդրել էր, որպեսզի նա նույն օրը «Ամերիա» բանկում իր անունով բացված հաշվեհամարին փոխանցի նշված գումարը։ Նշված գումարը փոխանցվել է Տիգրան Գևորգյանի կողմից կնոջս՝ Լիլիթ Խաչատրյանի հաշվեհամարին, տրվել է տեղեկանք, որը նույնպես բանկը տրամադրել է, որ Լիլիթ Խաչատրյանի հաշվին այս օրվա, այս ժամի դրությամբ առկա է այսքան գումար, որից հետո ընդամենը 45 րոպե անց այդ գումարը կրկին հանվել է հաշվեհամարից, վերադարձվել է Տիգրան Գևորգյանին, և այս տեղեկանքը ներկայացվել է Հունաստանի դեսպանություն։ Սա է ամբողջ պատմությունը, ընդամենը քեռին իր քրոջ երեխայի համար այդ երաշխիքը ստեղծել է, որ երեխան հնարավորությունն ունենա՝ գնալ Հունաստանի համալսարան։ Դա ոչ փոխառություն է, ոչ․․․․ չգիտեմ, ինչպես կարելի է ինչ-ոչ ձև․․․ եթե բան կլինի՝ հայտարարագրենք, բայց խնդիրն ինձ համար դժվար է եղել»։
Մրցութային խորհուրդը խնդրեց նաև մանրամասներ ներկայացնել Տիգրան Գևորգյանի գործունեության մասին՝ մանրամասներ ներկայացնելով նաև, թե արդյո՞ք որևէ կապ ունի պետական մարմնի հետ, որևէ մրցույթի մասնակցե՞լ է․ շահել է, թե՝ ոչ։
Սասուն Խաչատրյանը նշեց, որ Գևորգյանն ունի հաշվապահական գրասենյակ, որն իրականացնում է տարբեր ընկերությունների հաշվապահություն։
«Որքանով ես գիտեմ՝ մի շարք ընկերություններում հանդիսանում է տնօրեն, թե որքան գումար է վաստակում, ոնց է վաստակում՝ ես դրանով, կոռեկտ չէ, որ հետաքրքրվեմ։ Որևէ կապ չունի պետական մարմինների հետ, որքանով ինձ հայտնի է պետական տենդեռների երբևիցե չի մասնակցել, ես լսած կլինեի։ Լրիվ մասնավոր ոլորտ է, որը կապ չունի որևէ պետական ծառայության հետ։
Պարզվեց նաև, որ Սասուն Խաչատրյանը վարում է կնոջ եղբոր մեքենան։
«Վերջին երեք տարվա ընթացքում օգտվել եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից, որը շատ հազվադեպ եմ վարում, ի դեպ, նա մի քանի մեքենա ունի, բավականին ապահովված տղա է։ Ես շատ քիչ եմ մեքենա վարում, որովհետև ունեմ ծառայողական ավտոմեքենա, առավոտից մինչև ուշ գիշեր ես հիմնականում աշխատավայրում եմ։ Եթե ավտոմեքենա վարելու անհրաժեշտություն է լինում՝ խնդրում եմ, տրամադրում է, վարում եմ և փորձում եմ չխախտել կանոնները»,-ասաց նա։
Սասուն Խաչատրյանը նաև մանրամասնեց, որ ավտոմեքենան Porsche մակնիշի է, 2011 կամ 2012 թվականի արտադրության, որը շահագործում է 2019 կամ 2020 թվականից․ «Դրա շուկայական արժեքը, եթե չեմ սխալվում՝ 10 միլիոն դրամ է»։ Նրա խոսքով՝ մեքենայի ձեռք բերելուց հետո այն շահագործվել է մի քանի անձի, այդ թվում՝ իր կողմից և մշտապես իր տրամադրության տակ չի լինում։ «Հաճախ, երբ ես արձակուրդում եմ լինում կամ այլ տեղեր պետք է գնամ՝ լինում է իմ տրամադրության տակ, որովհետև, ինչպես նշեցի՝ նա ունի մի քանի ավտոմեքենա, նման խնդիր չունի»,-ասաց Սասուն Խաչատրյանը։
Նա նորից նշեց, որ մեքենայի արժեքը մոտ 10 միլիոն դրամ է՝ շուրջ 20 հազար դոլար․ «Ես կարող եմ ինձ թույլ տալ նման մեքենա ձեռք բերել, պարզապես ինձ պետք չէ հիմա մեքենա, որովհետև ես հիմնականում չեմ վարում»։
Այսպիսով, Սասուն Խաչատրյանի հետ ունեցած հարցուպատասխանի արդյունքում առաջ են գալիս վերջինիս գույքի և եկամուտների (այդ թվում նրա կողմից փաստացի տիրապետվող/օգտագործվող) վերաբերյալ ողջամիտ կասկածներ։ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փուլ է հանդիսանում նաև բարեվարքության ուսումնասիրության փուլը, որի ընթացքում Մրցութային խորհուրդը փաստաթղթղերի ուսումնասիրության փուլի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում փաստաթղթերի ուսումնասիրության փուլը հաղթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։
(*Վերջին նախադասությունը փոփոխվել է 29․09․21, 10։05 դրությամբ, նախկինում նշված է եղել՝ «թեստավորման փուլ»՝ փաստաթղթերի ստուգման փոխարեն և «մեկամսյա ժամկետ»՝ քսանօրյա ժամկետի փոխարեն)։
Փաստացի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կատարել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ ուսումնասիրություն` պարզելու թեկնածուի փոխկապակցվածությունը և նրա կողմից փաստացի օգտագործվող գույքը։
Ավելին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն է տալիս առկա կասկածները փարատելու նպատակով հայտարարատու պաշտոնատար անձի հետ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, որին սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը, պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր, եթե վերը նշված կասկածները կարող են փարատվել իրավիճակային հայտարարագրով ներկայացնելու ենթակա տվյալների վերլուծությամբ: Նշենք, որ Տիգրան Գևորգյանը՝ Սասուն Խաչատրյանի կնոջ եղբյարը, ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի հանդիսանում է խնամիությամբ կապված անձ։
Ընդ որում, հիշեցնենք, որ Սասուն Խաչատրյանը նախքան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելը, զբաղեցրել է մեկ այլ բարձրաստիճան պաշտոն՝ Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը, և հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ։ Հետևապես, այս տեղեկությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է նախապես պարզած լիներ։ Ամեն դեպքում, որևէ բաց աղբյուր, այդ թվում ուղիղ եթերում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի ընտրության համար անցկացվող մրցույթում նման տեղեկություններ չեն ներկայացվել։
Բացի վերը նշվածը, Սասուն Խաչատրյանի կենսագրության մեջ գրված է, որ վերջինս տիրապետում է հայերենի, ռուսերենի և անգելերենի, սակայն վերջինս ականջակալով էր լսում անգլախոս միջազգային փորձագետին։ Այսինքն, թեկնածուի համար ապահովվում էր անգլերեն լեզվի թարգմանություն, որից ենթադրվում է, որ թեկնածուն բավականաչափ չի տիրապետում անգլերեն լեզվին, և հնարավոր է, որ կենսագրությամբ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե, օրենքի իմպերատիվ պահանջից ելնելով՝ հնարավոր է, որ թեկնածուն օտար լեզվի տիրապետումը հավաստելու նպատակով թեսթ հանձնել է ռուսերենից կամ ֆրանսերենից, ուստի հարց է առաջանում, արդյո՞ք թեկնածուն այլ օտար լեզվի տիրապետում է նույն մակարդակով, ինչպես որ անգլերենի։
Հետաքրքրական է, որ Սասուն Խաչատրյանը 2000-2016, 2017-18 թվականներին աշխատել է դատախազությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Նույն ժամանակահատվածում դատախազությունում է աշխատել նաև Աղվան Հովսեփյանը, ավելին՝ 1998 -1999թթ. եղել է ՀՀ գլխավոր դատախազը, 1999-2004 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, 2004-2013 թվականներին նորից՝ գլխավոր դատախազը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է։ Հատուկ քննչական ծառայությունից (որի ղեկավարն այդ ժամանակ Սասուն Խաչատրյանն էր) ավելի վաղ հայտնել էին, որ Աղվան Հովսեփյանը, 2004թ․ մարտի 18-ից մինչև 2013թ․ սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014թ․ հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՔԿ նախագահի պաշտոնները, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, բացի այդ ստացել է 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Գառնիկ Թորոսյանը՝ ի պատասխան Մրցութային խորհրդի անդամների հարցերին, նշեց, որ իր գնահտամամբ վերջին 30 տարիներին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար չի եղել․ ««Չի եղել» կատեգորիկ ասացի, բայց այն բարքերը, այն արարքները, որոնք մարդիկ կատարել են տարիներ ի վեր և դրա համար մնացել են անպատասխան, այս կտրվածքով, այս լույսի ներքո կասեմ, որ չի եղել»։
Պարզ դարձավ նաև, որ նա չի ներկայացրել իր կնոջ և դստեր ստացված եկամուտները՝ վերջին 3 տարում։ Թեկնածուն նշեց, որ միգուցե վրիպել է, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից իրեն տարբեր հարցադրումներ են արել, բայց այդ մասին ոչինչ չեն ասել։ Սակայն Մրցութային խորհուրդը բացատրեց, որ այդ մասով չէին կարող հարց ուղղել իրեն, քանի որ եթե չի ներկայացվել այդ տվյալը՝ ենթադրվում է, որ եկամուտ չի եղել։ Այնուհետև նա բանավոր կերպով ներկայացրեց նրանց աշխատավայրերի մասին տեղեկություն։
Մրցութային խորհուրդը հստակեցրեց նաև, որ փաստորեն Գառնիկ Թորոսյանի եկամուտը վերջին 3 տարում կազմել է մոտավորապես 3,8 միլիոն դրամ, որը ստացվել է ոստիկանության թոշակից և մոտ 445 հազար դրամ, որն էլ ստացվել է փաստաբանական գործունեությունից, սակայն նա հայտարարագրել է 3 միլիոն դրամ գումար՝ նշելով, որ այն ստացվել է հաճախորդներից։ Գառնիկ Թորոսյանը հավելեց, որ ԿԿՀ-ի հետ բոլոր հարցերը պարզաբանվել են։
Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք հաճախ է վարում իր կնոջ մեքենան՝ նշեց՝ պատահում է։ Նա նաև հստակ չնշեց, որ երբևէ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տույժի ենթարկվել է, թե՝ ոչ։
«Այնպիսի մարդ կա՞ Հայաստանում, որ ճանապարհային երթևեկության կանոնները 100 տոկոսով գիտի»,-ասաց նա՝ հավելելով, որ ՃՈ որոշումները ստացվում են կնոջ անունով, քանի որ մեքենան սեփականության իրավունքով նրան է պատկանում։
Թեկնածուներից Դավիթ Մկրտումյանին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին նրա նախկին աշխատավայրին՝ Կենտրոնական բանկում ունեցած աշխատանքային փորձին։ Պարզ դարձավ, որ նա շուրջ 6 տարի անց աշխատանքից ազատվել է գործատուի նախաձեռնությամբ։
«Քանի որ այդ գործը գտնվում է դատավարական փուլում, միգուցե շատ մանրամասներ չկարողանամ ներկայացնել»,-ասաց Դավիթ Մկրտումյանը։ Նա նաև նշեց, որ շուրջ 7-8 տարվա աշխատանքային գործունեության բնութագրերը դրական են գնահատվել, և միայն 2019 թվականի աշխատանքի գնահատականն է գնահատվել ոչ բավարար։
————————
Մրցութային խորհրդի նախագահ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը հայտնեց․ «Գնահատման 3 հիմնական պահանջ կա՝ անձնական տվյալներ, բարեվարքության մասնագիտական գիտելիք և պատրաստվածություն: Յուրաքանչյուր պահանջ ունի չափանիշներ և գնահատվում է ըստ չափանիշի: Առավելագույնը 100 միավոր է, որ կարող է ստանալ մեկ թեկնածուն՝ մեկ խորհրդի անդամի կողմից: Կա անցողիկ շեմ, այն կազմում է ընդհանուր միավորների 50 տոկոսը, և բարեվարքության նկատմամբ ավելի խիստ է պահանջը դրված խորհրդի կողմից: 60 տոկոս կազմում է բարեվարքության անցողիկ շեմը»։
Ըստ մրցութային խորհրդի կողմից հրապարակված արդյունքների՝ թեկնածուները հավաքել էին․
- Սասուն Խաչատրյան – 308 միավոր, որից 115-ը՝ բարեվարքության համար,
- Դավիթ Մկրտումյան – 257 միավոր, որից 121-ը՝ բարեվարքության համար,
- Գառնիկ Թորոսյան – 202 միավոր, որից 107-ը՝ բարեվարքության համար։
Երեք թեկնածուներն էլ հաղթահարել էին անցողիկ շեմը։ Հիշեցնենք, որ մրցութային խորհուրդը մինչև ընտրության պահը գործեց ոչ ամբողջական կազմով․ նախատեսված յոթ հոգանոց կազմից որոշումը կայացրել էին չորսը։
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն՝ թեկնածուների ցանկը կազմելուց հետո՝ երկու օրվա ընթացքում, Խորհուրդը Կառավարություն է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ միաժամանակ այն հրապարակելով հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում (www.azdarar.am) և Աշխատակազմի պաշտոնական ինտերնետային կայքէջում։
Կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում Խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում։ Ինչն էլ եղավ, և երեք թեկնածուներից կառավարությունն ընտրեց Սասուն Խաչատրյանին։
Եզրահանգում
Արդյունքում փաստարկվեց այն մտավախությունը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության նպատակով ձևավորված մրցութային խոհուրդը շղարշային էր, որի միջոցով էլ զուտ ապահովվեց Մրցութային խորհուրդ ունենալու և այդ խորհրդի միջոցով թեկնածու ընտրելու օրենքի ձևական պահանջի կատարումը, ինչի վերջնանպատակը կառավարության նախընտրած թեկնածուի նշանակումն էր։ Իսկ այս մտավախության մասին ավելի վաղ հայտնել էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը իր հունիսի 9-ին հրապարակած դատապարտող հայտարարությամբ։