Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի ընտրության համար կազմվող մրցութային խորհրդում ԱԺ խորհրդի կողմից Հերիքնազ Տիգրանյանի նշանակումն անօրինական է

Ինչպես արդեն հայտնի է ներկայումս Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե։

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածով սահմանված է Մրցութային խորհրդի ձևավորումը և գործառույթները։ Օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ։

Խորհուրդը ձևավորվում է

  1. Կառավարության,
  2. Ազգային ժողովի խորհրդի,
  3. Բարձրագույն դատական խորհրդի,
  4. Գլխավոր դատախազի,
  5. Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և
  6. քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:

Հունիսի 29-ին Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է անցկացրել, որի ընթացքում 3 հարց է քննարկվել։ Դրանցից մեկը ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծն է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին։

Նշենք, որ Ազգային ժողովի խորհրդի կազմում 17 անդամ կա։

ԱԺ խորհրդի քվեարկության 11 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների համամասնությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Հերիքնազ Տիգրանյանը։ 

Հերիքնազ Տիգրանյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, նա ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է, այլ ոչ՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի։

Հերիքնազ Տիգրանյանի նշանակումը՝ որպես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ անօրինական է․ քանի որ

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետում նշվում է․

«Խորհրդի անդամ, բացառությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի, կարող է նշանակվել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճան ունեցող, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, բարձր մասնագիտական և բարոյական հատկանիշներ ունեցող, կուսակցական պատկանելիություն չունեցող յուրաքանչյուր ոք, որն ունի քրեական մասնագիտացման դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննիչի, օպերլիազորի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ»:

Պարզվում է, որ Հերիքնազ Տիգրանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Սա երևում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող, թիվ 3 քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների ցուցակը ստուգելիս, որտեղ Հերիքնազ Տիգրանյանի անվան դիմաց նշված է «Քաղաքացիական պայմանագիր»։

Հարկ է նշել, որ ցուցակում կան նաև անկուսակցական թեկնածուներ, որոնց անվան դիմաց հենց այդպես էլ նշված է՝ անկուսակցական։ Սա կարող եք տեսնել ներկայացված տեսանյութում․

Սա հակասում է Ջակարտայի հայտնի սկզբունքներին, որի համաձայն հակակոռուպցիոն կառույցների ղեկավարները պետք է նշանակվեն մի գործընթացի միջոցով, որն ապահովում է նրանց ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը: 

Բացի այս, նա նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախկին աշխատակից է, ներկայումս նույն կազմակերպության անդամ է։

Հիշեցնենք նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխկապակցվածությունը կառավարության հետ։ 

Հերիքնազ Տիգրանյանը նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար կազմված մրցութային խորհրդի անդամ է, որի կազմում ընդգրկված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանն, ով ևս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի անդամ է և պետական պաշտոններ ստանալուց առաջ նաև աշխատել են այդ կենտրոնում։

Iravaban.net-ը կապ հաստատեց ԱԺ խորհրդի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն (քարտուղար) Արման Աբովյանի հետ, ով հայտնեց, որ այդ նիստին ներկա չի եղել, որքանով տեղյակ է՝ ներկա չեն եղել նաև խմբացկության անդամներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը։ Նա նաև տեղյակ չէր, թե ինչ հարց/եր են քննարկվել այդ օրը։ 

Ի պատասխան մեր այն հարցին, թե արդյո՞ք գիտեին այդ նախագծի մասին՝ Արման Աբովյանը նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագծին են ծանոթ եղել դեռ 2020 թվականի պատերազմից առաջ։ «Մինչ պատերազմը քննարկումներ էին գնում, թե ինչ համակարգ պետք է գործեր, բայց պատերազմի սկսվելուց հետո այդ հարցի շուրջ քննարկումներ չեն եղել»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է հենց Հերիքնազ Տիգրանյանի նշանակման հարցին, պատգամավորը նշեց․ «Նախընտրական շրջան էր, քննարկում չենք ունեցել»։

Այսպիսով, այս որոշումը հակասում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքին, ինչից ելնելով էլ ԱԺ խորհրդի 2021 թ. հունիսի 29-ի ԱԺԽՈ-041-Ա որոշումը պետք է անվավեր ճանաչվի։

Հարկ է նշել, որ պատկան մարմինները պետք է քննեն այս հարցը՝ պարզելու, թե ԱԺ խորհրդի կողմից Հերիքնազ Տիգրանյանի նշանակումը անփութության, թե դիտավորության հետևանք է։ 

Նշենք, որ նմանատիպ մոտեցում դրսևորվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի կազմում անդամների ընգրկման հետ կապված, ինչի վերաբերյալ Իրավաբան.net-ը ծավալուն հետաքննություն է հրապարակել։ Փաստերի համադրումից հանգում ենք այն եզրակացության, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը անձնական և նեղ խմբային շահերից ելնելով է համակարգել հակակոռուպցիոն պայքարի ոլորտը։

Հավելենք, որ Իրավաբան.net-ը նաև փորձել է կապ հաստատել Ազգային ժողովի խորհրդի մյուս ընդդիմադիր անդամների՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանի, Արակդի Խաչատրյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ։ Եթե զրույցից հետո պարզ դառնա, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս տեղյակ չի եղել, ներկա չի եղել այս նախագծի ու այնուհետև նշանակման մասին՝ կստացվի, որ սա ոչ թե Ազգային Ժողովի խորհրդի կողմից խորհրդարանի ներկայացուցչի, այլ՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից քաղաքական նշանակում է եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել