Հիմնական նպատակը եղել է դրամաշնորհ շնորհել TI-ին՝ հաշվի առնելով կապերը կառավարության հետ. Հակոբյան

Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կառավարությունը օգոստոսի 22-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից  33 միլիոն 680 հազար դրամ տրամադրել 2 հասարակական կազմակերպության:

16 միլիոն 200 հազար դրամ՝ Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին, 17 միլիոն 480 հազար դրամ՝ «Թրանսափարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին: 

«Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը ողջունում է գաղափարը, սակայն ընդգծում է այն հանգամանքը, որ առանց մրցույթի ոչ թափանցիկ ընթացակարգով է որոշումը կայացվել. «Կարծում եմ, որ հիմնական նպատակը եղել է դրամաշնորհ շնորհել  «Թրանսափարենսի ինտերնեշնլին»՝ հաշվի առնելով  կապերը կառավարության հետ, որ բազում անդամներ կառավարության կազմում են Լենա Նազարյանը, Նարեկ Բաբայանը, Արայիկ Հարությունյանը, Արմեն Գրիգորյանը: Կարծում եմ  այստեղ դեր է խաղացել ֆավորիտիզմը, և դա է պատճառը, որ հենց այդ կազմակերպությանն է տրվել նախապատվությունը»:

Փաստաբանը նշում է, որ պետք է բաց ընթացակարգով մրցույթ հայտարարվեր, պետք է հրավիրվեին համապատախան փորձ ունեցող կազմակերպություններ, և ըստ ներկայացված ծրագրի նախօրոք սահմանված  չափորոշիչների համապատախան կատարվեր ընտրությունը:

«Այն առաքելությունը, որ հիմա կիրառում են ներկայիս դիտորդական առաքելությունները, մշակել է «Իրավունքի Եվրոպա» միավորումը, և «Թրանսափարենսի ինտերնեշնլի» տնօրեն Սոնա Այվազյանը 2013 թվականին ընդամենը եկել է դիտորդի կարգավիճակով, հանդես է եկել «Իրավունքի Եվրոպայի» դիտորդ, Լենա Նազարյանը, Նարեկ Բաբայանը` նույնպես: Եթե ավելի  մեծ փորձառություն ու կարողությունն ունեցողներին անդրադառնայինք, ապա «Իրավունքի Եվրոպա» միավորումը այնտեղ դիտորդություն անելու ավելի մեծ փորձառություն ուներ»,-նշեց նա:

Լուսինե Հակոբյանը նշում է, որ կառավարության և այդ կազմակերպությունների շահերից պետք է բխեր պահանջել, որպեզի նման ընտրությունը կատարվեր հստակ չափանիշների հիման վրա՝ մրցութային ընթացակարգով:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանն Արցախում քաղաքացիական հասարակությանն աջակցելու ու ընտրական փուլում ակտիվ դիտորդական առաքելություն անցկացնելու գաղափարը ողջունում է, սակայն ՀԿ-ների ընտրությունը խնդրահարույց է համարում:

«Նպատակը լավն է, խնդիրը, որը դրված է՝ ճիշտ է, սակայն կառուցումը փնթի է, խնդրահահարույց ու կարող է լուրջ խնդիրների բերել, ու սա ընդհանուր մոտեցում է: Որևէ բան չէր խանգարում, որ մրցույթ արվեր, արդյունքում 99 տոկոով նույն կազմակերպությունները երևի թե կշահեին մրցույթը, բայց կլիներ մի նորմալ ընթացակարգ, որը հետո խոցելի չէր դարձնի նույն կառավարությանը»,-նշեց նա:

Կիրակոսյանի խոսքով՝ այսպիսի որոշումը կարող է հանգեցնել նրան, որ ընտրությունների ժամանակ, եթե խախտումներ արձանագրվեն, ապա դա դիտվելու է որպես Հայաստանի իշխանությունների դիրքորոշում:

«Մենք ունեցել ենք այդ արատավոր պրակտիկան, երբ Երիտասարդական հիմնադրամը գումարներ էր տանում, այն ժամանակ էլի իրենց գնահատականով՝ լավ գործի համար, դա սփյուռքի հետ աշխատանք էր, երիտասարդական ճամբարներ, բայց, վերջիվերջո, վերածվում է տենց փակ  ակումբային հավաքի: Կարծում եմ՝ նույն ձևի վատ պրեցիդենտ է, ոնց որ հակակոռուպցիոն մարմնի ձևավորման մասով եղավ, ու ես հույս ունեմ, որ սա կլինի վերջին այդպիսի դրևորումը»,-նշեց Արտակ Կիրակոսյանը:

