«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Իրավաբան.net-ը հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ եկեղեցու դիրքորոշման մասին խոսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։
– Տեր Եսայի, դեռևս հին ժամանակներից տարածված է եղել հղիության արհեստական ընդհատումը։ Իսկ մեր օրերում տարածվածության ցուցանիշը զգալի աճել է։ Ըստ Ձեզ՝ Հայաստանում որո՞նք են հղիության արհեստական ընդհատման հիմնական պատճառները։
– Առաջին հերթին, որին մենք առնչվում ենք և տեսնում մեր հասարակության մեջ, առաջին և մտահոգող պատճառներից մեկը սոցիալական խնդիրն է։ Սոցիալական խնդիր ասելով՝ նկատի ունեմ առաջին հերթին տղամարդու դերի նվազումը ընտանիքում․ հիմնական պատճառը սա է։ Թեև այսօր շատերն են խոսում սելեկտիվ աբորտների մասին, բայց այսօր այդ խնդիրը շատ ավելի է նվազել՝ համեմատած 5-10 տարի առաջ ունեցած մեր պատկերի։ Նույնիսկ եկեղեցում է ակնհայտ երևում, որ շատ զույգեր, երբ ամուսանանում են, եթե նախկինում հաճախ էինք լսում, որ պետք է անպայման տղա լինի առաջին երեխան, կամ եթե առաջինն աղջիկ է՝ երկրորդն անպայման տղա պետք է լինի ու դրանով պայմանավորված՝ գնում էին հղիության արհեստական ընդհատման, այսօր մենք գրեթե չենք լսում նման բան ու քիչ ենք առնչվում նման խնդրի։ Հիմնական պատճառը տղամարդու դերի նվազումն է մեր ընտանիքներում։
– Եկեղեցու դիրքորոշումը ո՞րն է այս հարցում։
– Եկեղեցին, միանշանակ, հորդորում և կոչ է անում, որ երբևէ չգնալ հղիության արհեստական ընդհատման, որովհետև դա և՛ հոգևոր, և՛ բարոյական առումով մեծագույն աղետ է մեր հասարակության համար։
-Օրենքը թույլ է տալիս մինչև 12 շաբաթական հղիությունն ընդհատել։ Եկեղեցին ևս կո՞ղմ է սրան։
– Մի բան է օրենքի պահանջը, բայց եկեղեցու մոտեցումը շատ հստակ է՝ հղիության առաջին իսկ վայրկյանից արհեստական ընդհատումը դատապարտելի է, և դա մեղք է։
– Հղիության արհեստական ընդհատման բոլոր ձևերն ու հանգամանքները կատեգորիկ մերժելի՞ են եկեղեցու կողմից։ Կա՞ն դեպքեր, երբ եկեղեցին դեմ չէ հղիության արհեստական ընդհատմանը։
– Ընդունելու-չընդունելու հարցը չէ։ Կան դեպքեր, երբ եկեղեցին հասկանում է, որ այլ տարբերակ չկա և դա մեղք չի համարում։ Օրինակ՝ երբ կյանքին վտանգ է սպառնում։ Երբ հարցը դրված է այնպես, որ պտուղը չի ապրի և հղիության շարունակության դեպքում նաև կվտանգի ծնողի կյանքը, միանշանակ, այստեղ եկեղեցին որևէ արգելք կամ սահմանափակում չի դնում։ Հոգևոր առումով այդտեղ մեղքի հանգամանք չկա։ Բայց ուրիշ հարց է, որբ պտուղը լինում է կամ բժիշկները կանխատեսում են, որ պտուղը կլինի հիվանդ, թերհաս, և դրանից ելնելով՝ ծնողները որոշում են գնալ հղիության արհեստական ընդհատման, սա միանշանակ դատապարտելի է, սա էլ մեղք է։
– Հղիության ապօրինի ընդհատում կատարելու ժամանակ օրենքը պատժում է միայն բժշկին։ Իսկ եկեղեցի՞ն։
– Ըստ քրիստոնեության և բարոյականության՝ մեղքը երկուստեք է։
– Հակաբեղմնավորիչներն այլընտրանք և կանխարգելիչ միջոց կարո՞ղ են հանդիսանալ։ Եկեղեցին ի՞նչ դիրքորոշում ունի հակաբեղմնավորիչների օգտագործման հետ կապված։
– Եկեղեցին այստեղ հստակ, կոնկրետ դիրքորոշում չունի։ Չունի ոչ թե նրա համար, որ չի կարող ունենալ, այլ սա այն հարցն է, որ տարբեր հարթություններ կան, թե որ դեպքում ինչպես վարվել, և որքանո՞վ ավելի մեղք է և որքանո՞վ ավելի ընդունելի է կամ՝ ոչ այդքան։ Եկեղեցին սա թողնում է յուրաքանչյուր մարդու քրիստոնեական գիտակցությանը և բարոյականությանը։ Այսինքն՝ եկեղեցին ամեն հարցին չէ, որ անդրադառնում է և փորձում հստակ ասել՝ սա կարելի է, սա չի կարելի։ Կան նեղ անձնային որոշակի դրսևորումներ, որոնք յուրաքանչյուր մարդու խղճին և բարոյականությանն է թողնված։ Այստեղ շատ կարևոր է, որ մարդը կազմում է ընտանիք և ունի այն գիտակցությունը, որ ընտանիքի նպատակներից մեկը նաև որդեծնությունն է, ուրեմն մարդու գիտակցության մեջ ամրագրված է, որ հակաբեղմնավորիչները միշտ չէ, որ արդարացված են։
– Եվ վերջում, ամփոփելով զրույցը, խոսենք այն մասին, թե եկեղեցին ի՞նչ անելիք ունի այս հարցում և եկեղեցու դիրքորոշումը՝ կապված աբորտի հետ, արդյո՞ք դրականորեն ազդում է աբորտների թվի նվազմանը։
– Եկեղեցու գործունեությունը՝ և՛ քարոզչությունը, և՛ տարբեր ծրագրերը, որ մենք իրականացնում ենք, հատուկ նպատակ է դրված, որ անենք ամեն բան, որ մարդիկ չգնան այս քայլին։ Ունենք հատուկ մշակված ծրագրեր՝ ընտանիքում տղամարդու դերի բարձրացման և ճիշտ դերաբաշխման՝ կինը ի՞նչ դեր ունի, տղամարդն ի՞նչ դեր ունի, ծնողներն ի՞նչ դեր ունեն, բարեկամներն ի՞նչ դեր ունեն։ Երբ այդ դերաբաշխումը ճիշտ է արված ընտանիքում, մենք հղիության արհեստական ընդհատման հետ կապված շատ ավելի բարվոք վիճակ կունենանք։ Սելեկտիվ աբորտների հետ կապված կարծում եմ, որ վերջին տարիներին եկեղեցին բավականին մեծ գործ արեց։ Մենք դեռ կշարունակենք, այնպես չի, որ այս հարցը փակված է, ասելը, որ քչացել է՝ համեմատած այս կամ այն տարվա, դա չի նշանակում, որ մենք կարող ենք այսպես հանգիստ ասել, որ այս հարցը փակված է։ Մենք էլի անելիքներ ունենք՝ մարդկանց գիտակցությանը հասցնելու, որ մեծագույն սխալ է և՛ սելեկտիվ աբորտների գնալը և առհասարակ, այս երևույթը։ Այս հարցին առնչվող հստակ, կոնկրետ ծրագրեր ունենք մշակած, որը վերջին տարիներին անում ենք։