 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Հանրապետության  նախագահի խորհրդական Թևան Պողոյանը նշում է, որ դեռևս ապրիլին նա տարբեր առիթներով առաջարկել է  Հայաստանում ձևավորել սուվերեն հիմնադրամ, որը 4 ուղղություններով կնպաստի Արցախում կայանալիք ընտրական գործընթացներին:  Ըստ առաջարկի պետք է՝

  • Կարգավորել լրատվամիջոցների աշխատանքը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա լրատվամիջոցների համար, 
  • Մրցութային կարգով ապահովել Հայաստանի քաղաքական կուսակցությունների, հասարակական, վերլուծական կենտրոնների մասնակցությունը Արցախի ընտրություններին,
  • Օժանդակել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի վերջինս համագործակցի Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ՝ փորձի փոխանակման համար,
  • Ապահովել դիտորդական կազմակերպությունների ներկայությունը Արցախում:

«Ի վերջո մեր ամբողջ նպատակը այն պետք է լինի, որ մենք կարողանանք ասել՝ աշխարհը գիտի, տեղեկացված է, լուսաբանված է, թե ինչպիսի մակարդակի վրա են Արցախում ազատ, արդար ընտրությունները, և Արցախն իր իշխանություններին ընտրել է, հենց իրենք պետք է ներկայացնեն այլևս Արցախին բոլոր բանակցային քննարկումների ժամանակ, բայց դրա համար ունենք մեկ խնդիր, կապ չունի ով է ինչ է, բայց եթե «յան» ազգանունով վստահություն Արցախի համար չի ներշնչելու, ասելու են՝ դե, ձեր հայերն են, գնացել են, արել են»,-նշեց Թևան Պողոսյանը :

Թևան Պողոսյանի խոսքով մրցութային կարգը առաջինը պետք էր Հայատանին:

Իրավաբան.net-ը փորձեց զրուցել «Թրանսափարենսի ինտերնեշնլի»  ներկայացուցիչների հետ, սակայն վերջիններս նշեցին, որ ծանրաբեռնված են Արցախում ընտրություններին վերաբերող հարցերով, «որոշներն էլ Արցախի ճանապարհին են», իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը թեև երկրում չէր, բայց հեռախոսազանգով պատասխանեց մեր հարցերին:

«Առաջարկությունը կամ մտահաղացումը ավելի շուտ մեր կողմից է եղել, թեև կային տարբեր խմբեր, որ ավելի շուտ էին այդ հարցի լոբիզմով զբաղվում: Ամեն դեպքում, երբ որ քննարկումներով գործադիրում հանգեցին այն տարբերակին, որ սա պետք է արվի, արդեն ուշ էր, պարզապես ուշ էր, և գործադիրը ուներ երկընտրանք անել այսպես կամ ընդհանրապես չանել: Ընտրությունները սեպտեմբերի 8-ին են, կառավարությունը որոշումը կայացրեց օգոստոսի 22-ին, դրա հաջորդ շաբաթ նոր գումարը փոխանցվեց, այնինչ հավատարմագրման վերջնաժամկետը Արցախի ԿԸՀ-ի օգոստոսի 20-ին էր, դե հիմա պատկերացրեք, եթե մրցույթով լիներ, ուղղակի չէր լինի»,-նշեց նա:

Իոաննիսյանը ընդգծեց, որ  Արցախում նման դիտորդական առաքելություն իրականացնելու և փորձով կիսվելու անհրաժեշտությունը մեծ էր և  լավ կլիներ, որ նաև մրցույթը հաստատեր, թե որ կազմակերպությունները պետք է մասնակցեն: Ըստ Իոաննիսյանի այս հարցում կոմպետենտ կազմակերպությունները երեքն են. «Դա մենք ենք, «Թրանսփարենսի ինտերնեշնլին», և Հելիսնկյան Վանաձորի գրասենյակը: Երեքից երկուսը ստացել են, երրորդը, ի դեմս Վանաձորի Հելսինկյանի,  չի էլ դիմել, իրենք հետաքրքրված չեն էլ եղել, եթե լիներ մրցույթ պարզապե չէր լինի էս ամեն ինչը»:

 

Նշենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեցին, որ ցանկություն չունեն այս թեմայով մեկնաբանություն տալ:

 

Իրավաբան.net-ը թեմայի վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն և սպասում է պատասխանի: Արդյունքների վերաբերյալ կհայտնենք ավելի ուշ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել